HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենք-բաղադրիչ՝ կոչված ապահովելու գիտության ոլորտի երկրորդ զարթոնքը

Մարտի 28–ին Ազգային Ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ գիտական և գիտատեխնիկական փորձաքննությունը գործունեություն է, որի նպատակը փորձաքննության օբյեկտների գիտատեխնիկական մակարդակի, ֆինանսատնտեսական հիմնավորվածության ուսումնասիրությունը, ստուգումը, գնահատումը և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու համար հիմնավորված եզրակացություններ նախապատրաստելն է:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարութան Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա նշեց, որ. «oրենքի ընդունումը հնարավորություն կտա ներդնել գիտական և գիտատեխնիկական ծրագրերի ընտրության ու հաշվետվությունների գնահատման ժամանակակից եղանակ, կնպաստի միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը և գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը»: Նախագծով սահմանվում են գիտական փորձաքննության հիմնական խնդիրները, սկզբունքները և ձևերը, փորձաքննության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, հստակեցվում են փորձագետի պատասխանատվության սահմանները և այլն:

Այս չարչրկված օրենքը երկար ուղի է անցել։ Այն մշտապես եղել է Գիտության պետական կոմիտեի հետապնդած նպատակներից մեկը, իսկ օրենքի մասին առանձնահատուկ շատ խոսվեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնության առաջ գալուց հետո։ Նախաձեռնության անդամներն սկզբից ևեթ այդ օրենքը դիտել են՝ որպես կարևորագույն նախապայման՝ ֆինանսավորման ավելացման համար, քանի որ դրա բացակայությունը հանդիսանում է ֆինանսների անարդյունավետ ծախսման աղբյուր։ Նախաձեռնության 30+1 առաջարկների մեջ ասված է. «‎9. ...Անհրաժեշտ է հնարավորինս արագ ընդունել «Գիտական և Գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքը։ Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներին շուտափույթ անդրադառնալ այս հարցին»։

Մասնավորապես, 2011թ. հունիսի 15–ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ՊԳՖԱ–ի նախաձեռնող խմբի առաջին հանդիպման ժամանակ այս կետը եղել է ներկայացված հինգ հիմնական պահանջներից առաջինը, իսկ դրան հաջորդած՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ 2011թ. հունիսի 30–ին կայացած հանդիպման ժամանակ այն կրկին առաջին տեղում էր՝ դիտարկված 14 պահանջ–առաջարկներից։

Ավելին, ծաղկաձորյան հանդիպման ժամանակ հարցն էլի շոշափվեց։ Հակադարձելով նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտողությանը, թե գիտությանը հատկացվող ֆինանսներն արդյո՞ք արդյունավետ են օգտագործվում, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն ասաց, որ ֆինանսների արդարացի ծախսումը հանդիսանում է ՊԳՖԱ–ի երկու հիմնական պահանջներից մեկն ու մատնանշեց օրենքի շուտափույթ ընդունման անհրաժեշտությունը։

Հետաքրքիր է, որ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Արմեն Աշոտյանը, և՛ Արտակ Դավթյանը, և՛ Կարեն Ավագյանը, և՛ էլի շատերն անվերապահորեն աջակցում էին այս պահանջին, և դա հասկանալի էր։ Քանի որ ՊԳՖԱ–ի շարժման սկզբնական փուլում պաշտոնյաների կողմից անընդհատ փորձեր էին արվում՝ շեղելու շարժումը դեպի օպտիմալացման, գիտական համակարգի գործունեության արդյունավետության ուսումնասիրման կամ որևէ օրենսդրական փոփոխության ուղղությամբ, միայն թե շեղեն «ֆինանսավորման ավելացման» պահանջից, հետևաբար նրանք բոլորն ուրախությամբ հայտնում էին իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու և դիտարկելու պահանջներից որևէ մեկը, միայն թե դա ուղղակիորեն չառնչվի ֆինանսավորման ավելացմանը։

Արտակ Դավթյանն անգամ լրագրողներին ասել էր հետևյալը՝ «Եթե կառավարությունը մինչև աշուն խորհրդարան չներկայացնի օրենքը, ապա մենք մեր մեջ այդքան տղամարդկություն կգտնենք՝ ինքնուրույն շրջանառության մեջ դնելու այդ օրենքը»։ Այնուհանդերձ, օրենքի նախագիծը խորհրդարան չեկավ՝ գուցե ի զարմանս նաև խոստում տվողների, ու սա պատահական չէ, քանի որ նախօրոք հաշվի չէր առնված, որ այս օրենքը փոխկապակցված է փորձաքննության մասին ընդհանուր օրենքի հետ, ինչը ձեռք չի տալիս, ավելին՝ կխփի բավական մեծ թվով ոլորտների ներկայացուցիչների, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում։

Այնուհանդերձ, երիտասարդները շատ հետևողական դուրս եկան։ Ֆեյսբուքյան էջում, հրապարակային ելույթներում, նաև 2011թ. դեկտեմբերի 17–ին նախագահի հետ 2–րդ հանդիպման ժամանակ երիտասարդները կրկին բացատրություն պահանջեցին և կրկին խոստում ստացան, որ նախագահը կհանձնարարի արագացնել օրենքի ընդունումը։

Անցան շաբաթներ, ամիսներ, տարի, և վերջապես 2012թ.–ի բյուջեի քննարկման թեժ շրջանում ինչ–որ տեղաշարժ եղավ, և կառավարությունը վերջապես օրենքի նախագիծը ներկայացրեց Ազգային Ժողով։

Եվ ահա՝ խորհրդարանական լսումներ՝ «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ։

Այս օրենքի ընդունման կարևորության շուրջ զրուցեցի ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ:

–Պարո՛ն Իշխանյան, որքանո՞վ եք կարևորում այս օրենքի ընդունումը:

–Օրենքի ընդունումը համարում եմ կարևորագույն քայլ, որպեսզի ֆինանսների հնարավոր ավելացման պարագայում հնարավորինս խուսափենք դրանց փոշիացումից: Այսօր հրաշալի գիտակցված է, որ Հայաստանի նման փոքր երկրում, գիտնականների փոքր թվի պարագայում կոնկրետ որևէ խնդրի շուրջ աշխատող գիտնականների թիվը սահմանափակ է, հետևաբար, բոլորը միմյանց ճանաչում են և ֆինանսավորման հայտերի դիտարկման ժամանակ փորձագետները «օբյեկտիվ պատճառներով» չեն կարող զերծ մնալ «սուբյեկտիվիզմից»: Բնականաբար, շահերի բախում է առաջանում և սկսում է գործել ծանոթ-բարեկամ կամ հակառակորդ-թշնամի արատավոր մեխանիզմը: Այս է պատճառը, որ երիտասարդ գիտնականներն ի սկզբանե ֆինանսավորման ավելացման իրենց պահանջը շաղկապել են այս օրենքի ընդունման հետ:

–Բայց արդյո՞ք այս օրենքը բավարար է՝ հաղթահարելու առկա բացասական երևույթները գիտության ոլորտում:

–Անշուշտ, այս օրենքը անհրաժեշտ քայլերից միայն մեկն է: Պակաս կարևոր չէ, օրինակ, ոլորտի մաքրումն անբարեխիղճ «գիտնականներից»: Այդ առումով շատ եմ կարևորում նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, մասնավորապես, ատենախոսությունների պաշտպանության համար միջազգային գիտական շտեմարաններում հաշվառվող հեղինակավոր ամսագրերում տպագրություն ունենալու պահանջի կիրառումը: Իմիջիայլոց, այս հարցը ևս վերջին շրջանում երիտասարդ գիտնականների ուշադրության կենտրոնում է, նրանք ունեցել են քննարկումներ ոլորտի պատասխանատուների հետ, և այս առումով ևս մենք շուտով առաջընթաց կունենանք:

Նմանատիպ կարևոր բարեփոխումների անհրաժեշտությունն ակնհայտ է, քանի որ մենք պետք է հետամուտ լինենք, որպեսզի ֆինանսները ծախսվեն հասցեական ձևով։

Ֆինանսների արդյունավետ ծախսման մեխանիզմի կիրառման անհրաժեշտությունը գիտակցված է շատերի կողմից, մասնավորապես, մարտի 28-ին օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳ նախարար պարոն Աշոտյանը նշեց. «Ակնհայտ է, որ գիտության երկրորդ զարթոնքն ապահովելու համար միայն գումարների ավելացումը բավարար չէ, անհրաժեշտ են նաև դրանց տնօրինման, ծախսման, գիտական արդյունքի որակի ապահովման երաշխիքների ստեղծում»:

Մեխանիզմների տեսակետից մեկ այլ կետ, որը ես կրկին կարևորում եմ, հանդիսանում է թեմատիկ ֆինանսավորման ծավալների էական ավելացման հարցը՝ բազայինի համեմատ։ Կարծում եմ, որ ֆինանսավորման ավելացման մի կարևոր բաղադրիչը հենց պետք է ուղղված լինի թեմատիկ ֆինանսավորման հայտերի թվի և յուրաքանչյուր թեմային հատկացվող ֆինանսների լուրջ ավելացմանը։

–Այսպիսով, Դուք ֆինանսավորման ավելացման համար նախապայման եք դնում այս օրենքի ընդունումն ու կիրառո՞ւմը։

–Ամենևին ոչ, մենք իրականում հասել ենք մի այնպիսի կրիտիկական շեմի, որտեղ ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունն աներկբա է։ Այս քայլերն անհրաժեշտ է կատարել ֆինանսավորման ծավալների ավելացմանը զուգահեռ, երբ կլինե՛ն ֆինանսներ, որոնց ծախսման արդյունավետությամբ անհանգստանանք։ Այս առումով մի առիթով դիպուկ արտահայտվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ասելով՝ «Այսօր մենք այդ ի՞նչ ֆինանսներ ունենք, որ մի բան էլ դրանց վատնելուց խոսենք։ Եղած բանն են վատնում, չեղածը ի՞նչ վատնել»։

Անկասկած, ֆինանսավորման ծավալները պետք է անհապաղ ավելացվնեն՝ հաղթահարելու համար առկա ճգնաժամը գիտության ոլորտում, մասնավորապես, ներգրավելու համար երիտասարդ գիտնականների, կանխելու նրանց զանգվածային արտահոսքը, ինչն առկա է այս պահին, պահպանելու համար կայացած գիտական դպրոցները, արդիականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական զինվածությունը այլն։ Բայց կրկնեմ՝ իհարկե կազմակերպչական և օրենսդրական դաշտերի բարելավմամբ ևս պետք է հետևողականորեն զբաղվել։ Այդ առումով գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին օրենքի ընդունումն, անշուշտ, շատ կարևոր քայլ կհանդիսանա։

Հ.Գ. Որ օրենքի ընդունումն, իհարկե, կարևոր քայլ կհանդիսանա, դժվար է չհամաձայնել վերը բերված կարծիքների հետ։ Բայց որքանո՞վ դա արմատական փոփոխություն կմտցնի իրավիճակում` հարցական է։ ՊԳՖԱ-ի աջակից երիտասարդ գիտնականները միակարծիք են, որ օրենքն ինքնին դեռևս միայն մի կիսաքայլ է։ Ավելի արմատական քայլեր են պետք, մասնավորապես, անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի փորձաքննության արդյունքները նվազագույն չափով կախված լինեն տեղական «սուբյեկտիվ գործոններից»։

Այս առումով` հարցվածները նշում են արտասահմանյան փորձագետների գերակշիռ ներգրավման անհրաժեշտությունը, առնվազն 2:1 հարաբերությամբ։ ՊԳՖԱ-ի  30+1 առաջարկների մեջ ասված է նաև. «9. ...Առաջարկվում է հատկացնել լիարժեք ֆինանսներ` բոլոր մրցութային գիտական ծրագրերի միջազգային փորձաքննություն անցկացնելու համար, արտասահմանյան փորձագետների գերակշռությամբ` 1 փորձագետ Հայաստանից և առնվազն 2 փորձագետ արտասահմանից ձևաչափով»։

Մանե Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter