Շնորհավորանքից հեռու մի տեղ
Չնայած համառ ցանկությանս ժամ առաջ Եռաբլուր գնալու, չստացվեց: Աշխատանքից հետո միայն կարողացա տղերքի մոտ գնալ: Ասեի տղաներին, թույլ կհնչեր, կստացվեր, թե թաղի տղաներին եմ հանդիպել:
Եռաբլուրում տղերք են:
Նույնիսկ չգիտեմ, թե հոգեբանական ներգործությունն է պատճառը, թե իմ չափազանց կենտրոնացումը, բայց տղերքի ու տղաների մեջ մի հազարամյակի չափ տարածություն կա ու էդ ես չեմ հորինել, մենք էլ չենք հորինել: Չարժե անգամ համոզել, թե դա ընդամենը մատուցման կամ ընկալման տարբերություն է: Տղաները տղերք են դառնում կոնկրետ հանգամանքներում և միայն որոշակի առաքելությամբ: Համալսարանում սիլլոգիզմն էդպես էլ լավ չսովորեցի, բայց էնքանն եմ հասկացել, որ առաքելություն իրագործողն է դառնում առաքյալ, որ դա մեկանգամյա բռնկում չէ, այլ կոչում, որ կամ վերցնում են կամ ստանում:
Եռաբլուրում՝ մահն իմացյալի թագակիրներն են:
Եռաբլուրում՝ մահը մահկանացուներին թողած արիներն են:
Եռաբլուրում՝ տղերքն են:
Առաքյալները:
Չէ, սա ես հետո եմ մտածել: Ճանապարհին մտածելս չէր գալիս: Ճանապարհին, հիմա եմ հասկանում, ուրիշ մի տեղում էի, ուր ոչ գնում են, ոչ գալիս: Էդ ինչ-որ մի տեղում տղերքն են, ուր ոչ խոսում են, ոչ լռում: Էդ ինչ-որ մի տեղում ծանր, կապարե մի մառախուղ է, ուր ներքևում տիրող քաոսն ու համատարած պարտությունը բարձրանում է սառը, անձայն քրքիջով, խլացնելով կարոտ կոչվածի արձագանքները:
Էդպես էլ հասել եմ տղերքին: Չեմ հասկանում, տարածությունն է մեծ, թե տրամադրությունը, բայց ամենուրեք տղերքն են, ավելի սթափ, քան ես, ավելի վճռական, քան մենք, կորովհայաց ու արթուն: Էնքան կյանք ու կամք կա նրանց աչքերում, որ սարսռացի իմ պարտության հետ: Բարեբախտաբար, պարտությունս նրանցը չէր ու նրանց համար չէր:
Էսօր մեր հրամանատարի ծննդյան օրն էր, մարտի հինգը:
Օրը վերջանում էր: Թաց, գարնանային ձյուն էր Եռաբլուրում ու լռություն:
Վազգենի հետ ամանորից առաջ բոլորներով, իր սիրած ընդգրկումն էր, բարձրանում էինք նախ տղերքին շնորհավորելու, տղերքից թողություն առնելու, հետո միայն ամենքը գնում էին իրենց ընտանիքների հետ դիմավորելու նոր տարին:
Վազգենից հետո, բոլորներով ամանորը դիմավորում ենք Եռաբլուրում: Հարց չտաք, թե ճիշտ ենք անում, թե սխալ: Եթե հարցնեք, մենք էլ հարցի իրավունք կունենանք ու...: Չեմ շարունակում: Ուրեմն, երկար տարիներ ամանորը դիմավորել ենք Եռաբլուրում, ուր մի տարի մութ-մութ գիշեր էր լինում, մի տարի կիսախավար: Բայց ոչ ոք մթան, խավարի զգացողություն չէր ունենում, չէ, ազնիվ խոսք, չեմ հորինում, բոլորի հոգում լույս էր ու ցերեկ:
Եռաբլուրում թախիծ կա ու հպարտություն, բայց մութ չկա:
Եռաբլուրում թախիծն էլ է լուսավոր, հպարտությունն էլ, մութն էլ:
Էս անգամ օրվա վերջ էր, լուսավոր կիսամութ: Ու ես եկել էի սպարապետի ծնունդը շնորհավորելու:
