HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժած բնակիչները դիմել են նախագահին

Մեծարգո պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005 թ.-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004 թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007 թ. հունիսի 1-ը (Քաղաքապետարանի  և կառուցապատողի միջև  2004 թ. հուլիսի 23-ին կնքած  պայմանագիր, էջ 2), սակայն   2008 թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։

2009 թ. ՀՀ  կառավարությունը 3 (երեք) մլն դոլար տրամադրեց Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար։ Ինչ եղավ այդ  գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։ Իմիջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2-3 տարում չի էլ ավարտվի։ Դատելով ամեն ինչից 2009 թ. ՀՀ կառավարության կողմից Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու  համար տրամադրված 3 (երեք) մլն դոլարի անհետացման և  շինարարության վերջնաժամկետը վեց տարով խախտելու հարցը ՀՀ ոչ մի պետական մարմնի  չի  հետաքրքրում։ ՀՀ  կառավարության սխալի համար հիմա պետք  է վարձահատույց լինենք մենք` ՀՀ  և արտերկրի քաղաքացիներս:

2011–2012 թթ. ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ Փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել  հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը  (Ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված  պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):

Ֆինանսների  նախարարությունը  խոստացավ, որ շենքի  շինարարությունը կավարտվի  երեք ամսվա ընթացքում: Անցել  է մեկ  ու կես տարուց ավելի, սակայն շենքի  շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի  տարիներին չի էլ ավարտվի և մենք շարունակում  ենք վարձով ապրել: Բացի դրանից՝ չեն կատարվում հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների  ու լուսամուտների  տեղադրում, պատերի  շարում  և այլն: Ստացվում  է, որ ընդառաջելով  մեր պետությանը և կնքելով հաշտության պայմանագրերը, մենք  քառակի  ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով  նախատեսված  տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով հաշտության  պայմանագրով  նախատեսված, բայց  չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի  շարումը և շարունակելով  վճարել վարձակալած բնակարանների  համար:

Մեզանից  պետական կարիքների համար իրացված  տների տեղում կառուցվող  շենքում որոշ մարդիկ ծավալել են բիզնես գործունեություն (խանութներ, գրասենյակներ, հյուրանոց և այլն) և աշխատում են մեծ գումարներ, իսկ մեզ ֆինանսների նախարարությունում ասում են, որ շենքը ավարտական տեսքի բերելու և պետության կողմից մեր առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար գումար չկա: Ինչ  է այդ մարդիկ անվճար են վերցրել այդ տարածքները:

2013 թ. հունվարին 5 (հինգ) մլն դոլարով վաճառվել է շենքի մի մասը, բայց շինարարությունը ոնց կանգնած էր, այնպես  էլ   կանգնած է: Միթե հնարավոր չէր այդ հսկայական  գումարից 200.000 դոլար հատկացնել շենքի շինարարությունը վերջապես   ավարտին հասցնելու համար:

Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ-ն մեզ խաբել է և նույնիսկ շինարարությանվերջնաժամկետը վեց տարի խախտելուց հետո էլ միտք չունի կատարելու մեր հանդեպ պայմանագրով իր վրա վերցրած պարտավորությունները:

Այս ամենը բերում է մեկ տրամաբանական եզրակացության, որ պետական պաշտոնյաները որոշ մարդկանց հետ միասին միտումնավոր ձգձգում  են շինարարությունը, որպեսզի իրականացնեն իրենց անձնական ծրագրերը:

Մեծարգո պարոն նախագահ, խնդրում  ենք Ձեզ հանձնարարել Ձեր վերահսկողական մարմնին հետևել, որպեսզի գոնե այդ 200.000 դոլարը չփոշիանա և ծառայի իր նշանակությանը, այսինքն՝ շենքի շինարարությունը ավարտին հասցնելուն:

Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավորի, գլխավորել սահմանադրական իրավունքի խախտման դեմ մեր պայքարը, և գոնե 6 տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցվի այդ  չարաբաստիկ շենքի  շինարարությունը:

Հարգանքով՝ փ. Ամիրյան  4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter