HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրի խնդիրն ու բրիտանական ֆիլմերի փառատոնը

2010-ի հուլիսի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քննարկում էր բանաձև, որով խմելու ջրից օգտվելը պիտի ճանաչվեր մարդու իրավունք: Քվեարկության ընթացքում Մեծ Բրիտանիան այն 41 երկրի շարքում էր, որոնք ձեռնպահ մնացին: Այդ 41-ի ցուցակը ներառում էր հարուստ երկրները` ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Ճապոնիա և այլն, մի քանի աֆրիկյան երկիր և նախկին խորհրդային երկրների մեծ մասը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը): Բանաձևն, ի վերջո, ընդունվեց 122 կողմ, 41 ձեռնպահ, 0 դեմ ձայնով: Բանաձևի առաջին կետը հետևյալն էր.

«Հռչակում ենք, որ խմելու ջրից և սանիտարիայից օգտվելը հանդիսանում է մարդու բուն և հիմնական իրավունք, առանց որի այլ իրավունքներից օգտվելն անհնար է»:

ՄԱԿ-ի բանաձևի` ջրի համընդհանուր խնդիրներին անդրադարձող էջում նշված է.

«Վերջին ամենակարևոր փուլերից մեկը եղել է հուլիսին 2010-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ջրից և սանիտարիայից օգտվելը` մարդու իրավունք սահմանելու հռչակագիրը: Վեհաժողովը ճանաչել է յուրաքանչյուր մարդու իրավունքը` օգտվելու անհրաժեշտ քանակի ջրից` անձնական և ընտանեկան օգտագործման համար (օրական 50-ից 100 լիտր ջուր մեկ անձի համար), որը պետք է լինի անվտանգ, թույլատրելի և մատչելի (ջրի վարձը չպետք է գերազանցի տնային տնտեսության եկամուտների 3 տոկոսը), և ֆիզիկապես հասանելի (ջրի աղբյուրը պետք է լինի 1000 մետրից փոքր հեռավորության վրա, ջուր վերցնելու ժամանակը չպետք է գերազանցի 30 րոպեն)»:

Իրավական ոչ մի պարտավորություն այս հռչակագրից չի բխում: Սակայն կարևոր է չթերագնահատել այն քաղաքական ճնշումներն ու դատական գործընթացների հնարավորությունները, որոնք կարող են բխել այս բանաձևից: Սա, ի վերջո, պարտավորություն է, որը ստանձնում են գործընթացին մասնակից բոլոր պետությունները:

Բանաձևն առաջարկել էր Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, ում երկրի համար խմելու ջուրն ուներ հեղափոխական նշանակություն: 1999-ին Համաշխարհային բանկի ճնշումների ներքո Կոչաբամբայի ջրային պետական ընկերությունը հանվեց սեփականաշնորհման աճուրդի: Սեփականատեր դարձավ բազմազգ կորպորացիաների կոնսորցիումը, որի կազմում էր նաև ամերիկյան Բեքտել (Bechtel) ընկերությունը: Սեփականաշնորհումից հետո նոր ընկերությունը մեծ գնաճ հարկադրեց (մոտ 35%), ինչպես նաև սահմանափակեց տեղական որոշ համայնքների համար ջրի աղբյուրի հասանելիությունը, նույնիսկ լիցենզավորում պահանջեց այն անձանցից, որոնք փորձում էին իրենց ջրի կարիքը հոգալու համար անձրևաջրեր հավաքել տանիքներից:

Այդ բոլոր փոփոխությունները նրանք պատճառաբանում էին մի քանի լայնածավալ նախագծի իրականացման անհրաժեշտությանբ: Այս ամենը 2000թ. հունվարին սկիզբ դրեց ժողովրդական հուզումներին, որոնք ֆիզիկապես դուրս քշեցին սեփականատերերին երկրից: Շարժման կողքին կանգնեցին կոնգրեսմեն Էվո Մորալեսն ու նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը, ինչը բարձրացրեց Էվոյի վարկանիշն ու 2005-ին նրան դարձրեց երկրի նախագահ:

Գաղտնիք չէ, որ համաշխարհային բանկը հաճախ է հայտնվում ջրային ռեսուրսների և սեփականաշնորհման հետ կապված սկանդալներում` Տանզանիա, Կոլումբիա, Հնդկաստան և այլն: Այդ, ինչպես նաև Նեստլեի, Կոկա-Կոլայի, Վեոլիայի համագործակցության արդյունքում «ջրային տնտեսության ոլորտում փոխակերպումներին» (ինչպես նրանք են դա անվանում) համաշխարհային մամուլն արդեն բազմիցս անդրադարձել է:

Իսկ թե ՀՀ-ում ՀԲ-ից վերցրած վարկի դիմաց ինչպես է փոխակերպվել ջրային համակարգը, առկա է ԿՀՊ-ի (Government Accountability Project)-ի զեկույցում` «Երևան. ջրի թալանը» խորագրով: Ուշագրավ է, որ Երևանում երկրի աղբյուրներից հոսող ջրի համար քաղաքացին վճարում է գրեթե նույնքան, ինչքան Արաբական Էմիրություններում ոչ քաղաքացին (քաղաքացիների համար ջուրն անվճար է` շնորհիվ պետական սուբսիդիաների) այն դեպքում, երբ Էմիրությունները գտնվում է անապատում, ջուրը վերցնում են ծովից և անցկացնում անալիացման և մաքրման բազմաթիվ ցիկլերով:

Այսպիսով, ՄԱԿ-ին ներկայացված բանաձևը Բոլիվիայի քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր: Այն մեծագույն աջակցություն ուներ Լատինական Ամերիկայի բոլոր երկրների կողմից, որոնք կողմ քվեարկեցին՝ մեծաքանակ բնակչությամբ երկրների մեծ մասի (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան), մի քանի հարուստ եվրոպական (ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան) և այլ երկրների հետ միասին: Բանաձևի կողմնակիցներն, անկախ ձեռնպահ քվեարկած երկրների բերած փաստարկներից, նշում էին, որ իրական պատճառը վախն է, կասկածները, որ այս բանաձևը կարող է խոչընդոտել և վտանգի տակ դնել ջրի սեփականաշնորհման համաշխարհային գործընթացը, որի համար նրանք մեծ չափերի ռեսուրսներ են ներդրում:

Այդ երկրների դեմ քվեարկելը կհակասեր իրենց կեցվածքին, քանի որ իրենք չեն ուզում կորցնել իրենց` մարդու իրավունքների մեծագույն պաշտպանների իմիջը: Միևնույն ժամանակ ամենահարուստ կորպորացիաների և Համաշխարհային բանկի ֆինանսական ճնշումների ներքո անկարող են կողմ քվեարկել նման նախագծերին: Սա շատ խորհրդանշական է տվյալ երկրների քաղաքական դիրքորոշումների համար:

Այս համատեքստում արդեն իսկ բավականին զարմանալի էր Հայաստանում Բրիտանական խորհրդի հայտարարությունը, որ բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը միանում է ՄԱԿ-ի հռչակած ջրային համագործակցության միջազգային տարվա թեմային:

ՄԱԿ-ը, հետևելով Տաջիկստանի և մի խումբ այլ երկրների առաջարկությանը, 2013-ը հայտարարել էր ջրային համագործակցության միջազգային տարի: Փորփրելով ՄԱԿ-ի հեղհեղուկ հայտարարությունները և երկար տեքստերը՝ տվյալ հռչակագրի վերաբերյալ, ի վերջո պարզ է դառնում, որ այս համագործակցության հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը ջրի համաշխարհային հիմնախնդիրներին վերստին բևեռելն է: Խմելու ջրի համաշխարհային հիմնախնդիրների թեման մեկ անգամ ևս արծարծելն է` մարդկանց առավելագույնս իրազեկելու համար:

Ըստ բրիտանական ֆիլմերի փառատոնի պաշտոնական էջի՝ նրանք, «միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում են ֆիլմեր` նվիրված թեմայի բարձրաձայնմանը»: Հետևելով փառատոնի հիմնական ծրագրին` հասկացա , որ որքան էլ զարմանալի է, փառատոնի շրջանակներում ցուցադրված որևէ ֆիլմ չի անդրադառնում վերոնշյալ թեմային: Բրիտանական կինոն, ըստ ամենայնի, ընդհանրապես արհամարհել է խմելու ջրի խնդիրները 2012-ին: Ստացվում է, որ ցուցադրված ֆիլմերի և ընտրված թեմայի միջև ընդհանրությունները սահմանափակվում էին ջրի կամ դրա հետ կապված ինչ-որ հիմնաբառի («Իմ երազանքների ձուկը», «Սև լճակ», «Ակվարիում») ակնարկը առավելապես ֆիլմի վերնագրում և հազվադեպ` դրա բովանդակության մեջ:

Թեմային առավելագույնը մոտեցավ միայն «Եզրագծից այն կողմ» վավերագրական կինոնկարը, որը խոսում էր համաշխարհային օվկիանոսի և դրա կենդանական աշխարհի օրհասական վիճակի մասին: Իսկ խմելու ջուրն, ըստ ՄԱԿ-ի, ունի մի քանի առանձնահատկություն, որոնք ջրի խնդիրները դարձնում են անօրինակ և եզակի. անհավասար բաշխումը ժամանակի և տարածության մեջ, հիդրոլոգիական չափազանց բարդ ցիկլը, աղտոտման, ուրբանիզացիայի պատճառով ցիկլի խանգարումները և դրանցից բխող բազմակի հետևանքները, կոնֆլիկտային շահերի կիզակետում լինելը և այլն: Բնականաբար, այդ ֆիլմը ևս թեմայից դուրս է:

Ուստի, անհասկանալի է դառնում բրիտանական ֆիլմերի փառատոնի առնչությունը Ջրային համագործակցության տարվան: Այն, փաստորեն, սահմանափակվեց ընդամենը իրենց՝ տվյալ միջոցառմանը միանալու մասին բազմակի հայտարարություններով մամուլի ասուլիսներում, հարցազրույցներում և իրենց պաշտոնական կայքէջում: Եվ սա համարժեք է ձեռնպահ քվեարկելուն, ընդամենը խաբուսիկ քող:

Եվ փառատոնին հետևած այն բոլոր մարդիկ, ովքեր դրանից առաջ էլ անտեղյակ էին քաղցրահամ ջրի համաշխարհային խնդիրներին, այդպիսին մնացին փառատոնից հետո էլ:

Գոռ Իսաջանյան

Մեկնաբանություններ (1)

Albert
Մեկ անգամ ևս ցույց է տրված օրենքների, և մասնավորապես դեկլարատիվ բնույթի օրենքների և պրակտիկայի միջև առկա հսկայական անդունդը: Որակյալ հոդված, որպիսիք, ցավոք, քիչ են հանդիպում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter