HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետը գուշակություններ չի անում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննն այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Ստորեւ` որոշ հատվածներ այդ հարց ու պատասխանից:

Վերջերս գյուղ էիք այցելել եւ հայտարարություն արեցիք, որը, մեր կարծիքով, Ձերը չէր: Որտեղի՞ց գիտեք, թե կովերին ինչպես են կթում` մաքու՞ր, թե՞ կեղտոտ ձեռքերով:

Ես այդպիսի հայտարարություն չեմ արել, այդպես է ներկայացվել որոշ լրատվամիջոցների կողմից: Այդ հանդիպման ժամանակ ինձ հետ էին նաեւ Համաշխարհային բանկի փորձագետները, որոնք նյութը ներկայացրին մեր դատին: Ես ընդամենը մասնագետների այդ կարծիքը ուղղեցի դահլիճում նստած գյուղացիներին` հարցնելով` արդյոք Համաշխարհային բանկի մասնագետների բացահայտած պրոբլեմն առկա՞ է գյուղում, եւ դա ինչպե՞ս են լուծելու: Նրանք էլ ասացին, որ այո, Հայաստանում նման խնդիր կա: Պետք չէ ինձ վերագրել Համաշխարհային բանկի փորձագետների մեկնաբանությունները եւ գնահատականները, բայց քանի որ լրատվական միջոցներում գերիշխում էին գարնանային տրամադրությունները, մեկնաբանություններն էլ այդպիսին էին: Դա պետք է լրագրողների խղճին մնա:

Որոշ քաղաքական ուժեր պնդում են, որ Կառավարության որդեգրած բարեփոխումներն իրենց վերջնակետին չեն հասնում կամ չի ստացվում, որովհետեւ վարչապետը թույլ է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

Եթե վարչապետը թույլ է, իմաստ ունի՞ այդ թույլ վարչապետի վրա այդքան միջոցներ ծախսել, որոշ լրատվական միջոցներով լայնամասշտաբ հարձակումներ սկսել, ֆինանսական ծախսեր անել: Կարծում եմ` իմաստ չունի: Դա ցույց է տալիս ոչ թե թուլությունը, այլ այն, թե ով է կանգնած քննադատության կենտրոնում: Դա ամենեւին մեզ չի կաշկանդում, ընդհակառակը, այդ քննադատությունը մեզ ուժեղացնում է, մանավանդ, որ մենք գիտենք, թե ովքեր են եւ ինչ նպատակներ են հետապնդում:

Ձեր հրաժարականի մասին լուրերը համառորեն չեն դադարում, ի վերջո, ե՞րբ եք հրաժարական տալու: Խոսվում է, որ Ձեզ փոխարինելու է Հովիկ Աբրահամյանը:

Հենց նոր Հովիկ Աբրահամյանին դիմեցի այդ առաջարկով, նա եւս մեկ անգամ հրաժարվեց: Իսկ եթե ավելի լուրջ, ոչ մի վարչապետ չի հրաժարվել նման հարցադրումներից: Եթե հիշեք երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին, ապա նույնպես կհամոզվեք, եւ գարնանային, եւ աշնանային քաղաքական գործընթացները, որ սկսվում էին, այդպիսի լուրեր էին շրջանառվում, որ հրաժարական է տալու եւ այլն: Դրան պետք է շատ հանգիստ վերաբերվել, որովհետեւ գործադիր իշխանության ղեկավարը միշտ էլ գտնվում է ուշադրության եւ քննադատության կենտրոնում: Դուք էլ պետք է հանգիստ մոտենաք, մեր երկրում ամեն ինչ նորմալ հունով է ընթանում:

Դրամի արժեզրկման նոր գործընթաց է սկսվել: Այս պայմաններում Հայաստանի տնտեսությունը ինչպե՞ս պետք է զարգանա:

Հայաստանում 1993 թ. դեկտեմբերից լողացող փոխարժեքի կուրս է իրականացվում: Այսինքն` շուկան է որոշում, թե ինչպիսին է լինելու փոխարժեքը: Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, իսկ փոխարժեքի դեպքում` անթույլատրելի: Նաեւ հանրապետության նախագահը Կենտրոնական բանկի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շուկայում կտրուկ տատանումներ չպետք է լինեն: Այն տատանումները, որ դիտարկում ենք, դրանք չափավոր, նորմալ շուկայական տնտեսությանը բնորոշ տատանումներ են: Կարծում եմ` ԿԲ-ն ի վիճակի է մեր շուկան զերծ պահել ցնցումներից:

Իսկ տնտեսության անմխիթար վիճակի մասին ի՞նչ կասեք:

Իսկ երբվանի՞ց եք արձանագրել այդ անմխիթար վիճակը: Այսինքն` 5 տարի առաջ բարգավաճող վիճակում էինք, հետո դարձավ անմխիթա՞ր: Ես հիշում եմ Արշակ Սադոյանի ելույթները, որ մենք կանգնած ենք կործանման եզրին, եւ վաղը, մյուս օրը վերջին օրն է, եւ կործանվելու ենք: Ձեզ հետ միասին հետճգնաժամային փուլում ենք գտնվում: Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ աշխարհում շատ բան է փոխվել: Աշխարհում նաեւ տնտեսական զարգացման մոդելն է փոխվել: Աշխարհի լավագույն մասնագետներն այս հարցն այսօր քննարկում են եւ փորձում են հասկանալ, թե այս փուլը երբ է ավարտվելու, համաշխարհային գների տատանումը երբ է ավարտվելու եւ այլն: Լրջագույն փորձություններ են մեզ առջեւում սպասվում եւ կարծում եմ, որ ունենք համապատասխան գործիքներ մեր նավը համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ, առանց ռիսկերի կառավարելու: Ուզում եմ, որ դուք էլ այդ ազդակները ժողովրդին հաղորդեք, որ Կառավարությունը կարողանում է այդ  բոլոր մարտահրավերները ճիշտ գնահատել եւ ձեւավորել այնպիսի գործիքակազմ, որ ձեզ հետ միասին մեր քաղաքացիներին զերծ ենք պահելու ավելորդ ռիսկերից եւ ցնցումներից:

Նախագահը Ձեզ երկու ամիս ժամանակ է տվել տնտեսության մեջ զգալի աճ գրանցելու համար: Իսկ եթե այդ պահանջները մինչեւ վերջ չկատարվե՞ն, կամ արդյո՞ք կկատարվեն այդ պահանջները:

Կարծում եմ` որոշ լրատվամիջոցներ նախագահի խոսքը փորձում են աղավաղել: Այդպիսի վերջնաժամկետներ Կառավարության առջեւ ոչ ոք չի դրել, այդ թվում` հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահը ձեւակերպել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ, ընդ որում` մինչեւ մայիս  մենք ինքներս արձանագրել ենք, որ լինելու են դրական տեղաշարժեր, մենք բոլորս տեսնելու ենք: Միջնաժամկետ առումով էլ է դա լինելու: Տարվա վերջում մենք ակնկալում ենք, որ գնաճն էլ կկարողանանք զսպել, եւ այն կտրուկ կնվազի: Այնպես որ, պետք է խոսել մինչեւ մայիս, մինչեւ օգոստոս, սեպտեմբեր, դեկտեմբեր անելիքները, ինչպես նաեւ մինչեւ ընտրությունները նախապատրաստված լինենք:

Հանրապետության նախագահի, Ձեր եւ գյուղնախարարի հանդիպման ժամանակ, ի վերջո, համաձայնության եկա՞ք, թե գյուղացիներին քանի տոկոսով եք վարկ տալու:

Կառավարության որոշումը չափազանց հստակ է: Կառավարությունը սուբսիդավորելու է տոկոսները, այսինքն` գյուղացու փոխարեն որոշակի տոկոսներ վճարելու է Կառավարությունը, որպեսզի վարկը գյուղացուն հասնի 10%-ով: 4%-ով կոմպենսացնելու ենք տոկոսադրույքները, իսկ առավել անապահով համայնքներում` շուրջ 224 համայնք, սուբսիդավորելու ենք 6%-ով: Դա նշանակում է, որ 224 համայնքում վարկերը գյուղացիները ստանալու են 8%-ով: Բավականին ցածր տոկոս է, վարկերը դրամային են, եւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում գոյություն ունի ինֆլյացիա, ապա ռեալ տոկոսադրույքը շատ ցածր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter