
Շարբաթյանի գործով մեղադրյալների կալանքը երկարաձգելու միջնորդություն
Այսօր Վանաձորի դատարանում կքննարկվի փաստաբան Շարբաթյանի սպանության գործով մեղադրյալ Սամվել Դիլոյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու` քննիչի միջնորդությունը, իսկ մյուս մեղադրյալ Արեն Վերանյանի վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդություն կքննարկվի ապրիլի 2-ին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ստեղծված է քննչական խումբ, որը ղեկավարում է Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանը: Նախաքննական մարմինը պնդում է, որ քննչական գործողություններ կատարելու համար իրեն դեռևս ժամանակ է պետք, կան մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն, բացի այդ նշանակված է կրնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Նման պայմաններում քննիչը դատարանից ևս 2 ամիս է պահանջում, որ հասցնի այդ գործողություններն իրականացնել: Նույն հիմնավորումն է բերվում նաև Արեն Վերանյանի մասով:
Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի խոսքով` այսօրվա նիստում ոչ թե մեղավորության- անմեղության, այլ խափանման միջոցը երկարացնել-չերկարացնելու հարցն է քննարկվում, որը, նրա խոսքով, հիմնավոր կասկածի ենթատեքստով է դիտվելու. քննիչը պետք է կարողանա հիմնավորել, որ այս 2 ամսում պատշաճ ջանասիրություն է դրսևորել, բայց դեռևս անելիքներ կան: Ճիշտ է, նախաքննությունը գաղտնի է ընթանում, բայց փաստաբանի տեղեկություններով` 2 ամսում ընդամենը 5 քննչական գործողություն է կատարվել. 3 անգամ հարցաքննվել է Սամվել Դիլոյանը, 2 անգամ` Արեն Վերանյանը, և նշանակվել է կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն: Առերեսումներ դեռևս չեն արվել:
«Ես պատշաճ ջանասիրություն սա չեմ անվանի: Իսկ թե քննիչը է±լ ինչ է արել, ես արդեն չգիտեմ, դա կփորձենք բացահայտել դատարանում»,-նշում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` քննիչը որոշակի փաստեր ներկայացրել է, ինչը փաստաբանն առայժմ չի կարող հրապարակել` նախաքննության գաղտնիությունից ելնելով, բայց պաշտպանական կողմը լուրջ կասկածներ ունի դրանց արժանահավատության և թույլատրելիության վերաբերյալ, ինչը կներկայացնի համապատասխան փուլում, քանի որ առաջնորդվում է որոշակի պաշտպանական մարտավարությամբ:
Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է նաև առաջադրված մեղադրանքին` ներկայացնելով իր տեսակետը. «Գտնում եմ, որ ոչ թե Դիլոյան Սամվելի և Վերանյան Արենի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տրվել, այլ զարմանում եմ, որ նրանց արարքներին ընդհանրապես տրվել է իրավական գնահատական. նրանց արարքներում հանցակազմի հատկանիշներ ուղղակի չկան»,-ասում է փաստաբանը:
Նման մասնագիտական դիրքորոշման է հանգել իր պաշտպանյալների հաղորդած տեղեկությունների, նրանց ցուցմունքների հիման վրա: «Խորին համոզմունք ունեմ, որ թե քննիչը, թե հսկող դատախազներն իրենք էլ քաջ գիտակցում են, որ, օրինակ, խուլիգանությունը, որ վերագրում են, այդտեղ գոյություն չունի, պարզապես առաջին 2 օրում շտապողականության արդյունքում այդ հոդվածը նույնպես մեղադրանքի որոշման մեջ ընդգրկվել է, բայց խուլիգանություն` թեկուզ հենց այն իրավիճակում, որը նկարագրված է իրենց որոշման մեջ, պարզապես չկա: Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ այնպիսի ձևակերպումներ են տրված, որ ակնհայտորեն կհերքվեն հենց նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված ապացույցներով, եթե իհարկե այս պահին արդեն իսկ հերքված չեն»,-համոզված է պաշտպանը:
Լուսանկարում` փաստաբան Ռուբեն Հակոբյանը
Մեկնաբանել