
Մոնդելչինին և իր սաքսոֆոնը՝ Երևանում
«4 տարի առաջ եմ եղել Հայաստանում, բայց առավել տպավորված եմ 8 տարի առաջ մաեստրո Կոնստանդին Օրբելյանի հրավերով ձեր երկիր կատարած այցովս, երբ առաջին անգամ տեսա լեռներում գտնվող վանքերը և Սևանա լիճը: Այդ ժամանակ ինձ հաճելիորեն զարմացրեց նաև հայ հանդիսատեսի լսելու ունակությունը»,- այսօր նախահամերգային ասուլիսի ժամանակ ասաց իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչին:
Նա ով մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ համերգ է տալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
Իտալացին, լինելով դասական դպրոցի ներկայացուցիչ, նաև ժամանակակից երաժշտության կատարման ջատագովներից է, գործիքային տեխնիկայի ոլորտում նորարարությունների հեղինակ:
Կամերային նվագախմբի հետ համատեղ համերգում կհնչեն դասականի, ջազի, ֆիլմերի երաժշտությունների, տանգոյի միքսեր:
Մոնդելչինին նշեց, որ նվագելու է նաև հայկական երաժշտություն, բայց չցանկացավ բացել փակագծերը և ասել, թե կոնկրետ ինչ:
Հիշեցնենք, որ համերգը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին:
Մեկնաբանել