
Դատավոր Արայիկ Մելքումյանը վճիռը չի տրամադրում
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը մարտի 18-ին հրապարակած վճիռը առ այսօր չի տրամադրել Գագիկ Ծառուկյանի դեմ գործով հայցվոր կողմին:
Հիշեցնենք, որ գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերը վիճարկում էր իր սեփականության իրավունքը` կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում ունեցած իր բաժնետոմսերի և համախմբման արդյունքում դրանց արժեզրկման հետ:
Մարտի 18-ին դատավոր Մելքումյանը հրապարակել էր Ստեֆան Լաքսհուբերի հայցով դատական ակտի եզրափակիչ դրութը, սակայն չէր տրամադրել այն կողմին` խոստանալով հաջորդ օրը տրամադրել: Դրանից առաջ 4 անգամ դատավորը հետաձգել էր վճռի հրապարակումը` վերսկսելով դատաքննությունը:
Երեկ փորձեցինք դատավորի գրասենյակից ճշտել, թե ինչու մինչ օրս կողմին վճիռը չի տրամադրվել և չի հրապարակվել datalex.am-ում: Գրասենյակից պատասխանեցին, որ վճռի հրապարակման հաջորդ օրը` մարտի 19-ին, այն ուղարկվել է կողմերին, իսկ այսօր` կեսօրից հետո, վճիռը կտեղադրվի նաև datalex.am-ում:
«Իստինվեստորի» ներկայացուցիչ Դավիթ Դանելյանը «Հետքին» հայտնեց, որ իրենք մինչ այս պահը վճիռը չեն ստացել, մինչդեռ սովորաբար երևանյան դատարաններից վճիռները ստանում են 1 կամ 2 օրվա ընթացքում: Փաստաբանը Արայիկ Մելքումյանին դիմում-բողոք է գրել` նշելով, որ դատավորը վճիռը չտրամադրելով և ձգձգելով` խոչընդոտում է կողմի բողոքարկման իրավունքը, ինչի համար մեկամսյա ժամկետ է սահմանված: Սակայն արդեն 8-րդ օրն է` իրենք վճիռը չեն ստացել, որպեսզի ծանոթանան և պատշաճ վերաքննիչ բողոք գրեն: Փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անձամբ գնալ և վերցնել վճիռը, ինչին դատավորի գրասենյակից պատասխանել են, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանզի վճիռն արդեն իսկ փոստով ուղարկված է:
Մինչ այս պահը վճիռը հրապարակված չէ նաև datalex.am-ում:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել