
«Սինոփսիս Արմենիան» և «Ղարաբաղ տելեկոմը» կհամագործակցեն Արցախի պետական համալսարանի հետ
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն, «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ-ն և Արցախի պետական համալսարանը Արցախում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի կրթության խթանման նպատակով այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Կիրառելով արտադրություն-բուհ կրթական մոդելի հաջողված և համըդնհանուր հավանության արժանացած փորձը՝ ծրագիրը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) աշխատուժի շուկային արտադրությանը պատրաստ շրջանավարտներ տրամադրել, ովքեր օժտված կլինեն ժամանակակից պահանջներին բավարարող գիտելիքներով և գործնական հմտություններով:
Համաձայնագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կստեղծվի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացմամբ բակալավրական և մագիստրոսական ծրագրերով կրթություն իրականացնող «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» համահամալսարանական ամբիոնը, որի համար կստեղծվի գերժամանակակից սարքային և ծրագրային ապահովմամբ հագեցած ինֆրակառուցվածք, այն կհամալրվի միջազգային ամենաբարձր չափանիշներին բավարարող կրթական ծրագրերով և ուսումնական նյութերով, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում վերապատրաստված որակյալ դասախոսներով:
«Ղարաբաղ տելեկոմի» հատկացրած 28 միլիոն դրամի աջակցության շնորհիվ, համաձայնագրի շրջանակներում արդի և ուսումնական պահանջներին և չափանիշներին համապատասխան կկահավորվի և արդիական համակարգչային տեխնիկայով կվերազինվի համալսարանի տրամադրած համապատասխան լսարանային տարածքը, կփոխհատուցվեն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը և հավասարեցված այլ վճարները:
«Սինոփսիս Արմենիան» համալսարանին անվճար կտրամադրի համապատասխան մասնագիտացմամբ որակյալ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ «Սինոփսիս» ընկերության ծրագրային գործիքների փաթեթների 60 լիցենզիա և համապարփակ ուսումնական նյութեր, որոնք կընդգրկեն բոլոր դասավանդվող դասընթացների ամբողջական մեթոդական ապահովվածությունը, դասախոսությունների ներկայացումները, լաբորատոր, գործնական աշխատանքների և կուրսային նախագծերի մեթոդական ապահովվածությունը, տնային աշխատանքները և քննական հարցատոմսերը, ինչպես նաև առնվազն կես տարին մեկ անգամ կվերապատրաստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը:
Կողմերի համաձայնեցրած չափորոշիչների համաձայն, Արցախի պետական համալսարանը կստեղծի համահամալսարանական ամբիոն, այնտեղ կիրականացնի ամենօրյա կրթական գործունեություն և համապատասխան ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտած ուսանողներից ուսանողական համակազմի ընտրություն: Ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառությունը շարունակել մագիստրատուրայում:
Մեկնաբանել