Այսօր աուտիզմի մասին իրազեկման միջազգային օրն է
Այսօր աուտիզմի մասին իրազեկման միջազգային օրն է: Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին:
Անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի պանդեմիայի մասին: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 5 տարվա ընթացքում (2008-2012թթ.) հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերը մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրել են աուտիզմի 502 նոր դեպք, համապատասխանաբար՝ 75,80,105,118,121:
Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն:
Աուտիզմով երեխաների կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ կարելի է օգնել երեխաներին հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության և կյանքի որակի լավացմանը:
Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների պետպատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում են «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: Սակայն այս հարցում իրապես առաջատար է համարվում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնը՝ իր «Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն» մարզային 7 մասնաճյուղով, որտեղ աուտիզմով երեխաները հնարավորություն ունեն ստանալ բազմամասնագիտական վերականգնողական բուժօգնություն տեղում՝ չհասնելով մայրաքաղաք:
Վերջին տարիների մյուս կարևոր ձեռքբերումն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ապարանի առողջարարական ճամբարում աուտիզով 16 երեխայի հանգստի կազմակերպումը իրենց մայրերի հետ: Երկշաբաթյա կարճատև այդ հանգիստը կարելի է դիտել որպես 3 ոլորտի (առողջապահական, սոցիալական, կրթական) միահամուռ աշխատանքի արդյունավետության մի մոդել:
Իրականացվում են մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ ուղղված առաջնային օղակի մասնագետների գիտելիքների բարձրացմանը, իրազեկման ծրագրեր հանրակրթական և նախադպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների, դաստիարակների, աշակերտների և ծնողների համար: Ծրագրերի նպատակն է ներկայացնել աուտիզմի խնդիրը, այդ թվում՝ աուտիզմով երեխաների կրթության մեջ ներգրավմանը, հասակակիցների հետ հաղորդակցմանը վերաբերող հարցեր:
«Արաբկիր» հիմնադրամի և գործընկերների համատեղ ուժերով, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սկիզբ է դրվել մի ծրագիր, որի շրջանակներում սկսվել է համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային մոդելի ստեղծման գործընթացը: Դրա շրջանակներում Երևանի քաղաքապետարանի N9 մանկական պոլիկլինիկայում վերանորոգվել և կահավորվել է տարածք, իրականացվել է վերականգնողական թիմի ձևավորման և կրթության գործընթացը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել