Հայաստանում ականազերծման աշխատանքներին համակարգային ընթացք է տրվելու
Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել քննարկում` նվիրված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի համագործակցությամբ 2012թ. սեպտեմբերից Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացված և իրականացվելիք հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ-տեխնիկական, տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին:
Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, համապատասխան մարզերի մարզպետներ, համայնքապետեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ խորհրդի նախագահ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ հումանիտար ականազերծման բնագավառում ոչ տեխնիկական հետազոտության 2013թ. մայիս ամսին ավարտվող աշխատանքներին կհաջորդեն ականազերծման աշխատանքները:
Հետազոտությունների անցկացմանը զուգընթաց վերագործարկվելու է ականազերծման գործընթացների տեղեկատվական կառավարական բազան. «ՀՀ տարածքի համապարփակ ականազերծման համար գերակա խնդիր է միջազգային փորձի ուսումնասիրումը, ականազերծման ազգային ծրագրի մշակումն ու ընդունումը և դրա հետևողական իրագործումը: Ոչ տեխնիկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո ականազերծման կենտրոնը հնարավորության կունենա մշակել և ՀՀ կառավարությանը ներակայացնել ճշգրիտ տեղեկատվության վրա հիմնված ականազերծման ծրագրի նախագիծ, որն ընդունվելուց հետո հետամուտ կլինի դրա իրագործմանը»,- ասել է ՀԱՓԿ խորհրդի նախագահը:
Ելույթներով հանդես են եկել նաև Շվեցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) ծրագրերի իրականացման ղեկավար Վալերի Ֆաբբրոնին, հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յ.Օդանդաալը՝ քննարկման մասնակիցներին ներկայացնելով 2012թ. հոկտեմբեր - 2013թ. մարտ ժամանակահատվածում հիմնադրամի կողմից ՀՀ մարզերում իրականացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքների մասին վերլուծությունը, գնահատումը, ինչպես նաև անկախ փորձագետների առաջարկները:
Սեյրան Օհանյանը, ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է. «1994թ.-ից հետո ականազերծման ծավալուն աշխատանքներ են կատարվել: Այսօր եկել է ժամանակը, որ մենք այդ ամենին տանք համակարգային ընթացք: ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով բավականին լուրջ աշխատանք է կատարվել անվտանգության ապահովության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նախկինում կատարված աշխատանքների ընթացքում եղել են նաև թերացումներ, որոնք այլևս պետք է բացառվեն, որովհետև գործ ունենք խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հետ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել