HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՈՀ-ի կանոնակարգի փոփոխման ենթակա կետերի ոդիսականը

Վերջին օրերին տարբեր հարթակներում բուռն քննարկումներ է առաջացրել երիտասարդ գիտնականների բաց նամակը, այնուհետև հանդիպումը Կրթության և գիտության  (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանի հետ: Նամակն ու հանդիպումը վերաբերում էին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) գործող աստիճանաշնորհման կանոնակարգերի մի քանի կետում փոփոխություն մտցնելու առաջարկին:  

Սակայն մինչ «մեր օրերին» հասնելն այդ խնդիրը երկար ճանապարհ է անցել: Մասնավորապես, ես` ինքս, ներկա էի, երբ 2011-ի օգոստոսի վերջին օրերին Ծաղկաձորում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած՝ երիտասարդ գիտնականների հանդիպման ժամանակ երկար ու բուռն քննարկվեց հարցը։ Արվեցին կանոնակարգում փոփոխություններ մտցնելու առաջարկներ, ԲՈՀ–ի նախագահ Արտյուշա Ղուկասյանը հանդես եկավ ելույթով, ապա՝ հարցերի տարափին պատասխանելով, այնուհետև՝ աջարկվող կետերը վերանայելու խոստումով, բայց մինչ այսօր փոփոխություններ չեն արվել։

Խնդիրը վերջին տարիներին արդեն խիստ անհանգտացնող երևույթի է վերածվել, քանի որ ԽԾԲ-ի սկզբունքով չափազանց շատացել են գիտության թեկնածուներն ու դոկտորները, որոնք իրենց իսկ ատենախոսության վերնագիրը դժվարանում են սահուն կարդալ: Օրինակ, ինչպես ներկայացնում է երևույթը քիմիական գիտությունների թեկնածու Խաչատուր Մանուկյանը՝ Կոռուպցիան մեծապես դրսևորվում է հումանիտար գիտություններում: Բազմաթիվ «գիտնականներ» գրում են պատվերով ատենախոսություններ: Օրինակ, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կայքի (www.boh.am) տվյալներով, 2009թ. շնորհվել է 121 տնտեսագիտության թեկնածուների և դոկտորների աստիճաններ: Սա այն դեպքում, երբ, բոլոր բնական գիտություններին միասին վերցրած, շնորհվել է մոտ 100 գիտական աստիճան: Ընդ որում, 2009 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 14% անկում: Կարծում եմ, նշված թվերը չափազանց խոսուն են, և ավելորդ մեկնաբանության կարիք չկա:

Մեր պետական շատ պաշտոնյաների համար գիտական աստիճան ունենալը նմանվել է մեքենայի «ոսկյա» պետհամարանիշ ունենալու ցուցամոլությանը: Գիտական հանրությունը փաստորեն բաժանվել է երկու դասի՝ իսկական և կեղծ գիտնականների: Կեղծ գիտնականները նման են քաղցկեղի՝ նրանք արագ տարածվում են «օրգանիզմում» ու իրենց գոյությամբ ու արագ տարածվող ցանցով սպառնում վերջնականապես քայքայել ու թուլացնել այն: Ընդ որում, «անիսկական» գիտնականները մեծապես հասարակագիտության ոլորտից են ու հիմնականում զբաղեցնում են բարձր պաշտոններ։

Ու մինչ թշվառ վիճակում գտնվող իսկական գիտնականները մտածում են, թե ինչպես գոյություն պահեն, անիսկականները տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում՝ ատենախոսություն գրել տալու և մասնագիտական խորհուրդներին ու տարբեր հանձնաժողովներին կաշառք ու պատիվ տալու վրա, մի բանի համար, որը ո՛չ իրենց է պետք, ո՛չ առավել ևս երկրին, ավելին, ինչը գցում է գիտնականի վարկանիշը երկրում: Իսկական գիտնականները գտնում են, որ արդեն վաղուց ժամանակն է՝ միջոցներ ձեռնարկելու, քանի դեռ բանը չի հասել Գիտությունների ազգային ակադեմիան ամբողջովին կեղծ ակադեմիկոսներով լցնելուն: Վերջին տասը տարիներին Հայաստանն «արտադրել» է 1000–ից ավել հասարակագետ–գիտությունների թեկնածու։ Ելնելով այս թվից, թվում է՝ միջազգային վարկանշային գիտական հանդեսներում տպագրությունների քանակը նույնպես պիտի զգալի ավելանար, բայց դիտվում է հակառակ պատկեր՝ տպագրությունների թիվը չնչին է։

Օրեր առաջ երիտասարդ արևելագետ, «ԱՐՄԱԿԱԴ» ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել էր երիտասարդ գիտնականների բաց նամակը՝ ուղղված պարոն Աշոտյանին ու գրել, դիմելով մի քանի հոգու՝ Խնդրում եմ ծանոթանալ առաջարկների այս փաթեթին: Դուք նույնպես գիտության թեկնածու եք, կամ կարող էիք լինել թեկնածու ու ձեզ պետք է շատ մտահոգի հարյուրավոր տնտեսագետների, պատմաբանների, իրավաբնների ու այլոց՝ անիմաստ ու աննպատակ գիտության թեկնածու ու դոկտոր դառնալը: Պարոն Արմեն Աշոտյան, այդքան զիբիլ չարտադրելու համար, մի քիչ պետք է փոխել մի քանի կանոնակարգ, հատկապես առաջին կետն է կարևոր: ԲՈՀ-ի նախագահին էլ է պետք փոխել, կամ խիստ նկատողություն տալ, որովհետև նրա թեթև ձեռքով հաստատվել է մի ատենախոսություն, որին ես տվել եմ բացասական կարծիք, քանի որ այն երկրորդ կուրսի ռեֆերատ էր, ոչ թե թեկնածուական ատենախոսություն:

Սա առիթ էր տվել բուռն քննարկման, նույնիսկ հասարակագետներ–բնագետներ վեճերի։ Իսկ Խաչիկ Գևորգյանի այն հայտարարությանը, թե ինքը կուտի իր դիպլոմը, պարոն Աշոտյանը արձագանքեց, ասելով՝ Դեռ մի կեր, սպասիր, հանդիպենք, քննարկենք հարցը, նոր։ :)

Եվ ահա ս.թ. մարտի 23-ին տեղի ունեցավ նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, ներկա էին նաև ՀՀ ԲՈՀ-ի և Գիտության պետական կոմիտեի նախագահներ՝ պրն. Արտյուշա Ղուկասյանը և պրն. Սամվել Հարությունյանը:

Հանդիպման մանրամասների հետ կապված՝ զրուցեցի  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» անդամ Հովակիմ Զաքարյանի հետ

-Հովակիմ, դուք ձեր նամակով ներկայացնում եք բավական լուրջ ծրագիր, որը միտված է՝ բարձրացնելու թեկնածուական ատենախոսությունների մակարդակն ու պատնեշներ դնելու թույլ և կեղծ ատենախոսությունների առաջ: Հակիրճ ներկայացրեք, խնդրեմ, այդ փաթեթը:

-Մենք ՀՀ ԿԳՆ-ին և ԲՈՀ–ին առաջարկել ենք մի շարք փոփոխություններ և հավելումներ կատարել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի մեջ։ Ամենակարևոր առաջարկություններից մեկը վերաբերում է գիտական տպագրություններին, մասնավորապես, մենք առաջարկում ենք՝ պարտադիր պայման դարձնել արտասահմանյան պարբերականներում մեկ և հինգ հոդվածների առկայությունը՝ համապատասխանաբար գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհելու համար։ Ավելին, մենք առաջարկում ենք, որ նշված հոդվածները լինեն տպագրված արտասահմանյան այն պարբերականներում, որոնք հաշվառված են Scopus կամ Web of knowledge շտեմարաններում, հետևաբար ունենան կամ ազդեցության գործակից, կամ էլ հղման նվազագույն ինդեքս։

Ըստ էության, եթե սա դառնա պարտադիր պայման, ապա դա կխրախուսի, որ մեր գիտնականներն ավելի շատ տպագրվեն արտասահմանում, և ամենակարևորը՝ կնվազեցնի այն դեպքերի քանակը, երբ ռեֆերատային մակարդակի աշխատնքներով, որոնք հաճախ ոչ մի գիտական արժեք չունեն, մարդիկ ստանում են գիտական աստիճաններ ու գիտամանկավարժական կոչումներ։

Բացի այս առաջարկից, մենք մի շարք այլ առաջարկներ ևս արել ենք, որոնք միտված են նվազեցնել բյուրոկրատական ավելորդությունները ատենախոսությունների պաշտպանության գործընթացում, ինչպես նաև՝ վերջինս դարձնել առավել թափանցիկ։ Օրինակ՝ ստեղծելով ատենախոսությունների համացանցային շտեմարան, հնարավոր կլինի ծանոթանալ ցանկացած ատենախոսության բովանդակությանը (խոսքն ամբողջ ատենախոսության մասին է, այլ ոչ թե սեղմագրերի)։ Կարևոր է նաև, որ նման շտեմարանն ունենա բանալի բառերի միջոցով փնտրելու հնարավորություն։

-Ո՞ր կետերն են առանձնապես բուռն քնննարկումներ հարուցել, որո՞նք են դրա պատճառները:

