HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությունն ու «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությունը` մեկ ներկայացմամբ

Բրիտանական խորհրդի աջակցությամբ մարտի 30-ին և 31-ին Candoco ժամանակակից պարի թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանդես կգա «Երեք գործողությամբ ներկայացում» բեմադրությամբ և նույն թատրոնի պարողների մասնակցությամբ  «Սահմաններից ներս» ֆիլմի ցուցադրությամբ: Candoco ներառական պարի թատրոնը, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ, իրենց ներկայացումների ուժով հանդիսատեսի մոտ կոտրում են մարդկային հնարավորությունների և արվեստի մասին կարծրատիպերը, իսկ մարդկանց միջև համագործակցությունը դարձնում գործի էությունը: Իր տեսակի մեջ առաջին թատրոնն է Միացյալ Թագավորությունում և առաջատարներից մեկը ողջ աշխարհում: 

«Երեք գործողությամբ ներկայացում»-ը հայտնի պարուսույց Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարի, ամերիկյան ժամանակակից պարի առաջատար Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ստեղծագործության և Մեծ Բրիտանիայի պարի թատրոնի դերասան Ուենդի Հյուսթոնի զարմանահրաշ Imperfect Storm դրամայի համադրումն է: 

Խավիեր դե Ֆրուտոսի Studies for C զուգապարը ներկայացնում է մի զույգի լճացած հարաբերությունները, որը բեմադրելիս դե Ֆրուտոսը ոգեշնչվել է Թենեսի Ուիլիամսի Camino Real (1953) ներկայացումով և Լիլա Դաունսի մեքսիկական ռանչեռա երաժշտությամբ: 

Թրիշա Բրաունի հանրահայտ Set and Reset/Reset ներկայացումը նոր կյանք և ոճ է ստացել հանրաճանաչ Լորի Անդերսենի կատարմամբ և Candoco ժամանակակից պարի թատրոնի յուրօրինակ մատուցմամբ: 

Թատրոնի և պարի հռչակավոր վարպետ Ուենդի Հյուսթոնը համադրում է շարժումը խոսքերի հետ, իսկ իմաստը` հումորի: Imperfect Storm-ը, որը մասամբ հիմնված է Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի վրա, իր հատուկ մշակված զգեստներով և թատերական շարժումներով յուրահատուկ ոճ է տալիս այս ստեղծագործությանը: 

Երեկոյի ընթացքում կցուցադրվի «Սահմաններից ներս» ֆիլմը, որի հեղինակը մրցանակակիր ռեժսոր Մարգըրեթ Ոիլիամսն է, պարուսույցը` Վիկտորիա Մարկսը: BBC-ի և British Arts Council-ի պատվիրած ֆիլմը դիտումից հետո թողնում է մշտական շարժման զգացողություն: 

Այս տարվա ընթացքում սա Candoco պարի թատրոնի երկրորդ այցն է Հայաստան: Հունվարին Candoco-ի դասընթացավարներ Վելլի Օ’Բրայենը և Քրիս Օուենն անցկացրել են վարպետության դասընթաց հայ մասնակիցների համար: 

Այս այցելության ընթացքում ևս կանցկացվեն վարպետության դասըթնացներ հայ մասնակիցների համար: Այս մասին հայտնում է Բրիտանական խորհուրդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter