
Գերմանացի ներդրողը դատարանի վճիռն անտրամաբանական և ծիծաղելի է համարում
Գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը հայկական դատարանից որևէ նպաստավոր արդյունք չէր սպասում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի դեմ գործում: Այս մասին «Հետքին» հայտնեց ինքը` Ստեֆան Լաքսհուբերը:
«Մենք նկատել էինք, որ դատարանը Գագիկ Ծառուկյանի ազդեցության/ճնշման տակ է, բայց ես վերջապես ինչ-որ հասկանալի բան էի ակնկալում: Դատարանի վճիռը և դրա հիմնավորումները ամբողջությամբ անտրամաբանական են յուրաքանչյուր գիտակից մարդու համար: Ես սովորաբար շատ հարգալից եմ դատարանների և դատավորների նկատմամբ, բայց սա ընդամենը ծիծաղելի է»,- դատարանի վճիռը մեկնաբանեց Ստեֆան Լաքսհուբերը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արայիկ Մելքումյանի, վճռել էր պարտավորեցնել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատին» 14.8 մլն դրամ փոխհատուցել «ԻստԻնվեստոր» ընկերությանը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար: Դատարանը հիմնավել էր «Անիկոմ» ՍՊԸ-ի փորձաքննության արդյունքների վրա, որով վերագնահատվել էր կոմբինատի կապիտալը: Իսկ «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲԸ-ում ունեցած 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասով հայցը մերժել էր` անհիմն լինելու հիմքով:
«Մենք շատ հիասթափված ենք և այժմ քննարկում ենք դատարանի վճիռը»,-նշում է Ս. Լաքսհուբերը:
Ստեֆան Լաքսհուբերի նպատակը այս գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասցնելն է, քանզի վերջինս վստահ է, որ Հայաստանում կոպտորեն խախտվել է իր սեփականության իրավունքը, և Եվրադատարանում այս գործի հանգուցալուծումը կլինի իր օգտին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել