HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի պատասխանատուներ: Քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման շրջանի մեկնարկին առնչվող հարցեր:

Փոխվարչապետին զեկուցվեց մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Նշվեց, որ աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի: Ըստ մարզպետարանի պատասխանատուների` ծրագրերի իրականացումը նպաստել է մարզում ցանքատարածությունների ավելացմանը. մասնավորապես 2012 թ.-ին, նախորդ տարվա համեմատ, աշնանացան ցորենի ցանքատարածություններն ավելացել են 1 000 հեկտարով, իսկ գարնանացանի տարածքները նախատեսվում է, որ նախորդ տարվա ծավալները կգերազանցեն 1 500 հեկտարով: Տեղեկացվեց, որ մարզի համայնքներում որոշակի խնդիրներ են առկա կարտոֆիլի բերքի իրացման հետ կապված եւ անդրադարձ եղավ բերքն իրացնելու հնարավորություններին: Քննարկվեցին նաեւ մարզում անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին` փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին առաջարկեց  «Շիրակ» ՋՕԸ-ի  հետ համատեղ ամփոփել 2012 թ. աշխատանքների արդյունքները եւ  աջակցել ՋՕԸ-ին ` անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցում:

Տեղեկություններ ներկայացվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Զեկուցվեց, որ ներկայումս ծրագրով իրականացված ֆիզիկական աշխատանքների ծավալը կազմում է 63 տոկոս: Չորրորդ ծրագրով եւս մարզին հատկացվել էր 1,3 մլրդ դրամ, որոնք ուղղվել են մանկապարտեզների, մշակույթի տների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը:

Ներկայացվեցին նաեւ մարզի համայնքների 2013թ. առաջին երկու ամիսների սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները: Կատարողականը կազմել է 86,6 տոկոս`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  արձանագրվել է 3,8 տոկոսի աճ: Դրական համարելով տարեսկզբի միտումները` փոխվարչապետը կարեւորեց սեփական եկամուտների ողջ ծավալով հավաքագրումը եւ անթույլատրելի համարեց տարվա ընթացքում ապառքների ու պարտքերի կուտակումը, ինչն առաջին հերթին դժվարություններ է ստեղծում հենց համայնքների համար:

Խորհրդակցությանը մարզպետը բարձրացրեց Գյումրի քաղաքում նոր դիահերձարանի կառուցման  հարցը` ծրագրի իրագործմանը նաեւ տեղական մասնակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետն առաջարկեց նոր շենքի կառուցման նախագիծը քննարկել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ:

Փոխվարչապետն առանձին խորհրդակցություն անցկացրեց նաեւ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Ս. Բալասանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին քաղաքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Քաղաքապետը բարձրացրեց նաեւ Գյումրիում  փողոցների բարեկարգման հարցը` նշելով, որ ձյան հալոցքից  հետո վերանորոգման խիստ անհրաժեշտություն է առաջացել, իսկ համայնքային միջոցները բավարար չեն  համապատասխան  աշխատանքների իրականացման համար, ուստի  քաղաքապետարանն այս հարցում  ակնկալում է կառավարության աջակցությունը: Փոխվարչապետը խոստացավ, որ հարցը  կքննարկվի կառավարությունում:

Անդրադարձ եղավ նաեւ «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի իրականացմանը: Փոխվարչապետը մարզպետին ու  քաղաքապետին հորդորեց համագործակցված աշախատել ՀՀ մշակույթի նախարարության հետ եւ կարեւորեց ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ մակարդակով իրականացումը:

Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter