Արա Հարությունյան. «Այն, որ թռիչքները տեղի կունենան, հաստատ է 100%-ով»
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման խնդրին:
«Մենք ավարտել ենք օդանավակայանի կառուցումը 5-6 ամիս առաջ: Այն, որ թռիչքները տեղի կունենան, հաստատ է 100%-ով: Հստակ ժամանակը նշանակված չէ, քանի որ դեռ պետք է լուծվեն որոշ տեխնիկական խնդիրներ: Այս հարցը պետք է դիտարկել մարդկային և ոչ թե քաղաքական տեսանկյունից: Մարդիկ իրավունք ունեն շարժվել ցամաքային և օդային ճանապարհով»,- ասել է Արա Հարությունյանը:
Թերթն անդրադարձել է նրան, որ Ադրբեջանի դեմ պատերազմի ավարտից մոտ 20 տարի անց Ղարաբաղը փորձում է այս կերպ պայքարել սեփական մեկուսացման դեմ: ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղին կապող հիմնական ուղին երկար և ոլորուն, տեղ-տեղ շատ լեռնային մի ճանապարհ է, որ դժվարանցանելի է ձմռանը՝ առատ ձյան պատճառով: Երևանից Ստեփանակերտ հասնելու համար անհրաժեշտ է մոտ 8 ժամ:
«Լը Մոնդը» հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը ի սկզբանե սպառնում էր ոչնչացնել օդանավը, եթե թռիչքները վերսկսվեն, սակայն հիմա փոքր-ինչ մեղմացրել է իր հայտարարությունները, մինչ ամերիկացիները և եվրոպացիները զսպվածության կոչ էին անում Երևանին, որ չբարդանան հարաբերությունները:
«Եթե Ադրբեջանը կրակ բացի, ապա նոր պատերազմ կսկսվի, և նրանք չեն կարող օգտագործել իրենց օդանավերը՝ թռիչքները խափանելու համար, քանի որ մենք ունենք մեր հակաօդային միջոցները,- «Լյո մոնդին» ասել է Արա Հարությունյանը և հավելել:- Այս տարի Ադրբեջանում ընտրություններ են անցկացվելու, հետո ավելի հեշտ կլինի, նույնիսկ եթե նրանք շարունակեն արձագանքել հիստերիկ կերպով»: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել