
ՀԲԸՄ-ն նախաձեռնում է նոր երկարաժամկետ ծրագիր Արցախում
2012թ. հոկտեմբերին՝ Հայաստանում գումարված Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 87-րդ ընդհանուր ժողովի օրերին, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը հայտարարել էին Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրագործելի կրթական և մշակութային մի նախաձեռնության մասին:
Այսօր արդեն աշխատանքներ են արվում ՀԲԸՄ-ի Ստեփանակերտի մշակութային, կրթական և արվեստի կենտրոնի՝ ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի նախագծման ուղղությամբ: Այս բազմակողմանի ու աշխույժ նախաձեռնությունը ուսումնականորեն նորարար հնարավորություններ է ընձեռելու ԼՂՀ քաղաքային թե գյուղական համայնքներում:
Կենտրոնն սպասարկելու է բոլոր տարիքային խմբերի ուսանողներին, Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարության պաշտոնյաներին և այլ անձանց՝ նրանց առաջարկելով անգլերենի կատարելագործման, բուհական ընդունելության քննությունների նախապատրաստման, ինչպես նաև ստեղծարար տեխնոլոգիաների (անիմացիա, վիդեո խաղ դիզայն, վեբ զարգացում և այլ տեխնոլոգիաներ) դասընթացներ: Կենտրոնն առաջարկելու է նաև երաժշտության, կառավարման և զբոսաշրջության զարգացման դասընթացներ:
«Մենք համոզված ենք, որ որևէ ազգի զարգացման հիմնական գործոնները կրթությունն ու մշակույթն են: ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրը դառնալու է ուսումնական գործունեության կենսունակ մի կենտրոն, որը նոր հնարավորություններ է տալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր խավերին»,- նշել է Պերճ Սեդրակյանը:
Իրագործելու համար այս նախաձեռնությունը՝ ՀԲԸՄ-ն փետրվարին Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ ստորագրեց համաձայնագիր, որով համալսարանն իր Extension Program կրթական հատուկ ծրագրի միջոցով զարգացնելու է շարունակական դասընթացների (Continuing Education Program CEP) ծրագիրը:
Այս ծրագիրը ժամանակավորապես գործելու է Ստեփանակերտում մինչև ՀԲԸՄ-ԼՂՀ համալիրի կառուցումը, որն ակնկալվում է, որ կսպասարկի մի քանի հարյուր ուսանողի: ՀԱՀ-ի շարունակական դասընթացների ծրագրի իրագործմանն աջակցելու համար առաջիկա 5 տարվա ընթացքում ՀԲԸՄ-ն հանձն է առել տրամադրել 575 հազար ԱՄՆ դոլար:
Լուսանկարում՝ Բակո Սահակյանն (ձախից) ու Պերճ Սեդրակյանը
Մեկնաբանել