Սեյրան Օհանյան. «Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ձգտենք դառնալ Նելսոն»
Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հադիսավոր միջացառում՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ, օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ:
Ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմակայանի ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան և ներկաներին կրկնակի հերոսի մասին պատմեցին ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Նելսոն Ստեփանյանի թոռնուհին և այլք:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում նշեց, որ Նելսոն Ստեփանյանը կենդանի լեգենդ էր, ով պատերազմների ընթացքում չի երկնչել թշնամու զորքերի քանակից, նրան չի հուսահատեցրել հառակորդի նոր տեխնիկան:
«Նա կարողացել է դառնալ խոշոր կազմավորման հրամանատար, և իզուր չէ, որ այսօրվա մեր ռազմաօդային ստորաբաժանումների մեջ այն մարտավարական նորարարությունները, որ կատարել է նա, ուսումնասիրության առարկա են։ Մարդկության պատմությունը լի է բազմաթիվ ռազմական իրադարձություններով, որոնց ընթացքում ծնվել են հերոսներ, ովքեր հետո դարձել են մի ողջ սերնդի հպարտությունը, լավի օրինակը. այդ հերոսներից է Նելսոն Ստեփանյանը: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ձգտենք դառնալ Նելսոն»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա հանդիսության ավարտին ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական-ավիացիոն ինստիտուտի և ԶՈւ օդային պաշտպանության ստորաբաժանման մի շարք զինվորականների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների պարգևատրեց գերատեսչական մեդալներով:
Երեկ Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-րդ տարեդարձի կապակցությամբ մեծարման արարողություն է տեղի ունեցել կրկնակի հերոս օդաչուի կիսանդրու մոտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել