
Երեխաներին կրծքով սնուցումը խրախուսող օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյայում
Ապրիլի 2-ին Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարլու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանի տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ մինչև 6 ամսականը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխայի կյանք:
Կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատ 25 ագամ ավելի քիչ խնդիրներ են ունենում. նվազում են ալերգիկ երևույթները, մաշկային հիվանդությունները, ասթման:
Արա Բաբլոյանը նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունից, ՀԿ-ներից և սպառողներից ստացվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք քննարկվել են: Նախաձեռնության նպատակն է խրախուսել երեխաների՝ կրծքով սնուցումը, հստակեցնել մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառությունը:
Օրենքի ընդունման դեպքում կկարգավորվեն մանկական սննդի և հարակից ապրանքների արտադրությանը, պիտակավորմանը, վաճառքին, բաշխմանը, գովազդին, ինչպես նաև դրանց իրազեկմանն ու տեղեկությունների տարածմանն առնչվող հարաբերությունները:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաև «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների՝ պետության երաշխավորած իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Հանձնաժողովը օրինագծերին դրական եզրակացություն տվեց՝ ԱԺ ապրիլի 8-11-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել