HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ի անդրադարձը Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի առաջընթացին 2012-ի ընթացքում

Ս.թ. մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գրասենյակը հրապարակել են Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ Հարևանության գործողությունների ծրագրի առաջընթացի 2012թ-ի տարեկան զեկույցը:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ զեկույցն արձանագրում է առաջընթաց բոլոր երեխաների համար դպրոցների մատչելիության զարգացման ուղղությամբ՝ ներառական դպրոցների և գյուղական համայնքների նախակրթարանների ցանցի ընդլայնման շնորհիվ:

Վորլդ Վիժն Հայաստանը, ունենալով տարիների փորձ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության գործում, ողջունում է մի շարք ոլորտներում ԵՄ-ի արձանագրված առաջընթացը Գործողությունների ծրագրով նախանշված ուղղություններում:

Այնուամենայնիվ, զեկույցն արձանագրում է, որ «իր հիմնադրման պահից Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործառույթները համարժեքորեն չեն հզորացվել: 2004-2012թթ. Երեխաների իրավունքների պաշտպանության Ազգային գործողությունների ծրագրին պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտային նախարարությունների կողմից: Առաջընթացը դանդաղում է հատկապես Համայնքային սոցիալական աշխատողների ցանցի ներդրման և խոստացված «բեռնաթափման» բարեփոխումներում, չնայած ՀՀ կառավարության ստանձնած պարտավորություններին. այն է՝ զգալիորեն նվազեցնել երեխաների քանակը շուրջօրյա խնամքի հաստատություններում»:

ԵՄ-ն հանդիսանում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների կենտրոնական դերակատարը ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում: Վորլդ Վիժն Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի ջանքերը և գործուն աջակցությունը՝ ուղղված Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակական բարեփոխումներին:

Հարկ է նշել, որ 2012թ-ի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Երեխաների իրավունքների պաշտպանության նոր 2013-2016թթ ռազմավարությունը, որտեղ, ի թիվս այլ հիմնահարցերի, ներառվել են դրույթներ Համայնքային սոցիալական աշխատողների ներդրման, բեռնաթափման և Շուրջօրյա խնամքի հաստատությունները այլընտրանքային խնամքի ծառայությունների վերակազմակերպման վերաբերյալ, ինչպես նաև հաստատվել է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նոր կանոնադրությունը, որով հանձնաժողովին տրվել է պետական ռազմավարական ծրագրերի իրականացման մոնիթորինգի, ինչպես նաև համապատասխան աշխատանքային խմբեր ստեղծելու նոր գործառույթներ:

«Վորլդ Վիժն Հայաստանը հույս ունի, որ երեխաների իրավունքների պաշտպանության վերը նշված հիմնարար փաստաթղթերում արձանագրված դրույթները համարժեքորեն կյանքի կկոչվեն՝ իրենց տառին և ոգուն համապատասխան: Մենք պատրաստակամ ենք շարունակել Վորլդ Վիժն Հայաստանի ակտիվ աջակցությունը այս գործընթացներին՝ ի շահ ՀՀ-ում երեխաների բարեկեցության», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի զարգացման և որակի բաժնի ղեկավար Լիանա Պողոսյանը:

Վորլդ Վիժն Հայաստան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter