HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայակ» մրցանակաբաշխության ժյուրին ընտրել է թեկնածուներին

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, ապրիլի 2-ին` փակ գաղտնի քվեարկությամբ,  ընտրեց 15 անվանակարգում ներկայացված  հավակնորդ  ֆիլմերը:  «Հայակ-2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից: Հիշեցնենք նաեւ, որ այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» եւ «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերը:

«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված ութ հայտից երեքը` ռեժիսորներ Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի եւ Մարիա Սահակյանի «Եթե բոլորը», «Ձայն լռության» եւ «Այդ ես չեմ» ֆիմերը դարձան հավակնորդներ: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 10 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ դարձան` ռեժ. Հարություն Խաչատրայանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», ռեժ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» եւ ռեժ. Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ»  ֆիլմերը:

«Լավագույն օպերատոր»  անվանակարգում ներկայացված 6 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադեւոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», իսկ Մկրտիչ Մալխասյանը` «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 9 ֆիլմից ժյուրին ընտրեց Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան-Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան-Աստղիկ Սիմոնյան` «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Եթե բոլորը» եւ «Այդ ես չեմ» ֆիլմերի սցենարիստներին:

«Լավագույն նկարիչ»  անվանակարգում ներկայացված 6 հայտից  ժյուրին ընտրեց «Թափառում», «Ձմեռվա խնձոր» եւ «Այդ ես չեմ» ֆիլմերի նկարիչներ Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը-Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին եւ Վիկտորիա Լամշինաին:
«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ընտրվեց Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան եւ Գարի Քյոսայանը` «Թափառում», «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» եւ «Ձայն լռության» ֆիլմերից:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը եւ Լուիզա Ներսիսյանը` «Եթե բոլորը», «Ձայն լռության» եւ «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 4 հայտից ընտրվեց Ժենյա Մկրտումյանը,  Արմինե Անդան եւ Ֆրիդա Յորքը` «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիմերից:

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվեց Վիգեն Չալդրանյանը, Հովհաննես Ազոյանը,  Եվգենի Ցիգանովը եւ Շանթ Հովհաննիսյանը` «Ձայն լռության», «Poker.am»,  «Այդ ես չեմ» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված 5 հայտից ընտրվեց Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը եւ Խորեն Լեւոնյանը` «Եթե բոլորը», «Poker.am» եւ «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 11 ֆիլմից ընտրվեց Արման Չիլինգարյանի «Որս», Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» եւ Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա» ֆիլմերը: 

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված 11 հայտից ժյուրին ընտրեց  Արմեն Խաչատրյանի «Մենք կանք», Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» եւ  Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեց Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքը», Նաիրա Մուրադյանի «Բալետ»  եւ Հայկ Սահակյանցի «Quantum jump» մուլտֆիլմերը: «Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը»  եւ Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրեց  Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» եւ Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:

Հավակնորդ դարձած բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Օրանժ  Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանլիք  հանդիսավոր երեկոյի ժամանակ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter