
Գյումրեցիները Արթուր Ալեքսանյանից սպասում են օլիմպիական ոսկի
Գյումրեցի 21-ամյա Արթուր Ալեքսանյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, 96 կգ քաշային կարգում, երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
1/16-րդ եզրափակիչում, հաղթելով Շվեդիայի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, եզրափակչում նա մրցագորգ ելավ Բուլղարիայի ներկայացուցիչ Մետոդիեւի հետ: Երկու մրցափուլերում վաստակելով 6 միավոր՝ Արթուր Ալեքսանյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հայրենի քաղաքում Արթուրի հաղթանակն ընդունեցին մեծ ոգեւորությամբ: Այսօր կապուտաչյա մարզիկին հյուրընկալեցին եւ շնորհավորեցին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Ես հույս ունեմ, որ քո տարիքը, քո ուժը կներեն, որ հաջորդ անգամ մասնակցես ու հաղթես Օլիմպիական խաղերում,- նկատեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը,- քո հզորությունը դա թույլ է տալիս, եւ չմոռանանք, որ Շիրակ աշխարհն է քո թիկունքին»:
Արթուրը, խոսելով մրցապայքարի մասին, նշեց, որ խնդիրներ է ունեցել վրացի մարզիկի հետ մրցելիս: Ունեցել է երեք բարդ գոտեմարտ, սակայն Վրաստանի ներկայացուցչի հետ մրցապայքարում առկա է եղեկ մրցավարների կողմնակալ վերաբերմունքը:
«Չնայած դրան՝ նրանց չհաջողվեց ինձ խանգարել ու ես հաղթեցի»,- Արթուրը ժպտաց, հետո ավելացրեց, որ պարապում է սեպտեմբերին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, իսկ երազանքը օլիպիական չեմպիոնի տիտղոսն է: Հրաժեշտից առաջ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նվերներ հանձնեց Արթուրին եւ նրա մարզիչին՝ Գեւորգ Ալեքսանյանին:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, շնորհավորելով մարզիկին, հայտարարեց, որ նրանից սպասում են օլիմպիական ոսկի:
«Ես մասնագետ չեմ, բայց էդ ընթացքում մի բան հասկացա, որ ամենաուժեղ մրցակիցների հետ ինքը մրցեց եւ նույնիսկ վրացու հետ կապված խնդիրներ ունեցավ, բայց կարողացավ մաքուր հաղթանակ տանել բոլորի նկատմամբ: Մենք շնորհավորում ենք քեզ, պարծենում ենք քեզնով, ու Աստված տա, որ էսպիսի հաղթանակներ մենք ունենաք ավելի շատ»,- մաղթեց Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետը նշեց, որ առաջիկայում «Սպորտ-սիթի» է կառուցվելու Գյումրիում, լուրջ ներդրումներ են լինելու, եւ իրենք գյումրեցիների սպորտային ներուժն էլ առավել զարգացնելու ծրագրեր են մշակում:
«Ես գիտեմ, որ անցած առաջնությունում, երբ հաղթանակ էիր տարել, քեզ քաղաքային իշխանությունները տեղ էին տվել, որ ինչ-որ փոքր տաղավար դնեիր, բայց մենք էդպիսի նվեր չենք առաջարկում քեզ, քանի որ տաղավարների տեղադրումն ընդհանրապես բացառելու ենք քաղաքում, մենք քեզ հողակտոր ենք նվիրելու»,-հայտարարեց քաղաքապետը:
Քաղաքի կենտրոնում 180 քմ տարածքի համար գումարն անձամբ մուծելու է Սամվել Բալասանյանը: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկա ավագանու նիստով հողակտորի օտարումը կհաստատվի, եւ Ալեքսանյանները կարող են այն տնօրինել:
Արթուրի հայրը, որ նաեւ նրա մարզիչն է, շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի ու նվերների համար, անդրադարձավ այն մեծ աջակցությանը, որ ստացել են Թբլիսիի հայ համայնքի եւ ընդհանրապես հայ մարզասերների կողմից:
«Դահլիճում էնքան հայ կար, էնքան ջերմ էին աջակցում, որ զգում էիր՝ թիկունքդ դատարկ չէ, դու մենակ չես ու երկրպագուների էդ բանակի առկայությունը շատ ոգեւորող էր: Իմ ու Արթուրի կողմից խոստանում եմ, որ այսուհետ պայքարելու ենք միայն առաջին տեղերի համար»,- խոստացավ Գեւորգ Ալեքսանյանը:
Մեկնաբանել