-Իհարկե, ամենաշատ քննարկման առարկա դարձավ հոդվածներին առնչվող առաջարկը։ Որոշ երիտասարդ գիտնականներ կարծում են՝ այն ժամանակավրեպ է, քանի որ պետությունը չի ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի արտասահմանում տպագրվելու համար լուրջ գիտական հետազոտություն կատարել։ Սակայն զավեշտալին այն է, որ նման տեսակետ են հայտնում հումանիտարները։ Այո, մեր գիտությունը ֆինանսական լուրջ «սովի» մեջ է, սակայն դա չի նշանակում, որ մենք այդ հանգամանքը որպես արդարացում պետք է օգտագործենք՝ չաշխատելու կամ անորակ գիտական աշխատություններ հրապարակելու համար։ Եթե այդ գիտնականներն իրենց աշխատությունները տպագրում են Հայաստանում, ուրեմն դա կարող են անել նաև արտասահմանյան պարբերականներում։ Հակառակ պարագայում, ստացվում է՝ հայկական պարբերականներում տպագրվում են անորակ գիտական աշխատություններ։ Իսկ ես վստահ եմ, որ դա այդպես չէ։

-Որքանով որ հնարավոր է դատել ինտերնետային հարթակներում ծավալվող քննարկումներից, այս փաթեթին կողմ են բնագետները՝ գերակշիռ մեծամասնությամբ, մինչդեռ հասարակագետների շրջանում հակառակ պատկերն է: Ո՞րն է պատճառը:

-Ես չգիտեմ՝ որն է պատճառը կամ պատճառները, միգուցե խնդիրը նրանում է, որ որոշ գիտնականներ վատ են տիրապետում օտար լեզուներին, կամ միգուցե վստահ չեն իրենց գիտական աշխատանքների որակի հարցում, հետևաբար, նախընտրում են «տապակվել» սեփական յուղի մեջ, կամ միգուցե այդպես ավելի հեշտ է ապրել։ Բայց պետք է մի բան պարզ լինի բոլորիս համար. գիտնականի գործունեության ամենակարևոր չափանիշներից մեկը արտասահմանյան տպագրություններն են։ Նրանք, ում աշխատանքները չեն բավարարում այս չափանիշին, պետք է պատճառներն իրենց աշխատանքի մեջ գտնեն։

Կարևոր է նաև նշել, որ արտասահմանյան պարբերականներում հոդված ունենալու պահանջը մենք չենք հորինել, մենք նոր հեծանիվ չենք ստեղծում։ Գիտության ֆինանսավորման նմանատիպ խնդիրներ ունեցող այլ երկներում էլ, օրինակ Ուկրաինայում, ԲՈՀ–ը պահանջում է ունենալ արտասահմանյան հոդվածներ։ Իսկ, օրինակ, Ռուսաստանի ԿԳՆ կողմից գիտնականների գործունեության գնահատման հիմնական չափանիշ է ընտրվել Scopus շտեմարանում հաշվառված պարբերականներում տպագրված հոդվածների քանակը։

-Ինչպիսի՞ն էր պարոն Աշոտյանի կարծիքը վերը թվարկած հարցերի վերաբերյալ ու ո՞ր կետերին էին վերաբերում նրա առարկությունները, եթե այդպիսիք կային:

-Շատ կարևոր է, որ ԿԳ նախարար պրն. Արմեն Աշոտյանը նույնպես համակարծիք է մեզ հետ և գտնում է, որ արտասահմանյան պարբերականներում հոդված ունենալը պետք է դառնա ՀՀ ԲՈՀ–ի կողմից առաջադրվող պահանջներից մեկը։ Եվ նա հանձնարարեց ԲՈՀ–ի նախագահին աշխատել մեր առաջարկությունների շուրջ, որպեսզի դրանք շուտափույթ կյանքի կոչվեն։ Ես վստահ եմ, որ եթե դա տեղի ունենա, ապա այն կլինի կարևոր քայլ առաջ՝ մեր գիտության և պետության համար։

Հ.Գ. Այն, որ արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում տպագրվելու անհրաժեշտությունը հասարակագիտական ոլորտի համար խիստ հասունացած է, պարզ է վաղուց ու շատերին։

Մասնավորապես, ՊԳՖԱ-ն այն ներառել է իր 30+1 առաջարկների մեջ.

 «Հասարակագիտական ոլորտի որոշակի ակտիվացման նպատակով` առաջարկում ենք ա/ ձեռնարկել առանձին խրախուսական ծրագիր՝ հետևյալ ձևակերպմամբԽրախուսման ենթակա են այն գիտական աշխատանքները, որոնք հաշվառվում են Social Sciences Citation Index, Arts and Humanities CitationIndex, Thomson Reuters, Springer, Scopus, JSTOR, International Bibliography ofthe Social Sciences, Philosophy Documentataion Center eCollection, WestLaw, Linguistic Bibliography միջազգային շտեմարանների ցանկերում»»։

Իսկ ՀՀ կառավարության ընդունած «Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույց»-ում ասված է.

2.3. Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների համար ընդունելի գիտական պարբերականների արդիականացման ծրագրերի իրականացում, միջազգային ինդեքսավորված ամսագրերում գիտական հրապարակումների խրախուսման մեխանիզմների մշակում և ներդրում (2012-2015 թթ.)։ 

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter