
Երբ բիզնես շահերը գերակա են ռազմավարական բնակավայրի ու սրբությունների հանդեպ (վիդեո)
Քաջարանցի 80-ամյա Արաքսյա տատը միայնակ է ապրում. երկու աղջիկներն ամուսնացած են, տղաներից մեկն ապրում է Կապանում, մյուսը` Ռուսաստանում, երրորդ որդին էլ, ինչպես եւ ամուսինը, մահացել է:
Նրանք թաղված են գյուղի գերեզմանոցում, որից ոչ շատ հեռու այսօր երկրաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվում: Կառավարությունն ապրիլի 28-ին որոշել է Սյունիքի մարզի Քաջարան, Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի ու Սյունիք համայնքների որոշ տարածքներում ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ ու դրանք վարձակալությամբ տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին:
Արաքսյա Գրիգորյանի տունը գյուղի կենտրոնում է: Հետախուզական աշխատանքներն ընթանում են այստեղից մի քանի հարյուր մետրի վրա, եւ եթե տեղանքում նոր հանք բացվի, ոչ միայն Արաքսյա տատը, այլեւ ամբողջ բնակչությունը ստիպված կլինի գաղթել բնօրրանից: Թե ուր` չգիտի ոչ ոք:
Քաջարան գյուղը տեղակայված է Զանգեզուրի լեռներից իջնող Ողջի գետի ձախ ափին: Աջ ափին շահագործվում է պղնձամոլիբդենային հանքը, որը Կառավարության որոշմամբ նախատեսվում է ընդլայնել համայնքի տարածքների հաշվին: Քաջարանցիները շոկի մեջ են:
«Իրանց էնտեղ ունեն 400-500 տարվա պաշար. մենք ըստեղ ենք ծնվել, իմանում ենք, թե ինչ ա կատարվում,- ցույց տալով գետի մյուս ափը` ասում է գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:- Ի՞նչ են ուզում գյուղից, թող մեզ հանգիստ թողնեն»:
Գյուղացիները համոզված են, որ իրենց տներին ու գերեզմանոցին հարող լանջերում հանքարդյունահանումը պարզապես ավելի էժան, քիչ ծախսատար կլինի, դրա համար էլ գյուղը դարձել է թիրախ: Ընդ որում` գյուղում հանք բացելու խոսակցությունները սկսվել են դեռ 5 տարի առաջ:
Ռ. Աթայանը պատմում է, որ հանքի էպիկենտրոնը հենց գերեզմանոցի վերեւում է, վերջերս կոմբինատից տրակտոր էին բերել այդ հատվածը փորելու համար, ինքը դեմ էր դուրս եկել ու հետ տվել տրակտորը: «Մենք հող տվող չենք, մեր տունը թողնենք, ու՞ր գնանք»,- ասում է 131 տուն ու 230 բնակիչ ունեցող համայնքի արդեն 15 տարվա ղեկավարը:
Քաջարան գյուղն ունի ավելի քան 6000 հա հող, որոնք ձգվում են նույնանուն քաղաքից մինչեւ Կապուտջուղ լեռը` Նախիջեւանի հետ սահմանը: Հողերը ծառայում են որպես խոտհարք, արոտավայր, վարելահող: Գյուղապետի ասելով` բնակիչների սեփականությունն են միայն տնամերձերը, մյուսները համայնքային են:
Կառավարության որոշմամբ` Քաջարանի համայնքային սեփականության 181,7 հա հողերը, այդ թվում` վարձակալությամբ տրված 27 հա-ն, օգոստոսի 1-ից փոխադրվելու են արդյունաբերական, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա ու տրվելու կոմբինատին: Ժամանակին գյուղապատկան 505 հա հող մտցվել է քաղաքի հաշվեկշիռ, որտեղ տեղակայված են կոմբինատի ենթակառուցվածքները:
Վերջինս գյուղում այսօր միայն 3 հա սեփականաշնորհած հող ունի, որի համար վճարում է տարեկան մինչեւ 22.000 դրամ գույքի եւ հողի հարկ: Ռ. Աթայանը պատմում է, որ չնայած կոմբինատի ղեկավարության կողմից միշտ էլ եղել են գյուղին աջակցելու խոստումներ, ցայսօր դրանք մնում են օդում. անբարեկարգ են ճանապարհները, չկա փողոցային լուսավորություն, համայնքը գազ չունի:
Միակ բանն այն է, որ դպրոց չունեցող գյուղի աշակերտները կոմբինատի հատկացրած ավտոբուսով են գնում-գալիս քաղաք: Հատկանշական է, որ հենց այս ընտրատարածքից է պատգամավոր ընտրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ով, ինչպես պատմում են քաջարանցիները, գյուղում երեւում է ընտրությունից ընտրություն, խոստումներ տալիս ու գնում:
Կոմբինատի ղեկավարությունը հավաստիացրել է, որ գերեզմանոցին ու տներին ոչ ոք ձեռք չի տալու, սակայն գյուղացիները համոզված են, որ եթե սկսվեն պայթեցումները, լանջերից թափվող քարի ու հողի զանգվածները ավերելու են թե գերեզմանոցը, թե տները, թե գյուղի միջնադարյան եկեղեցին:
«Ես էստեղ եմ ծնվել, մեծացել, մեր գյուղը լքող չեմ, ոչ էլ թույլ կտամ, որ գյուղիս ինչ-որ մեկը կպնի,- զայրանում է Գագիկ Հակոբյանը:- Հանքը շահագործելու դեպքում մենք ոչ մի տեղ չունենք գնալու: Իրանց էնտեղ ահագին պաշար ունեն, թող էնտեղ աշխատեն, խի՞ են աչքը գցում գյուղի վրա, գյուղացոց էլ նեղում: Ես ինքս փոխհատուցման չեմ համաձայնի: Գերեզմանոցը, սրբությունը ո՞վ ա քանդում: Ծնողներս, պապս, տատս, ջահել ախպերս գերեզմանոցում են, ինքը կարա՞ նրանց ոսկորները մեկ-մեկ հավաքի, տեղափոխի ուրիշ տեղ: Չի կարա, տալու ա էքսկավատորի կովշը, տանելու ա չգիտեմ որտեղ թափի»:
«Կոմունիստի ժամանակ 24.000 տոննա հանքաքար էին տալիս, հիմա կրկնապատկված ա, ու՞մ համար,- հարց է տալիս մեկ այլ քաջարանցի` Մերուժանը:- Վիկտոր Համբարձումյանը տարիներ առաջ եկել էր ըստեղ, կոմբինատի նախկին տնօրեն, մեր գյուղացի Ֆրունզ Հմայակիչն ասում ա` ընկեր Համբարձումյան, մենք օրական տալիս են այսքան տոննա հանքաքար, Համբարձումյանն էլ թե` տղա ջան, բա սերունդներին ի՞նչ ես թողնելու: Դա ասել ա ակադեմիկոս մարդը, բա դու էսօր միանգամից ընդլայնում ես ու՞մ համար: Գյուղից ես տարեկան ամենաքիչը 10.000 դոլարի արտադրանք եմ ստանում` կաթը, յուղը, պանիրը, 50 մեշոկ կարտոշկան, գազարը, կաղամբը, լոբին, միսը: Նեմեցը (նկատի ունի կոմբինատի գերմանացի փայատերերին - հեղ.) մտածում ա իրա բիզնեսի, ես էլ իմ բիզնեսի մասին: Էս չորս ցուլիկս որտե՞ղ եմ տանելու պահեմ, ո՞ր գյուղում ես կարամ ազատ շնչեմ: Գյուղատնտեսության զարկի մասին են խոսում, բայց մի հարյուր տեղից ուրիշ բան են ասում: Իրանք ուզում են մեր բիզնեսին կպնեն, իրանց բիզնեսը հարստացնե՞ն»:
Քաջարանցիների հիմնական զբաղմունքը հողագործությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունն է: Գյուղապետ Ռաֆիկ Աթայանն ասում է, որ համայնքը տարեկան արտադրում է 10-15 տ միս, 10-15 տ կարտոֆիլ, 5-6 տ լոբի, 20-30 տ խոտհարք: «100 աշխատատեղ են իբր բացելու, բայց իմ գյուղը 1000 հոգուց ավել մարդ ա սնում»,- նշում է Աթայանը` պարզաբանելով, որ 230 բնակիչները գյուղմթերքով օգնում են նաեւ քաղաքի իրենց բարեկամներին, այստեղ սեփականությամբ ու վարձակալությամբ հող ունեն նաեւ այլ համայնքների բնակիչներ:
«Էսօր որ շահագործումը սկսի, ի՞նչ պիտի անենք: Տեղ չունենք գնալու, ոչ էլ փող ունենք, գյուղացիները վարկի տակ նստած են: Մեխանիկորեն, արհեստականորեն ասում են` լքեք գյուղը: Սահմանը 4 կմ է հեռու, ես չգիտեմ` ինչ պիտի լինի,- իր տեղը չի գտնում համայնքի ղեկավարը:- Գենոցիդ են անում, ցեղասպանությունն էսօր էստեղ ա: Պետությանը ժողովուրդ պետք չի, պետք ա փող: Նամակ ենք գրել նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, ոչ մի պատասխան չկա: Էդ նույն նեմեցը Հայրենական պատերազմի ժամանակ մեր գյուղից 56 ջահելների գլուխը կերել ա, հիմա էլ եկել, մեզ տնից հանում ա: 1948-ից գործում ա գյուղի գերեզմանոցը, 1000-ից շատ շիրիմ կլինի: Գիտնականներ, ստախանովական հերոսներ են թաղված, էս հանքի հիմնադիրներն են թաղված: Իմ մայրն էլ ա էնտեղ թաղված, քարը բերել եմ, հլը գերեզմանը չեմ սարքել, ու՞ր տանեմ»:
Գյուղացիներից շատերը պատմում են, որ կոմբինատում փորձում են բանավոր ճնշումներ կիրառել հանքում աշխատող քաջարանցիների հանդեպ` հորդորելով նրանց չբողոքել:
Վահան Աթայանը, սակայն, ով կոմբինատում արդեն 25 տարվա էլեկտրափականագործ է, ասում է, թե իր դեմ նման բան չի եղել, սակայն խոսակցություններ այդ մասին «կողքից» լսել է:
Չնայած փոխհատուցման վերաբերյալ դեռ ոչ մի խոսք չի եղել, 52-ամյա Վահանը դրան դեմ չէ: Բայց մի պայման է առաջ քաշում. «Եթե նորմալ տարածք տան իմ հողի չափով, կտեղափոխվեմ, ինձ փող պետք չի, ընդհանուր գյուղը գերեզմանոցով եթե տեղափոխեն, անունը կդնենք Նոր Քաջարան»: Այդ դեպքում ինչպե՞ս է պատկերացնում գերեզմանոցի տեղափոխումը: Հարցին ի պատասխան` Վահանը, ում հայրը, եղբայրը, պապն ու տատը այստեղ են թաղված, թոթվում է ուսերը. «Դե, դա շուտվանից պիտի անեին»:
Ասում է, որ ժամանակին ավելի լավ էր կոմբինատում, իսկ հիմա` ոչ այդքան: 130 հազար դրամ է ստանում շաբաթը 5 օր 8-ական ժամ աշխատելու դիմաց, տղաներից մեծը սովորում է Երեւանում, փոքրը բանակում է, Պարկինսոնի հիվանդությամբ անկողնուն գամված թոշակառու մայր ունի, կինն էլ կոմբինատում է աշխատում, ահագին պարտքեր ունեն, օրվա ապրուստի մի մասը վաստակում են` տնամերձը մշակելով:
«Մի օր էլ ընենց կըլնի, որ կլսենք, թե Հայաստանը առել են, կգան կասեն` հողերն առել ենք, դուք էլ ինչ ուզում եք, արեք»,- մտամոլոր ասում է Վահանը:
«Էստեղից մի քիչ հեռու Նախիջեւանն ա, ուզում եք Հայաստանն առանց հայերի՞,- կիսահռետորական հարց է տալիս քաջարանցի Մերուժանը,- սա մեր երկիրն ա, ի՞նչ փոխհատուցման մասին ա խոսքը: Ինձ էդ ինչքա՞ն փող ա տալու, ինձ պետք չի գամ Հյուսիսային պողոտայի դատարկ շենքերում ապրեմ: Երեւանում ինձ անելիք չունեմ: Մեր երկիրը թողնենք, բոլորս գնանք Երեւանում ապրե՞նք: Ախպերս Մոսկվայում ա ապրում, ես էլ գնա՞մ: Հիմա մենք բոլորս թողնենք Հայաստանը, գնա՞նք: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով իշխանությունը պատկանում ա ժողովրդին, 600 հոգի դեմ ա ստորագրել, բա ու՞ր ա»:
Սյունիքի մարզպետարանում Քաջարանի խնդրից տեղյակ են, սակայն գյուղացիներից ոչ պակաս անորոշ վիճակում են մարզի ղեկավարները:
Փոխմարզպետ Վաչիկ Գրիգորյանն ասում է, որ համայնքի ղեկավարի` պետական մարմիններին ուղղված նամակից հետո պետք է մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեին, թե ինչքանով կարող է հանքի ընդլայնումը վնասել համայնքին. «Վերջնական արդյունքները չկան, բայց, իհարկե, անհանգստացնող է: Համայնքի բնակիչներն անհանգստանում են գերեզմանների կորստով, եւ այդ մասին երկրի բարձրագույն իշխանությունները տեղեկացված են:
Ասում են, որ ընդլայնումը վնաս է հասցնում, ասենք, գերեզմաններին, բայց մինչեւ դա չուսումնասիրվի, մենք չենք կարող պատասխանել: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, եւ չենք թողնում մեր ուշադրությունից դուրս, մեկ է` ուզենք, թե չուզենք, պետք է արձագանքենք»:
Սահմանամերձ գյուղի դատարկման վտանգի մասին էլ նշում է. «Միշտ մտավախություն ունենք: Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ, որ մեր սահմանամերձ գյուղերը, եւ ընդհանրապես մեր գյուղերը սակավաբնակ են, դատարկվեն: Չպետք է թողնել, որ բանը դրան հասնի, պետք է գտնել միջինը, որ բնակչությունը չտուժի, մենք հենց այդ ուղղությամբ ենք շարժվում»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ղեկավարությունից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Ընկերության երեւանյան գրասենյակի աշխատակցուհին տեղեկացրեց, որ չունի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հեռախոսահամարը, փոխարենը խորհուրդ տվեց զանգահարել Քաջարան, որտեղ, ըստ նրա, միշտ լինում է Հակոբյանը: Քաջարանից, սակայն, մեր զանգերին պատասխանող չեղավ:
Վտանգված է նաեւ հին գյուղի միջնադարյան եկեղեցին
Քաջարան գյուղը հին բնակավայր է: Վերջինիս հարեւանությամբ գտնվող Գանձասարի բաց հանքում պահպանված հեթանոսական մատուռը, այժմյան Քաջարան քաղաքի տարածքում հայտնաբերված հանքախորշերը, ձուլարանների հետքերը, հանքանյութի թափվածքները, ըստ մասնագետների, վկայում են, որ այս տարածքում երկաթ ու պղինձ են ձուլել դեռեւս բրոնզի դարում:
Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի փոխանցմամբ` ենթադրվում է, որ սա 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Սյունիքի Ձորք գավառում գտնվող Կաճաճուտ գյուղն է (Ալիշանի մոտ` Կաճաճա), որն ուշ միջնադարում կոչվել է Քչանանց, իսկ հետո` Քաջարանց: Գյուղը պարբերաբար հիշատակվել է 18-րդ եւ 19-րդ դարի աղբյուրներում: 1947-ին` ներկայիս պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործման հանձնելուց հետո, գյուղն ընդլայնվել է ու վերածվել քաղաքատիպ ավանի, որը 1951-ին վերանվանվել է Քաջարան, իսկ 1958-ին միավորվել Ողջի ավանի հետ ու դարձել Քաջարան քաղաք:
Գյուղապետ Աթայանը ցույց է տալիս նախկին բանավանի ավերակ շինություններն ու պատմում, որ ներկայիս քաղաքը աստիճանաբար տեղափոխվել է գետի համեմատաբար ստորին հոսանք, որտեղ նախկինում եղել է Ողջի բնակավայրը: Իսկ երբ 1968-ին երկրաշարժ է եղել, ու գյուղացիներից շատերը կորցրել են իրենց տները, պետությունը նրանց փայտյա ֆիննական տնակներ է տրամադրել, որոնք տեղադրվել են Ողջի գետի ավելի վերին հոսանքում ու ափից համեմատաբար բարձր` հարակից լանջին, որտեղ եւ հիմա տարածված է գյուղը:
Այստեղ է գտնվում 17-րդ դարի Սուրբ Հակովբ եկեղեցին, որի ապագան, ի թիվս գերեզմանոցի ու գյուղի տների ճակատագրի, անհայտ է: «Սբ. Հակովբ եկեղեցին, կառուցված լինելով գետաքարերով, իր ճարտարապետական ձեւով եզակի է հայ ուշ միջնադարյան եկեղեցաշինության մեջ,- ասում է ճարտարապետ Ս. Նալբանդյանը:- Այն շատ հետաքրքիր է իր պահպանված կղմինդրյա ծածկույթով: Սա այն հազվագյուտ երեւույթներից է, որ հանդիպում ենք մեր միջնադարյան կառույցներում: Այլ տեղերում այն գրեթե չի պահպանվել, կամ էլ պեղումների արդյունքից ենք տեղեկացել, որ այն կղմինդրածածկ է եղել: Եկեղեցու շրջակայքում տեղի են ունեցել բազմաթիվ պատմական իրադարձություններ, եւ այն մեր Սյունյաց աշխարհի կարեւորագույն պատմական հուշարձաններից մեկն է, իսկ քաջարանցիների համար` միակ հոգեւոր կառույցը»: Տեղացիները հաստատում են, որ իրենց մատաղը միշտ այստեղ են անում, այստեղ են մոմ վառում, սակայն քանի որ կառույցը չի գործում, պսակադրությունն ու կնունքը կատարում են Կապանում:
2010-ին գյուղացիների նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հաստատած նախագծով սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները: Շուրջ 30 մլն դրամի նախահաշիվ է կազմվել: Համայնքը սեփական ուժերով հավաքել է 1 մլն դրամ, 4 մլն էլ նրանց խնդրանքով տրամադրել է գործարար Գագիկ Ծառուկյանը:
«Աբովյանցի Ծառուկյան Գագոն 4 մլն փող ա տված մեզ, բայց մեր կողքին, մեր փողերը տանում ա գերմանացին, մեզ կոպեկ չի տալի»,- ասում է քաջարանցի Մերուժանը: Կատարվել են որոշակի աշխատանքներ, սակայն հավաքված 5 մլն-ը ծախսելուց հետո դրանք կանգնեցվել են:
Մերուժանը ցույց է տալիս միջնադարյան կղմինդրներն ու նշում, որ պահպանվել է դրանց 1/3 մասը, մնացածը` նույն տեսքի ու չափսի, պետք է ձեռք բերեն Երեւանից: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաեւ գյուղի քահանաների ոսկորները: Իսկ այսօր գյուղացիները անորոշության տագնապով են նայում եկեղեցուց շուրջ 500 մ-ի վրա աշխատող հետախուզական մեքենային ու նույնքան անորոշությամբ սպասում իշխանություններին ուղղված իրենց նամակի պատասխանին:
Հ.Գ. Քաջարանից մեր հեռանալուց հետո ահազանգեց գյուղապետ Ռ. Աթայանը եւ հայտնեց, որ հերթական անգամ սպառնացել են կոմբինատում աշխատող գյուղացիներին:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել