Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի ունեցավ հունիսի 28-ին` ՀՀ ԳԱԱ ղեկավարության ընտրությանը նվիրված ընդհանուր ժողովի ընթացքում: Ժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ-ի 66 իսկական անդամներ (ակադեմիկոսներ), 62 թղթակից անդամներ եւ ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների 41 լիազոր ներկայացուցիչներ: Ժողովին մասնակցեցին 151 անդամներ:
Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նախագահի պաշտոնի համար առաջադրեց Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Մխիթարյանն առաջադրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի թեկնածությունը:
Երկու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ Ռադիկ Մարտիրոսյանը` 102 կողմ, իսկ Լենսեր Աղալովյանը` 34 կողմ: Ընդհանուր առմամբ երկու թեկնածուներին դեմ քվեարկվեց 7 ձայն, եւ 8 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:
ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ գործող փոխնախագահ Յուրի Շուքուրյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում` ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հրանտ Մաթեւոսյանի թեկնածությունը: Յուրի Շուքուրյանը եւ Հրանտ Մաթեւոսյանը ընտրվեցին` համապատասխանաբար ստանալով 118 եւ 115 ձայն կողմ:
Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքերում տեղի կունենան բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների ընտրությունները:
Հունիսի 30-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը կքվեարկի այդ բաժանմունքներում ընտրված ակադեմիկոս-քարտուղարների, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահության մյուս անդամների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել