Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը եւ Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթը կհամագործակցեն
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հյուրընկալվեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Նա ինստիտուտի գիտաշխատողներին ներկայացրեց օրաթերթի անցած ուղին, ներկա խնդիրներն ու ապագայի ծրագրերը: Պատասխանելով լեզվաբանների հարցերին՝ խմբագրապետը անդրադարձավ լիբանանահայության առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին, հայապահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը հայտնեց, որ 2013 թվին լրանում է գիտական հաստատության հիմնադրման 70-ամյակը, ներկայացրեց տասնամյակների ընթացքում ինստիտուտի գիտաշխատողների ձեռքբերումները հայերենագիտության ոլորտում, ներկայումս կատարվող հետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները: Նա նշեց նաև, որ արևմտահայերենի բաժնում աշխատանքներ են ծավալվել արևմտահայերենի վիճակը և գրական արևմտահայերենի համակարգը ուսումնասիրելու, կանոնարկման գործընթացներին գործուն մասնակցություն ունենալու ուղղություններով: Ընդգծվեց, որ գրական արևելահայերենն ու արևմտահայերենը հայության ընդհանուր հարստությունն են և միասնաբար պետք է լինեն հոգածության ու կանոնարկման առարկա: «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը լեզվի ինստիտուտի գիտաշխատողներին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և սիրով ընդունեց համագործակցելու հրավերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:
«Ազդակ» օրաթերթի առաջին համարը լույս է տեսել 1927 թ. մարտի 5-ին, և արդեն ութսունհինգ տարի է, ինչ օրաթերթը, լրատվամիջոց լինելուց զատ, հայ համայնքին վերաբերող մշակութային իրադարձություններն ու գործիչներին, Հայաստանի, սփյուռքի և արաբական ու համաշխարհային մշակութային նորությունները ներկայացնելուց զատ, նաև հայապահպանության և լեզվապահպանության կարևորագույն դրոշակակիրներից մեկն է սփյուռքում: Համացանցային տարբերակի շնորհիվ «Ազդակը» դարձել է համահայկական պարբերական՝ հասանելի լինելով ողջ աշխարհում: Օրաթերթի նորաստեղծ մամուլի կենտրոնը սկսել է արխիվի թվայնացման աշխատանքները, իսկ մանկապատանեկան հավելվածը նպատակ ունի նպաստելու մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանն ու հայոց լեզվի պահպանությանը:
Այս մասին հայտնում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել