
Հեքիաթների ազդեցության մասին. հոգեբան
Իսկ դուք գիտե՞ք, իսկ դուք գիտե՞ք, որ աստղերը մեծ են, մեծ:
Հայրիկս ասաց՝ մեր տնից էլ, մեր բակից էլ շատ են մեծ,
Թե չէ անցած տարեդարձիս գոնե մեկը կբերեր,
Բայց դե բերեր, որտե՞ղ դներ այդպիսի մեծ մի նվեր:
Հետո ասաց, թե աստղերը, թե աստղերը տաք են տաք,
Եթե ցած գան, ինչ կա չկա կմոխրանա նրանց տակ:
Դրա համար հեռացել են, շատ ու շատ են հեռացել,
Եվ երկնքի տոնածառին խաղալիքներ են դարձել:
Երվանդ Պետրոսյան, մանկագիր
Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ երեխան ոչ միայն պետք է հեքիաթ լսի, այլև կարդա: «Շատ երեխաներ հեքիաթ կարդալու համար են գրել-կարդալ սովորում: Այն պահից, երբ երեխան սկսեց տարբերել տառերն ու սիմվոլները՝ կարդալ, սկսվում են ձախ կիսագնդի զարգացումը, մտավոր զարգացումը»,- ապրիլի 3-ին նշվող մանկական գրքի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Խուդոյանը:
Նա հավելեց, որ հեքիաթները կարող են շատ հետաքրքրիր, գրավիչ լինել, և երեխան կլանված լսի դրանք, բայց նաև կարող են բացասական ազդեցություն ունենալ, օրինակ, երեխայի տրամաբանության զարգացման վրա, քանի որ հեքիաթներում կան իրականությունից հեռացնող հանգամանքներ:
«Հաճախ մեզ ասում են՝ հեքիաթներով է ապրում. դա հենց այդտեղից է գալիս, ինչպես նաև բարության, չարության մասին ծայրահեղական մտածելակերպը, որը մենք հետագայում բուժում ենք, քանի որ այն դառնում է աշխարհընկալման ձև՝ ամեն ինչ սև ու սպիտակ»,- ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ անգամ արվեստի բարձրակարգ գործերը, ինչպիսիք են, օրինակ, «Հարի Փոթերը», «Հենզելն ու Գրետելը», որոնք հավասարաչափ կլանված դիտում ու կարդում են թե մեծերը, թե փոքրերը, իրականությունից հեռացնող, երևակայության գիրկը գցող, նույնիսկ վախեր առաջացնող պատումներ են:
«Բացասական ազդեցությունն, իհարկե, առկա է հեքիաթներում, սակայն շատ մեծ է նաև բուն զարգացնող հանգամանքը. դրանք նպաստում են երեխայի ստեղծագործական մտքի, հուզական ոլորտի, բարոյական զարգացմանը: Կան նաև հոգեբանական հեքիաթներ, որոնք հոգեթերապևտիկ ազդեցություն են թողնում, ներդաշնակության են բերում և անմիջականորեն նպաստում զարգացմանը»,- ասաց Սամվել Խուդոյանը:
Լուսանկարում Սամվել Խուդոյան (ձախից) և Երվանդ Պետրոսյան
Մեկնաբանել