Ինչի՞ց է սկսվում ժողովրդավարությունը
Հասարակական-քաղաքական գործընթացներում տարողունակ գաղափարակիր եզրույթները հաճախ այնքան ցինիկաբար են օգտագործվում, որ լիովին արժեզրկվում է դրանց բովանդակությունը: Հայրենասիրություն, ազգ, հավատ, ծոմ, հացադուլ... մարդկության պատմությունը կերտած այս տարողունակ, գաղափարակիր արտահայտություններն այնքան են այլասերվել, որ դրանք լսելիս արդեն նյարդայնանում ես: Այդօրինակ հասկացություններից է, ցավոք, նաև «ժողովրդավարությունը»:
Հայաստանի Սահմանադրությունը մեր երկիրը հռչակում է որպես ժողովրդավարական պետություն: Իսկ ի՞նչ է դա վերջապես նշանակում: Ժողովրդավարությունն ինչ-որ վերացական «եվրաստանդարտ» չէ, այն կազմված է միմյանց շղթայաբար փոխկապակցված շատ կոնկրետ տարրերից, ինչպիսիք են իրավունքի և օրենքի գերակայությունը, արդարադատությունը, խոսքի ազատությունն ու ազատ մամուլը, հանրության իրավագիտակցության որոշակի աստիճանը և այլն: Սակայն այս ամենի առանցքում գտնվում է ժողովրդավարության անփոխարինելի հիմնասյունը՝ ընտրությունների ինստիտուտը: Կարճ ասած՝ չկան ընտրություններ, չկա ժողովրդավարություն: Առանց ընտրված իշխանության՝ չեն կարող ընդունվել լավ օրենքներ, չի լինի արդարադատության համակարգ, չի բարելավվի մարդկանց սոցիալական վիճակը:
Երբ իշխանությունը չի ընտրվում ժողովրդի կողմից, նա շահագրգռված չէ այնպես կառավարել, որ հաջորդ անգամ ևս վերընտրվի, քանի որ նրա «վերընտրվելու» հանգամանքը պայմանավորված չէ իրեն տրված ձայներից: Նա գիտի, որ այդ «ձայներն» ի սկզբանե ունի: Երբ չկա ընտրությունների ինստիտուտ, անիմաստ է որևէ բան անել: Օրինակ՝ դատարկ զբաղմունք է արդարադատության կամ օրենսդրական համակարգերը բարելավելը: Միևնույն է՝ դատարանը որոշում է կայացնելու Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով: Ասենք, օրինակ՝ նախագահի խորհրդականներից մեկը կարող է զանգահարել ու հրահանգել, որ, օրինակ, Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ներկայացված հայցադիմումը վարույթ չընդունվի... Կարևոր չէ՝ ինչպիսի խայտառակ խախտումների գնով: Կարևոր չէ, թե ինչ ծաղրելի վիճակում կհայտնվեն դատարանը և ամբողջ արդարադատության համակարգը:
Նույն տրամաբանությամբ, օրենքներն ընդունվելու են ոչ թե հասարակական հարաբերությունները ողջամտորեն կանոնակարգելու, այլ վարչական լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած մի կույտ կիսատառաճանաչ թափթփուկների ֆինանսական շահերը սպասարկելու համար: Միջոցները տարբեր են: Օրինակ՝ հանրային գերակա շահի անվան տակ և «օրենքով սահմանված կարգով» մարդկանց ունեցվածքը խլելու միջոցով: Կամ, օրինակ, հանքահումքի արտահանման համար զրո դրամ մաքսատուրք սահմանելով, որպեսզի հնարավոր չլինի պարզել, թե որքան հարստություն է Հայաստանից արտահանվել, և ուր են դրանից ստացված փողերը:
Ընտրական ինստիտուտի բացակայության պարագայում ժողովրդավարական անխտիր բոլոր հաստատությունները կաթվածահար են լինում: Այլևս միջազգային ֆոնդերի փողերով իրականացվող, արդարադատության համակարգի կամ օրենսդրության բարեփոխման որևէ նախագիծ արդյունավետ լինել չի կարող: Վերջ, մոռացեք: Մնացած ամբողջ «առաջընթացը» տարբեր տրամաչափի եվրաչինովնիկների կերած քյաբաբի կամ կոռուպցիոն բուրգի մեջ ունեցած «օրթախի» գինն է: Այսպիսով, Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գնահատման միակ չափորոշիչն է ընտրությունների լինել-չլինելու հարցը: Իսկ ընտրությունները չեն կարող լինել մի քիչ լավը, ինչպես որ չի կարելի լինել մի քիչ հղի: Այն կամ կա, կամ չկա՝ Եվրախորհրդի կանոնադրությամբ սահմանված միևնույն ստանդարտներին համապատասխան:
Ժողովրդավարական կարգից բացի՝ աշխարհում կան, իհարկե, կառավարման այլ մոդելներ ևս: Բայց առնվազն այն «քաղաքակիրթ» ազգերը, ովքեր օրնիբուն այդ նույն աշխարհով մեկ ժողովրդավարություն են «տարածում» և դիտորդական առաքելություններ իրականացնում, թող իրենց ականջին մեկընդմիշտ օղ անեն, թե ինչից է սկսվում ժողովրդավարությունը: Այն սկսվում է ընտրություններից, և ընտրությունների գնահատման չափանիշն անմիջական ցուցիչ է ժողովրդավարության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին:
Հայաստանը վավերացրել է Եվրախորհրդի կանոնադրությունը, որի համաձայն՝ դրա անդամ բոլոր պետություններում ժողովրդավարական ինստիտուտները պետք է գնահատվեն միևնույն չափանիշներով: Հետևապես, Հայաստանի ընտրությունները եվրադիտորդների կողմից կարող էին ընդունելի համարվել միայն այն դեպքում, եթե այս նույն ընտրություններն ընդունելի կլինեին, օրինակ, Նիդերլանդներում: «Քաղաքակիրթ ազգերի» պաշտոնական ներկայացուցիչների կողմից ամեն խայտառակ ընտրություններից հետո «մեկ քայլ առաջ» արձանագրելը ոչ այլ ինչ է, քան յուրատեսակ մշակույթին ռասիզմի դրսևորում. դու, քո մենթալիտետից և ազգային առանձնահատկություններից ելնելով, ի վիճակի չես հասնելու «սպիտակ ռասայի» բարձունքին և կազմակերպել «քաղաքակիրթ ազգերին» բնորոշ ընտրություններ: Քեզ սա էլ է բավարար:
Լավ, իսկ ո՞րն է իրենց իսկ դավանած արժեքների նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունքի պատճառը: Ինչո՞ւ: Պատճառը, կարծես, չափազանց պարզունակ է՝ սեփական տարածաշրջանային և բնառեսուրսային շահերի պաշտպանությունը: Իսկ «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ» և նմանօրինակ ցանցառություններն ընդամենը օգտագործվում են որպես գործիք՝ հետագայում իշխանությունների վրա ճնշում բանեցնելու և իրենց ուզած որոշումները կորզելու համար: Ընդամենն այսքան բան: Զուգահեռաբար, ժողովրդավարության տարածման ցավով տառապող միավորները հսկայական գումարներ են ծախսում իբր քաղաքացիական հասարակություն «ձևավորելու», գրպանային հասարակական կազմակերպությունների ցանցեր ստեղծելու ու նմանատիպ աշխարհացունց հարցերի վրա՝ դա ներկայացնելով որպես ժողովրդավարական հաստատությունների կայացման հիմք:
Սակայն, ինչպես ցույց է տալիս ժողովրդավարության անկյունաքար ընտրությունների ինստիտուտի նկատմամբ նրանց վերաբերմունքը, այդ միավորները ամենևին էլ նպատակ չունեն Հայաստանում իրական ժողովրդավարություն զարգացնելու, իսկ հասարակական սեկտորը դիտարկում են ընդամենը որպես Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու գործիք՝ կրկին իրենց հետապնդած շահերին հասնելու համար՝ հաճախ հակառակ մեր ազգային շահերի: Օրինակ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը ստանալու համար:
Մինչև վերջերս այս կեղծ ժողովրդավարության քաղաքականությունը պատրանք է ստեղծել, թե ժողովրդավարական որոշ հաստատություններ զարգացնելով՝ հնարավոր է աստիճանաբար հասնել լուրջ փոփոխությունների: Սակայն այսօր գնալով առարկայանում է այն գիտակցությունը, որ առանց ընտրությունների՝ չկա ժողովրդավարություն, և որ միջազգային բոլոր կառույցների վարքագիծը պետք է գնահատվի այս համատեքստում: Այժմ քաղաքացիական նախաձեռնությունների, «դրամաշնորհային վերահսկողությունից» դուրս գտնվող քաղաքացիական և քաղաքական միավորների քայլերը ցույց են տալիս, որ ժողովրդավարության պատրանք ստեղծելուն ուղղված՝ արևմտյան քաղաքականությունը կատարելապես ձախողվել է:
ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցի դեմ իրականացված բողոքի ակցիաներն ու Հայաստանի ընդերքը թալանող, միջազգային գիշատիչ կապիտալի դեմ մղվող հանրային պայքարը կեղծ ժողովրդավարության մերժման առանցքային դրսևորումներ են, որոնք պետք է Հայաստանի նկատմամբ վարվող ցինիկ քաղաքականության վերագնահատման տեղիք տան՝ մանավանդ Եվրասիական միության ֆոնին: Պետք չէ մոռանալ, որ ժողովրդավարության «ռահվիրաների» կողմից Հայաստանին վաճառվող միակ «պրոդուկտը» ժողովրդավարությունն է ու դրա անբաժանելի տարրերը՝ իրավունքի գերակայությունը, սոցիալական արդարությունը: Ըստ էության, ուրիշ ոչինչ: Եվ եթե դու քաղաքացիական հասարակության աչքին արժեզրկում ես ժողովրդավարության գաղափարը, դու այս հասարակությանն առաջարկելու և քո գոյությունն իմաստավորելու այլևս ոչինչ չունես: Բացարձակապես ոչինչ:
Կարող եք ասել, թե մեզ փող են տալիս: Ես էլ կասեմ՝ ղալաթ են անում: Ի՞նչ օգուտ ենք մենք դրանցից մինչ օրս ստացել: Ինչպե՞ս եք գնահատում այդ փողերի օգտագործման օգտակար գործողության գործակիցը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների տված վարկերը մի իսկական պատուհաս են դարձել: Այդ գումարներն օգտագործվում են ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, այլ կոռուպցիոն բուրգի շահերը սպասարկելու համար՝ մեզ դնելով միայն պարտքային ստրկության մեջ:
Այդ ներդրումների արդյունավետության ցուցիչը արտագաղթի ծավալներն են, աղքատության թվի աճը և հանքահումքի վրա նստած, նախաինդուստրիալ տնտեսությունը: Անշուշտ, այս համակարգային կոռուպցիոն բուրգի անբաժանելի մասն են կազմում հենց նույն եվրաչինովնիկները և միջազգային գիշատիչ կապիտալը տնօրինողները: Իսկ ո՞վ պետք է այդ փողերը, տոկոսներով հանդերձ, վերադարձնի: Ե՞ս: Առռռը ձեզ: Ում տվել եք, նրանից էլ վաղը կպահանջեք:
Ու ընդհանրապես, վաղուց ժամանակն է համամարդկային արժեքները ստորացնող ցինիկներին ցույց տալ Կուզյայի մոր տեղը: Միևնույն է, պրոլետարիատը ոչինչ չունի կորցնելու՝ բացի իր շղթաներից:
Արթուր Գրիգորյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել