HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորի քաղաքապետին հասցեագրված դիմումները վերաձևակերպվում են ըստ հարմարության

Վանաձորի բնակչուհի, անհատ ձեռներեց Ջեմմա Ավետիսյանը դիմում էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝ խնդրելով իրեն տրամադրել Տիգրան Մեծի 35, 55, 63, 75 հասցեներում գտնվող հայտարարությունների համար նախատեսված բետոնե սյուները՝ կառուցապատման իրավունքով արդիականացնելու և ժամանակակից տեսքի բերելու համար:

Հիմք ընդունելով Ջեմմա Ավետիսյանի դիմումը՝ համայնքի ավագանու որոշման նախագիծ էր կազմվել՝ հետևյալ բովանդակությամբ. «Տալ համաձայնություն Տիգրան Մեծ պողոտայի նույն հասցեներում գտնվող հայտարարությունների սյուները և դրանցով ծանրաբեռնված հողամասերը, համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների, տալ Ջեմմա Ավետիսյանին՝ հողամասերը կառուցապատման, իսկ սյուները վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով, սյուներն արդիականացնելու պայմանով, տրամադրելուն»:

«Քաղաքացին այլ բան է ուզում, իսկ որոշման նախագծով մենք տալիս ենք ավելի շատ բան: Նաև այստեղ նշված չէ, թե դրանցով ծանրաբեռնված հողամասերը քանի քառակուսի մետր են»,- ասում է Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:

Նկատելով անհամապատասխանություն դիմումի և որոշման նախագծի միջև՝ ավագանու նիստի ժամանակ նա պահանջել է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, ճարտարապետական նախագիծ և հստակեցնել, թե բնակչուհուն տրամադրելիք հողամասերը քանի քառակուսի մետր են: Ապա առաջարկել է օրակարգից հանել հարցը, բայց ձայների 11 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշումն ընդունվել է:

Ա. Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն նիստի ընթացքում է պարզվել, որ բետոնե սյուները պետք է ապամոնտաժվեն, և փոխարենը դրվելու են ապակյա կրպակներ. այդ մասին բանավոր հայտնել է զեկուցողը: Չի խոսվել այն մասին, թե ինչ պայմաններով պետք է պայմանագիր կնքվի Ջեմմա Ավետիսյանի հետ: Իսկ վերջինս իր դիմումում նշել էր, որ պարտավորվում է վերակառուցումը իրականացնել սեփական ուժերով՝ պայմանով, որ նշված սյուները մնան համայնքի սեփականություն:

Նման որոշումներն ու պայմանագրերը սովորական են Վանաձոր համայնքի համար: 2006-ին գրեթե նույն վավերապայմաններով, միայն թե առուվաճառքի պայմանագիր է կնքվել «Կինոթատրոն Մոսկվայի» հետ, ինչով գնորդը պարտավորվել է «Արցախ պուրակի»՝ իր սեփականությանը հանձնված 2500 քմ հողամասն օգտագործել կինոթատրոնի կառուցման նպատակով, բայց 7 տարում նույնիսկ այդ թատրոնի հիմքը չի գցվել:

Մեկնաբանություններ (1)

Gayane
Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը գրող ավագանու անդամները մանկապարտեզից հետո տարրական կրթությունը որտե՞ղ են ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter