Տիգրան Սարգսյանը գործարարներին կոչ է անում կառավարությանը ներկայացնել բիզնես-ծրագրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ավելի քան 100 արդյունաբերական ընկերության ներկայացուցիչներ:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2 տարի առաջ Դիլիջանում կառավարությունն առաջին անգամ կազմակերպված քննարկման շրջանակում, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները, տարբեր երկրներից հրավիրված փորձառու գործիչներ և փորձագետներ, առաջ քաշեց այն գաղափարը, որ այսուհետև իշխանությունները պարտավոր են ակտիվ մասնակցել տնտեսության կառուցվածքի ձևավորման գործին:
«Մենք հանրությանը ներկայացրինք նոր տնտեսական քաղաքականություն, որն արժանացավ նաև ձեր հավանությանը, և որն արդեն 2-րդ տարին է' հետևողականորեն իրականացնում ենք: Փորձը ցույց է տալիս, որ այն դեպքում, երբ պետությունը մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրված եղանակով իրականացնում է այս կամ այն ոլորտի զարգացման համալիր ծրագիր, արձանագրվում են առաջընթաց և զարգացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետություն-մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի տեսական հիմքերի ձևավորումն էր և ձեռնարկություններին օժանդակություն տրամադրող հանրապետական ներդրումային հիմնադրամի ստեղծումը:
Երկրորդ քայլով պետությունը պատրաստակամություն է հայտնել բիզնեսը զարգացնելու առաջարկությունների հիման վրա ձեռնարկատերերի հետ հանդիպումների ընթացքում քննարկել հեռանկարային ներդրումային տարբեր ծրագրերը, որոնցում անհրաժեշտ է պետության միջամտությունը: Պետությունը պատրաստ է երկխոսել ինչպես մեծածավալ վարկեր վերցրած, բայց դրանք մարել չկարողացող ձեռնարկությունների, այնպես էլ հաջողության հասած և շուկայում որոշակի դիրք զբաղեցնող, բայց որակական փոփոխության խնդրի առջև կանգնած ձեռնարկությունների հետ, լսել նրանց բիզնես-առաջարկները և տրամադրել առկա բոլոր հնարավորությունները:
«Կոչ եմ անում ձեզ լինել ակտիվ և ներկայացնել ձեր բիզնես-ծրագրերը: Մեր ռազմավարությունը լինելու է առավելագույնս օբյեկտիվ. հրապարակավ ներկայացնելու ենք այս կամ այն բիզնեսին օժանդակելու չափանիշները: Առաջին հերթին, մեզ հետաքրքրում են այն ձեռնարկությունները, որոնք ունեն արտահանման մեծ ներուժ, ձեռնարկությունները, որոնք ցույց են տալիս, որ պետական օժանդակության շնորհիվ ստեղծվում են բարձր արտադրողականություն ունեցող աշխատատեղեր, ձեռնարկությունները, որոնք ակնհայտորեն ունեն մենեջմենթի բարձր մակարդակ, ինչն ապացուցվում է իրենց կենսագրությամբ և վերջին 5 տարվա ընթացքում տնտեսություն վարելու փորձով: Առաջնահերթ են լինելու նաև այն ծրագրերը, որոնց շուրջ գործարարները կարող են միավորվել և իրականացնել համատեղ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը զեկուցել է արդյունաբերության ոլորտի ընթացիկ իրավիճակի և ոլորտի զարգացմանը նպաստող հիմնական միջոցառումների մասին: Ելույթ են ունեցել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Հանդիպմանը մասնակցող գործարարները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, արծարծվել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակահարմարության հարցը և այլն:
Նեղ կազմով հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային նոր ծրագրերը' ուղղված արտահանման աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը կամ ավելացմանը, արտադրության ընդլայնմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակության հարցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել