HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն սահմանել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերին եթերաժամ տրամադրելու կարգը

Այսօրվա արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների 464 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահների և քարտուղարների պաշտոնները` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 206-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 144-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 36-ական,
Հայ յեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)՝ 26-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 26-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 26-ական:

ԿԸՀ-ն սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի՝ նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

Կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ հանրային հեռուստատեսությունը կամ հանրային ռադիոն կարող է տեղաշարժել նշված ժամանակահատվածը, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար և մինչև 50 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10 ներառյալ (4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 1 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությանը, նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով, հանրային ռադիոն տրամադրում է 50 րոպե անվճար և մինչև 80 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

1) 2013թ. ապրիլի 7-ից մինչև 2013թ. ապրիլի 10 ներառյալ(4 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2013թ. ապրիլի 11-ից մինչև 2013թ. ապրիլի 30-ը ներառյալ (20 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 3 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2013թ. մայիսի 1-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ներառյալ (3 օր)՝  օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով։ 

ԿԸՀ-ն սահմանել է նաև Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:

Արտահերթ նիստում ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխել է նաև 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու իրավունքը:

Բաշխումն իրականացվել է` հաշվի առնելով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ներկայացրած հայտերը, ինչպես նաև վահանակները տնօրինող կազմակերպությունների տրամադրած վահանակների ցանկերը:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ վահանակները տնօրինող կազմակերպությունների տրամադրած 216 վահանակներից 9-ի վերաբերյալ հայտեր չէին ներկայացվել:

Այն 48 վահանակները և վահանակների կողմերը, որոնց վերաբերյալ ներկայացվել է միայն 1 հայտ, պաստառներ փակցնելու իրավունքը վերապահվել է միակ հայտը ներկայացրած կուսակցություններին, իսկ մնացած 159 վահանակները (227 մրցակցային կողմ), որոնց վերաբերյալ ներկայացվել էին մեկից ավելի հայտեր, առանձնացվել են որպես մրցակցային վահանակներ և խմբավորվել:

Յուրաքանչյուր խմբում ներառվել են այն վահանակները, որոնց միևնույն կողմի վրա հայտ էին ներկայացրել միևնույն 2, 3, 4, 5, 6 կամ 7 կուսակցություններ: 

ԿԸՀ-ն մրցակցային համարվող վահանակների մրցակցային կողմերը «MS VISUAL STUDIO» ծրագրի միջոցով բաշխել է հայտ ներկայացրած կուսակցությունների միջև` հաշվի առնելով մրցակցային համարվող վահանակների մրցակցող բոլոր կողմերի ընդհանուր թիվը և այդ կողմերի համար ներկայացված հայտերի ընդհանուր թիվը` ապահովելով յուրաքանչյուր կուսակցության հայտի մրցակցող մասի համամասնորեն հավասար բավարարման սկզբունքը: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter