HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. կարևոր է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների հետագա խորացումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, ով Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով:

Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը: Գալիք տարի երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր թափ է հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Քուվեյթ և նախորդ տարի կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերը:

«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների ազգային գործակալությունների միջև ևս ամրապնդվում և խորացվում են կապերը: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք, մանավանդ, որ 95 տարվա պատմություն ունեցող «Արմենպրեսը» մշտապես ստանում է պետության աջակցությունը: Մենք ողջունում ենք երկու գործակալությունների միջև ստորագրվելիք համագործակցության հուշագիրը և հայտնում մեր աջակցությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա համոզված է, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում, քանի որ լրատվական հոսքերի շնորհիվ հնարավոր կլինի ավելի լավ պատկերացում կազմել տեղի ունեցող գործընթացների մասին, բացահայտել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերն ու ծրագրերը:

Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ Ալ Սաբահին վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթյան հարաբերություններն առաջիկայում ևս առաջ կշարժվեն՝ նաև լրատվական ասպարեզում կապերի զարգացմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter