Սուր շնչառական վարակների նվազման միտում կա
Հանրապետությունում իրականացվող մշտադիտարկման տվյալներով վերջին 10 օրվա ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է 1.1 անգամ։ Եթե մարտի 11-ից 17-ը գրանցվել է հիվանդության 11404 դեպք, ապա 18-24-ը՝ 10180:
Նվազել են նաև սուր շնչառական վարակների համար շտապօգնության կանչերը:
Մշտադիտարկումը շարունակվում է հանրապետության 550 նախադպրոցական կազմակերպությունում, որից Երևանում՝ 160, մարզերում՝ 390:
Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված 5% և ավելի բացակայության դեպքեր են արձանագրվել Երևանի 73 և մարզերի 44 նախադպրոցական կազմակերպությունում: Նշված նախադպրոցական կազմակերպություններում ուժեղացվել է համաճարակաբանական հսկողությունը:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում կազմակերպվել և իրականացվել է 122 լաբորատոր հետազոտություն, որի արդյունքում 28 դեպքում անջատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, 38 դեպքում՝ գրիպի Բ տեսակը: Մնացած հետազոտությունների արդյունքները եղել են բացասական:
Վերջին օրերի հետազոտությունների արդյունքում խիստ նվազել է գրիպի Ա H1N1-ի արձանագրումը: Հիմնականում արձանագրվում է գրիպի Բ տեսակը:
«Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում արձանագրված 7 տարեկան երեխայի մահվան դեպքին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում անջատվել է գրիպի Ա տեսակը»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել