HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանը գերմանացի ներդրողին պետք է 14.8 մլն դրամ փոխհատուցի

Դատարանի վճռով` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերին պետք է  14.8 մլն դրամ փոխհատուցի:

Երեկ` աշխատանքային օրվա ավարտին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն ի վերջո հրապարակայնացրեց «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ի գործով դատական ակտը: Դրանով ավարտվեց գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի և Գագիկ Ծառուկյանի վեճի առաջին փուլը, որն սկսվել էր դեռևս 2009-ի դեկտեմբերին: 

Հիշեցնենք, որ դեռեւս 2006 թ. մայիսին «ԻստԻնվեստոր» (Ostinvestor – գերմ.) ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայից գնել էր «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 1520 բաժնետոմս, որը կազմում էր ընկերության բաժնետոմսերի 3,2%-ը: Այդ ժամանակ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» («Արարատ» ԿԳՕԿ) 124 բաժնետեր է ունեցել: Բաժնետոմսերի մոտ 82%-ը պատկանում էր Գ. Ծառուկյանին, 10%-ը` «Մուլտի Գրուպ»-ին (սեփականատեր՝ Գագիկ Ծառուկյան), մոտ 7%-ը վերաբաշխված էր մնացած բաժնետերերի միջեւ, որից ամենամեծ բաժինը` 3.2%-ը, պատկանում էր «ԻստԻնվեստորին»: 

2008 թ. հունիսին «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը «Արարատ» ԿԳՕԿ-ի գլխավոր բաժնետիրոջ` Գագիկ Ծառուկյանի ներկայացուցչի կողմից պահանջ է ստացել` վաճառել բոլոր բաժնետոմսերը: Բայց քանի որ «ԻստԻնվեստորն» այդ բաժնետոմսերի մեջ ներդրել էր իր տարբեր ներդրողներից ստացած միջոցները, առաջարկն անընդունելի է համար և հրաժարվել վաճառել իր բաժնեմասը:

«Արարատ» ԿԳՕԿ-ի բաժնետերերի 2008 թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել է համախմբել (կոնսոլիդացնել) «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը` դրանցից ամեն 2363.5 հատը փոխարկելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 դրամ է: Եվ քանի որ «ԻստԻնվեստոր» ընկերությանն է պատկանել թվով 1520 բաժնետոմս, իսկ մեկ նոր բաժնետոմսը պետք է հավասար լիներ 2363,5 հատ հնի, ընկերությունը չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: «ԻստԻնվեստոր» ընկերությունը հայցադիմումում հիմնավորել էր, որ համախմբումը չի ենթադրում այնպիսի գործընթաց, որի արդյունքում որեւէ բաժնետեր ունենա 1 հատից պակաս լրիվ բաժնետոմս և արդյունքում դուրս մնա ընկերությունից:

Համախմբման արդյունքում «ԻստԻնվեստորի» եւ մյուս մանր բաժնետերերի մոտ առաջացել են կոտորակային բաժնետոմսեր: Նույն արտահերթ ժողովը սահմանել է կոտորակային բաժնետոմսերի հետգնման կարգը: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի հետգնման շուկայական արժեքը «Էն-Աուդիտ» գնահատող ՍՊԸ-ն սահմանել է 28 000 դրամ: Մինչդեռ «ԻստԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: 

«ԻստԻնվեստորը» «Արարատ» ԿԳՕԿ-ի բաժնետերերի դեմ դատական հայցում 4 պահանջ էր ներկայացրել` վերականգնել բաժնետիրոջ իրավունքները, անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը: Դատաքննության ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչները լրացրել են հայցապահանջը` նշելով, որ վերոնշյալ պահանջի անհնարինության դեպքում պարտավորեցնել կոմբինատին «ԻստԻնվեստորին»  պատկանող 1520 հատ բաժնետոմսերի դիմաց տրամադրելու շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում` հաշվի առնելով նաև այն, որ միայն դատաքննության ընթացքում «Անկոմ» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությամբ 12.10.2008թ. դրությամբ սահմանված 8.913.534.000 ՀՀ դրամ հիմնական միջոցների արժեքի պարագայում սեփական կապիտալը կազմում է 4.426.206.000 ՀՀ դրամ: 

Դատավոր Արայիկ Մելքումյանը վճռել է «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի`  «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: 

Միևնույն ժամանակ, «Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությամբ սահմանված համապատասխան տեղեկությունը հաշվի առնելով, այդ բաժնետոմսերի դիմաց շուկայական արժեքին համարժեք` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ին շուրջ 142 մլն դրամ փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու մասին հայցը բավարարել է մասնակի.
դատարանը վճռել է «ԻստԻնվեստոր»-ի օգտին բռնագանձել 14.8 մլն դրամին մոտ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար, իսկ մնացած` 127.5 մլն դրամ գումարի չափով փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով: 

«ԻստԻնվեստորի» փաստաբան Դավիթ Դանելյանն ասում է, որ իրենք դատարանին գումարի պահանջ չեն ներկայացրել. «Մենք ասել ենք` պարտավորեցրու կոմբինատին տա մեզ համարժեք փոխհատուցում, այսինքն` գումարի պահանջ չէ, այլ պարտավորեցման: Դատարանը պետք է կամ բավարարեր, կամ մերժեր: Դատարանն իրավունք չունի թիվ որոշել,- ասում է Դ. Դանելյանը,- ինքը մեր հայցապահանջից կոպիտ ասած` մեր փոխարեն հայցապահանջ է  ներկայացրել դատարան: Դա իրականում շատ ակնառու և կոպիտ խախտում է»: Ըստ փաստաբանի` համարժեք փոխհատուցման գումարի չափը պետք է որոշվեր հարկադիր կատարման փուլում:  Ավելին` դատարանը պետբյուջեի օգտին բռնագանձման պահանջ է դրել «ԻստԻնվեստորի» վրա` հիմնվելով նույն` 142 մլն դրամ գումարի վրա, ինչը նույնպես դատավորն անել չէր կարող: 

Ըստ վճռի` «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ից  հօգուտ ՀՀ պետբյուջեի պետք է բռնագանձվի 2.6 մլն դրամ` որպես ավելացված հայցային պահանջի մասով օրենքով սահմանված չափով վճարման ենթակա պետական տուրքի գումար:
«ԻստԻնվեստոր»-ից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պետք է բռնագանձել 176.400 դրամ որպես փորձաքննության կատարման համար գործով վճարման ենթակա դատական ծախս:

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ից հօգուտ ՀՀ  պետական բյուջե պետք է բռնագանձվի շուրջ 296 հազար դրամ դրամ` որպես ավելացված հայցային պահանջի մասով օրենքով սահմանված չափով վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Փաստաբան Դանելյանը հավելեց, որ նշվածը դատավարական խախտում է, իսկ վճռում բազմաթիվ բովանդակային խախտումներ կան, որոնց առավել մանրամասն կանդրադառնան վերաքննիչ բողոքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter