HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կունենա՞ աշխարհը շախմատի նոր չեմպիոն

Նորվեգացի 22-ամյա Մագնուս Կառլսենը, որը նոյեմբերի 30-ին կդառնա 23 տարեկան, կվիճարկի աշխարհի թագը գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Մրցամարտը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: Համաշխարհային առաջատար Կառլսենին բախտը կարծես ժպտում է, քանզի հավակնորդների մրցաշարի վերջին տուրում նա եւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը 8,5-ական միավոր ունեին, պարզապես Մագնուսն առավելություն ուներ, քանի որ տարել էր 5 հաղթանակ՝ Կրամնիկի 4-ի դիմաց:

Վերջին տուրում Կառլսենը սպիտակներով պարտվեց Սվիդլերին, որը կարող էր նվեր անել իր հայրենակից Կրամնիկին, սակայն վերջինս էլ սեւերով պարտվեց Իվանչուկին: Ուկրաինացի Իվանչուկը իր 3 հաղթանակներից երկուսը տարել է հենց երկու առաջատարների հանդեպ, ընդ որում՝ երբ հաղթեց Կառլսենին, կանաչ լույս վառեց Կրամնիկի առաջ, ապա հաղթեց Կրամնիկին, ինչից էլ օգտվեց Կառլսենը: 14-րդ տուրում Արոնյանը սպիտակներով երկրորդ անգամ հաղթեց ադրբեջանցի Ռաջաբովին, Գելֆանդն ու Գրիշչուկը ոչ-ոքի խաղացին:

Մրցշարային ամփոփոիչ աղյուսակը հետեւյալ տեսքն ունի.

1.Կառլսեն- 8,5
2.Կրամնիկ- 8,5
3.Սվիդլեր- 8
4.Արոնյան- 8
5.Գելֆանդ- 6,5
6.Գրիշչուկ- 6,5
7.Իվանչուկ- 6
8.Ռաջաբով- 4

Եթե Կառլսենը Կրամնիկից առաջ անցավ շատ հաղթանակների շնորհիվ, ապա դա չօգնեց Արոնյանին հայտնվել գոնե 3-րդ տեղում: Հավասար միավորների դեպքում հաշվի է առնվում մրցակիցների միջեւ կայացած պարտիաների ելքը: Լեւոնը մեկ անգամ պարտվեց Սվիդլերին, ինչի պատճառով լրացուցիչ ցուցանիշներով մնաց 4-րդ տեղում: Լեւոնը Մագնուսի պես տարավ առավելագույն՝ 5 հաղթանակ, սակայն կրեց 3 պարտություն: Այս մրցաշարում անպարտելի շախմատիստներ չեղան. ընդամենը մեկ պարտություն կրեց Կրամնիկը, ինչն էլ վճռորոշ եղավ նրա համար:

Փաստորեն, եթե Կառլսենը նոյեմբերին հաղթի Անանդին, կդառնա աշխարհի 16-րդ չեմպիոնը (շախմատային աշխարհի պառակտման փուլում ՖԻԴԵ-ի վարկածով նախկին չեմպիոններին չհաշված): Ընդ որում՝ որոշ մասնագետներ հավակնորդների մրցաշարից առաջ գտնում էին, որ գլխավոր ֆավորիտներ են Կառլսենն ու Արոնյանը, որոնցից մեկն էլ պիտի դառնար նոր չեմպիոն: Անանդը այն քիչ շախմատիստներից է, որոնց հետ դասական պարտիաներում Կառլսենը բացասական հաշվեկշիռ ունի. նորվեգացին հաղթել է 2 անգամ, պարտվել՝ 6, 19 պարտիա ավարտվել է ոչ-ոքի:

Հավակնորդների մրցաշարի վերջին տուրից հետո ՖԻԴԵ-ի վարկանիշային ընթացիկ աղյուսակում Մագնուսը մի փոքր նահանջեց. այժմ նրա վարկանիշը 2868 է, կրկին երկրորդ տեղում է Արոնյանը՝ 2813,4-ով, իսկ Կրամնիկն ունի 2811,1: Սերգեյ Կարյակինը 2786-ով 4-րդն է, իսկ Անանդը ընդամենը 5-րդը (2783):   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter