
Հայաստանում կհիմնադրվի ֆրանսիական լիցեյ
Հայաստանի և Ֆրանսիայի միջև նախապատրաստվում է նոր համաձայնագիր՝ Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմանդրելու վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ այսօր Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում ընդունելով Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և վերջինիս անդամ հանդիսացող Հայաստանի համալսարանների միջև համագործակցության շրջանակներում գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտիին և գործակալության տարածաշրջանային ղեկավար Աբդերահման Ռիդային:
Արմեն Աշոտյանն ասել է, որ վերջին տարիներին Հայաստանում ընդլայնվել են ֆրանսերենի դասավանդման ծրագրերը հանրակրթական դպրոցներում:
«Տարածաշրջանում միակ Ֆրանսիական համալսարանից բացի՝ ՀՀ մի շարք բուհերում ֆրանսերենը դասավանդվում է որպես առանձին մասնագիտություն»,-ասել է Արմեն Աշոտյանը:
Վանդա Դիբոլտին նշել է, որ օրերս Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը, իսկ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության «Երևանի ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնին» ավելի մեծ տարածք է տրամադրվել:
Վանդա Դիբոլտին տեղեկացրել է, որ մոտ ապագայում ասոցիացիայի անդամ ՀՀ չորս բուհերի ներկայացուցիչներ կմասնակցեն Սան-Պոլոյում կայանալիք կրթական գագաթաժողովին, որին ներկայացված կլինի աշխարհի շուրջ 800 բուհ: Ըստ գործակալության գլխավոր քարտուղարի՝ գագաթաժողովը հայաստանյան բուհերի համար առիթ է՝ ներկայանալու և համապատասխան գիտակրթական կապեր ամրապնդելու աշխարհի այլ բուհերի հետ:
Մեկնաբանել