Տարիների իմ փորձով եմ ասում, Եռաբլուրում մենակ մնալն անհնար է, էնտեղ միշտ մարդ կա: Սրտառուչ լինելու չափ հոգեցունց է, երբ երիտասարդ զույգեր են գալիս, գալիս են ուխտի, գալիս են երդման: Հավատարմության երդումի ավելի զորեզ միջավայր դժվար է մտածել: Տեսնել է պետք, թե զույգերն ինչ քնքշանքով են նայում իրենց եղբայրների լուսանկարներին, շարքերի միջով քայլում են հուշիկ քայլերով, քայլ անելուց խնամքով տնտղելով ոտնառաջը, քայլում են ամոթխածորեն իրար չնայելով: Դա այցելություն է եղբորը: Դա օրհնություն առնելու հանդիսություն է: Դա աղոթքից էլ զորեղ մի բան է, մաքրագործման ծես: Նրանցից մեկի անունն էլ մի օր դառնալու է իրենց առաջնեկի անունը:
Եռաբլուրն հայրենյաց առաջին իսկ նահատակին գրկելուց հետո այլևս դադարեց սար լինել, իր եղբայրներին գրելով է, որ գերեզմանոց չդարձավ: Եռաբլուրը սրբազան Մասիսի ու փառահեղ Արագածի արանքում դարձավ մեր համազգային արժանապատվության ու ինքնապաշտպանության խորհրդանիշը :
Եռաբլուրը մեր նետած ձեռնոցն է պատմության մարտահրավերներին:
Սրանք մտորումներ են տղերքի մոտ, թե տղերքի հետ շրջելու ընթացքում ու չեմ կենտրոնանում որևէ մտքի վրա, որովհետև ամեն մեկի հետ մի տեղ եմ գնում: Ով գեթ մեկ անգամ մենակ անցել է էս սրբազան փաղանգի միջով ու եղել է աստծո ու տղերքի հետ դեմ առ դեմ, նա կիմանա, թե ինչպիսին է եղել նախասկզբնական մաքրությունը:
Համրորեն ծանր կիսամութի հետ մոտեցա Անդրանիկ Օզանյանի հուշարձանին:
Նախ մոտեցա ամենայն հայոց զորավարի հանգստարանին: Շիրմաթմբի էս հանճարեղ անվանումը, երևի, ամենից ավելի զորավարին է սազում, որ մայր հողում, վերջապես, դադար առնի հորիզոններ չափած իր էնքան հոգնաբեկ մարմինը: Եռաբլուրը իրենով հաստատեց, որ հայրենապաշտությունը, հերոսականությունն իր գենետիկան ունի, դա ոգու, էության ու հոգեկերտվածքի ժառանգականությունն է, որ այստեղ հազար-հազար տարվա մեր խիզախների ժառանգորդներն են, հայ ժողովրդի հերոսապատումի իրավատերերը, Անդրանիկ զորավարի սիրասուն զավակները:
Մեկ ուրիշ առիթով, անպայման, կպատմեմ Զորավարի տունդարձի մասին ու Վազգեն Սարգսյանի՝ Անդրանիկի ու Դրոյի շիրիմները հայրենիքում ամփոփելու թանկ ուխտի մասին, որ զինվորական պատիվներով ու պետական ամբողջ հանդիսավորությամբ իրողություն դարձավ ինչպես ինքն էր ուզում, ինչպես ինքը կաներ, ափսոս, հազար ափսոս՝ առանց իրեն, իրենից հետո: Հազարը դեռ կուլ չէր գնացել, որ սասնա տան էն մեծ պատումի ցավն ու ափսոսանքը հառնեց իր թուջե ծանրությամբ ու դարձյալ հերոսական, ջահել, կորովի իր հերոսների համար , դարձյալ սեփական զարմի ձեռքով զարկված լավերի:
Ափսո՜ս, քանի՜ ափսոս էն զարմին ասենք:
Եռաբլուրի թեթև քամին թևիցս բռնած ետ բերեց, թատրոնի հուշարարի պես մի երկու անգամ ակնարկեց մինչև գլխի ընկա, որ սպարապետի ծննդյան օրով տխրությունն ու թախիծը պետք է մինչև վերջ քամել, որ Վազգենին տոն է պակասում, որ Վազգենը մեծ մեռելների դասերին խառնած իր հպարտության դասը թողել է, որ լալու տեղակ ապրել սովորենք, ապրեցնելով՝ ապրել: Վազգենը գիտեր իր համար էլ անիրական, անսպասելի լինելու չափ սպասված հաղթանակի բերկրանքի բերած աղահամը , հաղթանակած ռազմիկի, հրամանատարի հուզմունքի գոլը, բայց ոչ պարտվողականությունը, որը զրկում է ինքնապաշտպանությունից:
Զորավարից թողություն առնելով' մոտեցա Վազգենին: Մեղա, ընկերս, որ տարատեսակ հույզերի ու զգացողությունների ներքո մոռացա շնորհավորել քեզ: Մեղա, որ մենակ էի ու պարտված: Սա արդեն ասում եմ տանը, գրասեղանի առաջ, իսկ տղերքի կողքին նույնիսկ մարմնիս ծանրությունը չեմ հիշում, չեմ հիշում մթնշաղի տաքն ու պաղը:
ՈՒսանողական մի ընկեր ունեի վաղամեռիկ, Սոսը Գաբոյան, որ մեկ-մեկ գրում էր: Իր օրինակով հասկացա, որ բոլոր լոռեցիները մի քիչ փիլիսոփա են ու մի քիչ էլ գրող: Էս իմ սիրելի կիսագրող ու կիսաբանաստեղծ ընկերը հաճախ էր կրկնում իր մի երկտողը. «Կողքով անցնելիս կողքից մի անցիր»:
Սա հիշեցի, ասացի պատմեմ' մտածելով, որ քեզ դուր կգա, սպարապետ: Որովհետև անտարբերը քոնը չէր, որովհետև դու կողքից անցնելիս էդպես էլ չսովորեցիր անցնել կողքից: Չգիտեմ, առաջ էլ էր էդպես, հիմա մի տեսակ կողքից անցնելը շատ է հեշտացել: Սա էլ ծննդյան օրով ասելիք չէր: Թողություն արա, սպարապետ:
Թումանյանի քառյակները շատ էիր սիրում, արտասանում էիր ասմունքողի ակնհայտ ձիրքով: Էս քո սիրած Թումանյանը Զորավար Անդրանիկին նամակ էր գրել, թե ամենաթանկը, որ ունեմ, չորս տղաներս են, որ դնում եմ հայրենյաց զոհասեղանին' հանձնելով քո զորավարական կամքին և չորս դուստրերս, որ գթության քույրեր կլինեն ու կծառայեն մեր ուխտին' թիկունքում: Կողքից տեսնողի պես գիտեմ, թե ոնց էիր հուզվում ամեն անգամ էս մասին հիշելիս: Էս է մեր ժողովրդի ապրելու խորհուրդը, հանդիմանանքով կնայեիր շուրջդ:
Երևի գարնանային ձյունախառը անձրևն էր մեղավորը, էս անգամ ծնունդդ մի տեսակ էն չստացվեց:
Մենակ ու պարտված, գո ու անգո երկար էի կանգնել, երբ մեկն ինձ խաղաղություն մաղթեց, քրոջական իր բնազդով զգալով, որ էստեղ մնացողիս ամենից ավելի հոգու խաղաղություն է հարկավոր: Մաղթեց ու չլսելով իմ զգացված երախտագիտությունը, մոտեցավ քեզ սպարապետ, մերաբար համբուրեց հպարտ ճակատդ ու սկսեց աղոթել: Ես դասը վերհիշածի պես ամոթխածորեն միայն ինձ լսելի իր հետ հայր մերն էի ասում: Հետո շատ հուշիկ սկսեց շարական երգել: Հետո Եռաբլուրն էլ միացավ իրեն ու ձայնը կամաց-կամաց բարձրացավ: Չգիտեմ էլ տեսնելու բան էր, թե լսելու, բայց զրնգում էր ձայնը, մեզ ծանոթ շարականը ծորում էր հատու, քայլերգի պես, իր արած գործի արդարության համոզմունքով: Գրող էլ լինեի, էսպես հորինել չէի կարողանա: Արդեն չգիտեմ, եթե սա երգ էր, աղոթքի պես էր հնչում, թե սա ոգեկոչ էր, շատ էր մարտաշունչ , աղոթք էր եթե' պահանջատիրոջ երանգ կար շնչում: Էսպես պատարագում էր քույրդ՝ սպարապետ, նկարիդ հենված: Էդպես հենվում են եղբոր ուսերին:
Նվիրաբերումի մեղեդին մեկեն ընդհատվեց ու մոր նման քույրը, լսեցի, թե ինձ թվաց, բարձրաձայն աղոթում էր քո ժողովրդի համար սպարապետ, հայրենիքիդ համար:
Դու քույր չունեիր, Վազգեն, ու հիմա քույրդ ծննդյանդ օրով եկել էր հայրենիքիդ համար աղոթելու:
Անդրանիկ Հակոբյան
05.03.2013թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել