
ՀՅԴ-ն սպանված գյուղապետի մասին. «Նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել»
Այսօր՝ ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:
Հրաչ Մուրադյանը հավատավոր դաշնակցական էր, Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչև ավարտը մարտական փառահեղ ուղի էր անցել։ Պարգևատրվել էր Արցախի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի և հայրենիքի պաշտպանության համար բազմաթիվ մեդալներով: 2005-ից երեք անգամ անընդմեջ ընտրվելով գյուղապետ՝ նա դրսևորել էր իրեն որպես օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշյանցիների բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն և ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականություն՝ Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսևորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրին այս վախճանին:
Ցավով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի և համայնքի սրտացավ ղեկավարի, այլև հայոց պետականության և նրա վարկի դեմ:
Դատապարտելով կատարված ոճրագործությունը՝ ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ և լիարժեք բացահայտում՝ կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Լուսանկարը՝ yerkir.am-ից
Մեկնաբանել