Միջանկյալ զեկույց. դատական համակարգի անկախությունը Հայաստանում լուրջ խնդիր է մնում
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) կողմից մարտի 28-ին տարածած հաղորդագրության հաջորդիվ շարունակում ենք ծանոթացնել օրերս ներկայացված միջանկյալ այլընտրանքային զեկույցին։
Զեկույցը ներկայացվել է ՔՀԻ-ի, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (ՆՀԿ) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) կողմից՝ 2010 թ. մայիսին կատարված և Հայաստանի Համընդհանուր պարբերական վերանայման[1] զեկույցին վերաբերող հանձնարարականների շրջանակներում։ Միջանկյալ զեկույցն ընդգրկում է 2010թ. մայիսից 2012թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը և այդ ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ուղղված՝ պետական մարմինների ձեռնարկած քայլերի գնահատումը։
ՀՀ իշխանությունները որոշ քայլեր են ձեռնարկել օրենսդրության լրամշակման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել են նոր Քրեական դատավարության օրենսգիրքը, կատարել են որոշ փոփոխություններ և լրացումներ Քրեական օրենսգրքում, մշակել են դատական համակարգի բարեփոխման քաղաքականություն և ծրագրեր։ Սակայն գործնականում մարդու իրավունքների ոլորտում վերցված իր պարտավորությունների կատարման հարցում Հայաստանն իրական առաջընթացի չի հասել:
Մի շարք խնդիրներ են արձանագրվել արդարադատության իրականացման ոլորտում։
Այսպես, դատական համակարգի անկախությունը Հայաստանում լուրջ խնդիր է մնում: Շատ դեպքերում դատարանները չեն ապահովում միջազգային և ազգային օրենսդրությամբ նախատեսված արդար դատավարության չափանիշների երաշխիքների կիրառումը: Դատարանները կողմնակալություն են դրսևորում հօգուտ մեղադրողի՝ խախտելով անմեղության կանխավարկածը, կողմերի հավասարության և դատավարության ընթացքում մրցակցության սկզբունքները:
Առ այսօր Հայաստանում բացակայում է թե անչափահասների գործերով արդարադատության համակարգը և թե չկան անչափահասների հետ աշխատանքներում մասնագիտացված դատախազներ, քննիչներ և փաստաբաններ: Շատ են կիրառվում անչափահաս ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման հետ կապված պատիժները:
Էական փոփոխություն տեղի չի ունեցել նաև Հայաստանի քրեակատարողական համակարգում: ՀՀ քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, իսկ դրանց պայմանները չեն բարելավվել: Դատապարտյալների համար որևէ վերականգնողական ծրագրեր չեն մշակվում:
Միջանկյալ այլընտրանքային զեկույցը հիմնված է ՔՀԻ-ի և FIDH-ի կողմից կատարված համապարփակ մոնիթորինգի և հետազոտությունների վրա, որոնք իրականացվել են ՆՀԿ-ի աջակցությամբ և ներառում են հետևյալ ոլորտները՝ փոխհատուցման արդյունավետ միջոցի իրավունք, արդար դատավարության իրավունք, դատական համակարգի անկախություն, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելում, քրեակատարողական համակարգ և անչափահասների նկատմամբ արդարադատության իրականացում:
Վերոնշյալ խնդիրների առնչությամբ ՔՀԻ-ն, ՆՀԿ-ն և FIDH-ը ներկայացրել են համապատասխան առաջարկություններ և դիմում են ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք կրկնապատկեն ջանքերը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հանձնարարականների և Հայաստանի՝ 2010թ.-ին ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։
[1] ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ներքո ստեղծված Համընդհանուր պարբերական վերանայումն ընդգրկում է ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության մարդու իրավունքների ոլորտի գնահատումը և իրավիճակի բարելավմանն ուղղված գործընթացի մասին հաշվետվությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել