
Երբ ապրիլի 10-ը ապրիլի 9-ից շուտ է գալիս, կամ` պատմության մեջ մեկ ոտքից կաղ ազգեր չկան
Բարեկիրթն է միշտ հարմարվում տգետին: Հայը միշտ հարմարվել է. և՛ արտաքին,և՛ ներքին տգետին: Ու սա քողարկելու համար ինքն իրեն անվանել է` «քարից հաց քամող», «քրիստոնեաբար հանդուրժող», «խոհեմ ու շրջահայաց», «համբերատար», ու նման բաներ: Այսօրվա տերմինալոգիայով` ազգը դեպրեսիայի մեջ է, իսկ հիվանդությունը` ներքին վախը:
Իսկ այս ներքին վախը երեկ չի առաջացել, այլ դարերի խորքից: Ներքին վախը սուբյեկտիվ, երևակայական մի վիճակ է, երբ դադարում ես ինքդ քեզ տալ անկեղծ ու կարևոր հարցեր: Առավել ևս, երբ խուսափում ես հարցերին անկեղծ պատասխաններ տալ- ՔՈ համար: Իսկ ցանկացած հարցիդ պատասխանը միշտ էլ գիտես, ուղղակի հաճախ այն չես հանդգնում ընդունել, որի հետևանքով չես ապրում ՔՈ կյանքը: Այսինքն` դառնում ես դեպրեսիվ. ներքին վախի սիմպտոմը/ախտանիշը:
Նույնը և ազգերը: Հայի ճակատագիրը գրված է իր զավակների ոտքերին, իսկ պատմությունը` վերջիններիս մայրերի թաց աչքերին. մինչև ԱՅՍՕՐ: Հայաստանը այսօր էլ արտահանում է իր զավակներին -«հեզ,հարմարվող,քրիստոնյա հայ տղա-գինը X դոլար -է՛ստի համեցեք»:
Բարեկիրթ Հայ աստվածներին զոհաբերեցինք օտար տգետներին: Պրիմիտիվ ու քոչվոր ցեղերը եկան ու մի քանի տարում գրավեցին Հայի հազարամյա հայրենիքը և ժառանգությունը: Հետո այնքան տեղահանումներ ու կոտորածներ եղան,որ արդեն հոգեպես վատանում ես բոլորի մասին նույնիսկ կարդալ անգամ:
Ու նորից, կրկին կաղալով, Հայը մի օր «Քրիստոսի հարությունն» է տոնում, իսկ մյուս օրը` ապրիլի 24-ի ու Դեր Զորի իր անպաշտպան, քրիստոնյա զոհերի հիշատակը: Աչքերդ փակիր հայ մանուկ:
Ու նորից, կրկին կաղալով, Հայը մի օր իր կորցրած եկեղեցին է հիշում, իսկ մյուս օրը, վերջին կոպեկը տալիս, ու օտար հողում էլի մի եկեղեցի կառուցում:
Խելացի ազգը օտարի հողում տուն ու շենք չի շինում:
Խելացի ազգը ուրիշի համար տուն ու շենք չի շինում:
Խելացի ազգը օտարին չի պաշտում:
Խելացի ազգը օտարի ու տգետի խոսքերին չի հավատում:
Խելացի ազգը օտարին ու տգետին չի զոհաբերվում:
Ահա այս դեպքում է անհետանում ներքին և արտաքին տգետը:
Պատմությունը տգետի բանաստեղծությունն է` գրված բարեկիրթի ձեռքով. զենքով տգետի թելադրած, սարքովի ինքնափառաբանումը:
Ուստի (կամ գոնե այս անգամ) ապրիլի 10-ը ապրիլի 9-ից շուտ պիտի գա, որպեսզի Հայի ճակատագիրը գրվի Հայի սրտում, այլ ոչ թե (էլի) ոտքերին:
Այլապես, 2 ոտքից կաղ մինչև ե՞ րբ պիտի ձգձգես, Հայ:
Վարազ Սյունի
Ամստերդամ
03.04.2013
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել