Վարդան Հակոբյան. «Ապրիլի 9-ից հետո արտագաղթողների թիվը մեծանալու է»
Դիրիժոր Վարդան Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր համար դիրիժորությունն անվիճելի առջատար է եւ այն չի համատեղում քաղաքականության հետ, իսկ քաղաքականությանն արձագանքում է, ինչքան որ հասցնում է: «Շատ ժամանակ տեսնում եմ, որ անհնար է չարձագանքել, որովհետեւ դեպքերը շատ աբսուրդային ձեւով են զարգանում եւ, մտածելով այդ ամենի մասին եւ ունենալով սեփական կարծիք, չես կարող չարձագանքել եւ անտարբեր լինել»,- ասաց Վարդան Հակոբյանը:
Նրա համար աբսուրդային է այն ամենը, ինչ կատարվում է փետրվարի 18-ից այս կողմ: Նախ` ԿԸՀ-ի, հետո Սահմանադրական դատարանի որոշումները, տարբեր «կալիբրի» եւ «ցինիկության աստիճանի հասնող» հայտարարությունները եւ այն ամենը ինչ կատարվում է, տրամաբանությունից դուրս է եւ արվում է այլ չափանիշների վրա:
«Երկու տարբեր չափանիշներ կան. իրական, ինչն այսօր ունենք եւ հորինած, որը կառավարությունն է իր համար հորինել, եւ իր հայտարարություններն այդ կոնտեքստում էլ անում է: Նույն արդար ընտրությունների, արդար դատարանների մասին հայտարարությունները դրանք տարբեր հարթություններ են` իրականն ու իրենց հորինածը»,- ավելացրեց Վ. Հակոբյանը:
Անդրադառնալով մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Հակոբյանը նշեց, որ ինքն անձամբ սպասելիք չունի այդ ընտրություններից եւ ոչ էլ մասնակցելու է:
Ըստ նրա` չի կարելի մտնել մի խաղի մեջ, որտեղ եւս մեկ անգամ համոզվել է, որ խաղի կանոնները դու չես թելադրում, եւ ամենեւին կարեւոր չէ, թե որքան ձայն ես հավաքել: «Կգրեն այնքան, ինչքան հարմար են գտնում: Ի՞նչ իմաստ ունի նորից մտնել նույն գետը»,-նշեց դիրիժորը:
Վարդան Հակոբյանն ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր ուժերի մասնակցության մոտիվը չի հասկանում, թեեւ գիտի, որ վերջիններս ինչ-որ մոտիվ ունեն:
«Ամեն մեկը երեւի մի բան ցանկանում է, ասենք` ինչ-որ բան ապացուցի, ռեւանշ հայտարարի: Օրինակ՝ ՀԱԿ-ը բաց է թողել նախագահական ընտրությունները եւ իրեն տեսնում է քաղաքապետի կալիբրի մեջ: Չուներ նախագահացու, բայց ունի քաղաքապետ, որն ավելի փոքր կալիբր է, քան նախագահինը: Երեւի դա է իրեն ստիպում, չեմ կարող ասել»,- ավելացրեց Վ. Հակոբյանը:
Դիրիժորը նշեց, որ ընտրությունների ժամանակահատվածում արտագաղթ է սկսվել, նույնիսկ վերջնաժամկետին` ապրիլի 9-ին չսպասելով, մարդիկ գնում են երկրից:
«Փետրվարի 18-ից արդեն պարզ էր, թե ինչ է լինելու, եւ հիմա 40 տոկոսով ավելի շատ արտագաղթ ունենք, քան նախորդ տարիներին: Այս պահի դրությամբ 22 հազարից ավելի արտագաղթող ունենք: Ես վստահ եմ, որ ապրիլի 9-ից հետո արտագաղթողների թիվը մեծանալու է, որովհետեւ մարդիկ չեն հավատում, որ մինչեւ ապրիլի 9-ը ինչ-որ բան կփոխվի: Անձամբ ես ոչ մի բանի չեմ հավատում»,- նշեց Վարդան Հակոբյանը:
Նրա ասելով` սկսված արտագաղթի գործընթացը որեւէ ձեւով հնարավոր չէ կանգնեցնել, բացի կոնկրետ քայլերից` բանակցություններ, իշխանության զիջում կամ մասնակի զիջում: «Որոշակի քայլեր պետք է արվեն, որ մարդկանց մոտ հույսի նշույլ արթնանա, որ հանրապետությունում, այնուամենայնիվ, ինչ-որ մի բան վերահսկելի է»,- նշեց Վ. Հակոբյանը:
Լուսանկարը՝ Վ. Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել