HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իվանչուկը «շրխակցրեց դուռը», ինչից օգտվեց Կրամնիկը

Երեկ երեկոյան անակնկալ զարգացումներ տեղի ունեցան Լոնդոնում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում: Նախ՝ Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Վլադիմիր Կրամնիկին, որի հետ առաջին փուլում ոչ-ոքի էր խաղացել: Այնուհետ գրանցվեց ամենամեծ անակնկալներից մեկը՝ մրցաշարի եւ համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենը սպիտակներով պարտվեց անհաջող հանդես եկող Վասիլի Իվանչուկին: Ռաջաբով-Գրիշչուկ եւ Գելֆանդ-Սվիդլեր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի: 

Փաստորեն, անհաջող ելույթներից հետո Իվանչուկն իր հետեւից «շրխկացրեց դուռը», ինչից օգտվեց ամբողջ մրցաշարի ընթացքում Կառլսենին ու Արոնյանին հետապնդող Կրամնիկը: Աշխարհի 14-րդ չեմպիոնը նախ առաջ անցավ Արոնյանից, ապա օգտվեց Կառլսենի սայթաքումից եւ հիմա առաջին հորիզոնականում է: Արդեն նշել ենք, որ Արոնյանի հավակնությունների մասին իրատեսական չէ խոսելը, եւ դա հիմա առավել քան պարզ է: 

Մրցաշարային աղյուսակը 12 տուրից հետո ունի հետեւյալ տեսքը.

1.Կրամնիկ- 8
2.Կառլսեն- 7,5
3.Արոնյան- 6,5
4.Սվիդլեր- 6
5.Գելֆանդ- 5,5
6.Գրիշչուկ- 5,5
7.Իվանչուկ- 5
8.Ռաջաբով- 4,5 

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր, այսօր հանգստյան օր է, խաղերը կկայանան մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին: Կրամնիկը սպիտակներով մրցելու է Գելֆանդի եւ սեւերով՝ Իվանչուկի հետ: Իսկ Կառլսենը սեւերով խաղալու է Ռաջաբովի եւ սպիտակներով՝ Սվիդլերի հետ: Կկայանան նաեւ Գրիշչուկ-Արոնյան, Արոնյան-Ռաջաբով պարտիաները:

Մագնուսի հույսն այն է, որ Կրամնիկը միավոր կկորցնի, խոսքը հատկապես Իվանչուկի հետ խաղի մասին է: Սակայն մյուս կողմից, ինչպես երեւաց այս ընթացքում, ի տարբերություն նույն Արոնյանի, որը երբեմն անտեղի միավորներ է շռայլում մրցակիցներին, ձեռքից բաց թողնելով իրական հաղթանակը, փորձառու Կրամնիկը գործում է բավականին կայուն ու հավասարակշիռ: Մրցաշարի ֆավորիտներ էին համարվում հենց Կառլսենն ու Արոնյանը, հատկապես առաջինը, սակայն այժմ Անանդի թագին կրկին կարող է հավակնել Կրամնիկը, ինչպես եղավ 2008-ին, երբ հնդիկ գրոսմայստերը հաղթեց Վլադիմիրին: Սխալ կլինի Մագնուսին հաշվից հանել, քանզի նրա եւ Կրամնիկի միջեւ ընդամենը կես միավորի տարբերություն կա, բայց արդյոք նախկին չեմպիոնը բաց կթողնի հիանալի հնարավորությունը, առավել եւս, որ նա 12 պարտիայում ոչ մի պարտություն չի կրել եւ տարել է 4 հաղթանակ:

Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վերջին երկու տուրում:  

Վերջին անհաջողությունից հետո Արոնյանի ընթացիկ վարկանիշը կրկին նվազել է, եւ այժմ հայ շախմատիստը ունի 2809,2 էլո, որով զիջում է Կառլսենին (2870,8) ու Կրամնիկին (2817,5): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter