HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն այցելել է Արմավիրի մարզ

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզ այցի ընթացքում եղավ Մաստարայի ջրամբարի կառուցման վայրում` Մյասնիկյան համայնքի տարածքում:

Գյուղատնտեսության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների, Արմավիրի մարզպետի հետ տեղում քննարկվեցին ապագա ջրամբարի տեղանքի վերջնական ընտրության, ջրածածկ տարածքի հետ կապված հարցեր:  Ջրամբարը նախատեսվում է  կառուցել Մաստարա գետի վրա, որը կուտակելու է Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթն ամբողջացնել` «Քուվեյթ» հիմնադրամին ներկայացնելու համար, ինչպես նաեւ աշխատել քուվեյթցի գործընկերների հետ`անհրաժեշտության դեպքում ընթացիկ տեղեկատվություն տրամադրելու համար:  

Նշենք, որ փոխվարչապետի` օրերս Քուվեյթի Պետության կատարած այցի ընթացքում «Քուվեյթ» հիմնադրամը հետաքրքրվածություն էր ցուցաբերել ջրամբարի կառուցման նախագծի նկատմամբ եւ պատրաստակամություն հայտնել ֆինանսավորման հարցը  քննարկել հիմնադրամի խորհրդում:

Գյուղատնտեսության  նախարարության ներկայացուցիչները  փոխվարչապետին զեկուցեցին  նաեւ մարզի Խանջյան, Մայիսյան, Ակնաշեն եւ Փշատավան համայնքների տարածքներում հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառուցվածքների ամրացման աշխատանքների ընթացքի մասին: ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ`  հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:

Խանջյան, Մայիսյան  համայնքների տարածքում կատարվում են հեղեղատարների հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքներ,  Ակնաշենում ամրացվում է Մեծամոր գետի ափը, իսկ Փշատավանում` Արաքս գետի ափապաշտպան կառույցները:

Զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն նախատեսվածից ավելի շուտ` հաշվի առնելով գարնանային հեղեղումների վտանգը: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հանձնարարեց ընտրված հատվածներում անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել այնպես, որ առկա խնդիրները լուծվեն ամբողջությամբ: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter