HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Յարութեան տօնը քրիստոնէական ջերմեռանդութեամբ նշւեց Ատրպատականի հայոց թեմում

Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան - Սուրբ Յարութեան նախորդող Ճրագալոյցին եւ Կիրակի օրւան հանդիսաւոր արարողութիւնները Շաբաթ 30 եւ Կիրակի 31 Մարտ 2013-ին քրիստոնէական ջերմութեամբ լցրեցին հաւատացեալների սրտերը, որոնք տօնական բացառիկ խանդավառութեամբ ներկայ գտնւեցին զոյգ արարողութիւններին, ազգային-եկեղեցական աւանդութիւններով զօրանալով:

Արդարեւ, Ճրագալոյցի Սուրբ պատարագին ներկայ գտնւող բազմութիւնը Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում, երկիւղածութեամբ հաղորդւեց Քրիստոսի Ս. Մարմնով եւ Արեամբ: Կրտսերների դպրաց դասը մոմակրութեամբ եւ քշոցակրութեամբ սպասարկեց Ս. Խորանին:

Սրբազան երգեցողութիւնը քառաձայն կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ-խմբավար պրն. Վարդան Վահրամեանի: «Գովեա Երուսաղէմ զՏէր, Յարեաւ Քրիստոս» յաղթական շարականի երգեցողութեամբ աւետւեց Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը, յաղթական ապրումներով յագեցնելով քրիստոնեայ հաւատացեալների սրտերը:

Յաջորդ օր՝ Կիրակի, Թաւրիզի Բերդաթաղի (Ղալա) Ս. Աստւածածին Մայր Եկեղեցում հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցեց եւ քարոզեց Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանը: Զատկական իր պատգամի մէջ, Հայր Սուրբը առաջին հերթին անդրադարձաւ մեր Տիրոջ մահւան վրայ տարած աննախադէպ յաղթանակին:

«Խաւարին, մահւան ու վախին առաջացրած անորոշութիւնը փարատող Արեգակն է Յիսուսի Յարութիւնը, որը լուծում բերեց աշխարհի վրայ մենատիրութիւն հաստատած մահւան անյաղթելի գաղափարին» ասաց Թեմակալ Առաջնորդը:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, եկեղեցու Խնամակալ Մարմնի կազմակերպութեամբ, ինչպէս նաեւ Հ.Մ.Ա.Կ-ի կողմից տեղի ունեցաւ ձւամարտ, խանդավառելով յատկապէս նոր սերնդի մեր զաւակները:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 7-ից սկսած, Ազգային Առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» Դահիլճում, Թեմակալ Առաջնորդը եւ Թեմական Խորհուրդը ընդունեց ժողովրդի շնորհաւորական այցը: Բոլորի հետ փոխանակւեցին Սուրբ Զատկւան բարեմաղթութիւններ:

Ուրմիայում եւ Գեարդապատում եւս տեղի ունեցան Ճրագալոյցի եւ Ս. Զատկւան ժամերգութիւն եւ պատարագ, հոգեկան բաւարարութիւն պարգեւելով հաւատացեալ ժողովրդին: Արարողութիւնները կատարեց եւ քարոզեց Ուրմիայի ծխատէր՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը:

Իսկ երկուշաբթի 1 Ապրիլ 2013-ի առաւօտուն, Թաւրիզի Հայոց Ազգային Հանգըստարանում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգիստ եւ գերեզմանօրհնէքի թափօր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter