HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ենք այս քաղաքի տերը» դուրս է գալիս Երևանի քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովից

Երևանում հարյուրավոր հանրային տարածքներ են յուրացվում (այդ թվում նաև 2 ապօրինություն Օպերայում)

Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է դուրս գալ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից: Հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների համար: Այս պահին Երևանի սրտում՝ Օպերայի բակում, երկու ապօրինի շինարարություններ են ընթանում Ջազվե և Օրիենտո սրճարաններում: Ամիսներ առաջ նախաձեռնության ներկայացրած ապօրինի 40 կառուցապատումները Երևանի կարևոր հանրային հատվածներում չեն ստացել քաղաքապետարանի իրավական հիմնավորված պատասխան, իսկ 20 առաջարկները և բյուջետային միջոցների մասնրամասն ծախսերի մասին հարցումները մնացել են անարձագանք:

Այդ թվում մինչև օրս քաղաքապետարանը չի պարզաբանել թե Խանջյան 28 հասցեում փլուզված շենքը երբ է ապամոնտաժվելու, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ Օպերային կից այգու սոսիների արմատներին թափված բետոնն ու շարվող պատերը վկայում են, որ Մաշտոցի պուրակից դասեր չեն քաղվել:

Ելնելով այն փաստից, որ Փակ շուկայի, Օպերայի և նշված 40 և ավելի դեպքերում քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել կատարվող կառուցապատումների օրինականությունը և դեմ գնալ առանձին անհատների շահերին՝ անիմաստ ենք համարում մեր մասնակցությունը էկոլոգիական հանձնաժողովին:

Կից հրապարակում ենք նոր բարբարոսությունների լուսանկարներն ու նախկինում նշված դեպքերի մի մասը և անարձագանք մնացած առաջարկները:

Այս ամենը ենթադրում է քաղաքային իշխանության ուղղակի պատասխանատվություն և խոսում է այն մասին, որ քաղաքացիները ստիպված են լինելու ինքնուրույն պաշտպանել Երևան համայնքի տարածը քաղաքապետարանից և մասնավոր շահերից:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
4.04.2013

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության առաջարկները Երևանի քաղաքապետարանին

Ելնելով այն իրողություններից, որ.

- Երևանում հանրային զբոսայգիներն ու կանաչը կազմում են քաղաքաշինական նորմերով սահմանված չափի ընդամենը 20 տոկոսը, շարունակում են նվազել և քաղաքում այլևս բավարար թթվածին չի արտադրվում այդ կանաչ գոտիներում,

-Երևանում այլևս չկան բավարար ծառեր մեր թոքերի համար թթվածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարեն մեկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք): Եթե հաշվի առնենք նաև քաղաքի բնակլիմայական պայմանները, ըստ որի Երևանին բնորոշ է չոր մայրցամաքային կլիման և այն գտնվում է օշինդրային կիսաանապատի գոտում, առավել կարևորվում է կանաչ տարածքների անհրաժեշտությունը՝ քամիներից պաշպանելու, օդը խոնավացնելու, փոշուց և թունավոր նյութերից մաքրելու համար,

- Երևանը որպես մայրաքաղաք անցած 20 տարիների ընթացքում կորցրել է իր քաղաքային մշակույթի և ինքնության կարևոր տարրերը, քանի որ հանրային կանաչ տարածքները ստորադասվել են մասնավոր տնտեսվարողների շահերին, ապա դրանք համատարած կերպով օտարվել, անխնա ոչնչացվել` խեղաթյուրելով հանրային տարածքների նպատակային նշանակությունը,

- Երևանի և քաղաքի բնակիչների կենսական շահերից ելնելով` քաղաքի կանաչ և հանրային գոտիների օտարման հաշվին համայնքային բյուջեի համալրումը այլևս չի կարող շարունակվել և վտանգի տակ է դնում Երևանի կայուն զարգացումը:

- Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքի շեղումները և կանաչ տարածքների ապօրինի կառուցապատումները հասնում են ահռելի չափերի և անհրաժեշտ են վճռական քայլեր Երևանը գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխանեցնելու համար,

Առաջարկում ենք Երևանի քաղաքապետարանին կատարել հետևյալ հիմնական քայլերը.

1. Համատարած արգելք դնել Երևանի ամբողջ տարածքում գտնվող և համայնքին պատկանող բոլոր կանաչ գոտիների օտարումների վրա, ինչպես նաև այլևս աճուրդներ չանցկացնել այդ հողերն օտարելու համար, դրանց մի մասը հայտարարել արգելոցային գոտիներ,

2. 2013 թվականի Երևանի բյուջեում կրկնապատկել կանաչ տարածքների համար հատկացվող գումարը, բայց փոխել այդ միջողները ծախսելու փիլիսոփայությունը. դրանք ծախսել ոչ թե կարճաժամկետ գեղեցկացման, այլ երկարատև էկոլոգիական վերականգնման և ծառաշատ գոտիների տևական խնամքի վրա,

3. Ինչպես Մաշտոցի պուրակում, այնպես էլ Երևանի բոլոր մյուս հանրային այգիները ու պուրակները բարեկարգել համայնքային միջոցներով և բացառել դրանցում սրճարանների և հատկապես բետոնե կառույցների տեղադրումը,

4. Ցանկացած մեծ ու փոքր քաղաքաշինական որոշումից և հողահատկացումից առաջ քաղաքապետարանի կողմից ակտիվ իրազեկել տվյալ տարածքի բնակչությանը և կազմակերպել հանրային լսումներ տվյալ նախագծի շուրջ,

5. Հանրային զբոսայգիներում մասնավոր ընկերությունների հետ բարեկարգման և շահագործման պայմանագիր կնքել միայն այն դեպքում, եթե մասնավորը հանրության հետ կհամաձայնեցնի առաջարկվող նախագիծը և կպարտավորվի զբոսայգին շահագործել Երևանի համայնքի հետ պայմանագրով ամրագրված խիստ կանոնների համաձայն, որոնք կպահպանեն այգու նպատակային նշանակությունը,

6. Ծաղիկապատման գործողություններից անցում կատարել առավելապես Երևանի ծառաշատ այգիների և պուրակների խնամքի,

7. Էկոլոգիական հանձնաժողովին ներկայացնել «Կանաչապատում ՓԲԸ»-ի կողմից իրականացվող առանձին ծախսերի և Երևանի բյուջեից կատարվող ծախսերի մասին մանրամասն տեղեկատվությունը, և այն թափանցիկ ու հասանելի դարձնել բոլորի համար, քանի որ խոսքը գնում է հանրային միջոցների մասին,

8. Երևանի կենտրոնական և ծայրամասային զբոսայգիներն ազատել մասնավոր տնտեսվարողների կողմից կառուցված բետոնե կառույցներից, գտնել նոր լուծումներ, չերկարաձգել ավարտվող պայմանագրերը, խզել այն պայմանագրերը, որոնց դեպքում դա հնարավոր է,

9. Հնարավորինս հանրությանը ետ վերադարձնել նախկինում 90-ականներին և 2000-ականներին Գլխավոր հատակագծի խախտումներով կամ ապօրինաբար օտարված մեծամասշտաբ կանաչ տարածքները,

10. Առաջնահերթ դադարեցնել որևէ կառուցապատում և «Հայանտառի» հետ համագործակցությամբ վերականգնել հետևյալ տարածքները. Նորքի անտառից մնացած հատված, Մոնումենտի անտառից մնացած հատված, Ավանի հին և նոր հատվածների միջև գտնվող անտառածածկ գոտի, Դալմայի այգիները` մշակելով դրանց համար հատուկ պահպանման ծրագրեր,

11. Սահմանազատել Կենտրոնի և մյուս վարչական շրջանների միջև մնացած մեծ անտառածածկ հատվածները և դրանք հայտարարել անձեռնմխելի հանրային կանաչ գոտիներ,

12. Ստուգել և բացահայտել նախկինում ապօրինաբար սեփականաշնորհված հանրային կանաչ տարածքների, այգիների և պուրակների մասին որոշումների օրինականությունը և ապօրինության մասին հիմքերի առկայության դեպքում իրավական քայլեր ձեռնարկել դրանց իրավական կարգավիճակը հստակեցնելու համար,

13. Վերջ դնել այն արատավոր պրակտիկային, ըստ որի հանրային պուրակների որոշակի տոկոս կառուցապատման թույլտվությունից հետո նույն չափով կրկին կառուցապատվում է մնացած այգին, ինչի արդյունքում արդեն իսկ ոչնչացվել են Երևանի մեծածավալ հանրային այգիներ և պուրակներ,

14. Հանրային զբոսայգիները բարեկարգել համայնքային միջոցներով, իսկ մասնավոր ներդրողների կամ արդեն սեփականաշնորհված կամ վարձակալության տրված, բայց հանրության կողմից օգտագործվող կանաչ գոտիների համար սահմանել օգտագործման հատուկ կանոններ,

15. Ստեղծել Երևանի վարչական շրջանների կանաչ գոտիները և այգիները միացնող անընդհատական հետիոտն ճանապարհներ` հետիոտն և հեծանվային ընթացքի անխափան շարժման համար,

16. Մաշտոցի պուրակի օրինակով բարեկարգել նաև պողոտայի աջ կողմում գտնվող պուրակը, այն լիարժեք պահպանելով իր ամբողջ տարածքի սահմաններում, ինչը նախատեսված է Գլխավոր հատակագծում, նույնը կիրառել Երևանի մյուս հանրային զբոսայգիների անխնամ հատվածների նկատմամբ,

17. Երևանի գլխավոր ճարտարապետին զերծ պահել սեփական ստեղծագործական նախագծերի իրականացումից, այդ նպատակով պաշտոնի չարաշահումից ու շահերի բախումից, և գլխավոր ճարտարապետին վերապահել բացառապես հսկողությունը քաղաքաշինական օրենքների պահպանման նկատմամբ և օրենքով սահմանված մյուս գործառույթները,

18. Հրավիրել բոլոր ճարտարապետական գրասենյակներին կամավոր և սեփական նախաձեռնությամբ մրցույթներ իրականացնելու Երևանի տարբեր հանրային գոտիների համար յուրօրինակ նախագծումների համար և ապահովել ազատ և արդար մրցակցությունը ճարտարապետների համար, ինչպես նաև հանրության մասնակցությունը այդ քննարկումներին,

19. Բոլոր քաղաքաշինական որոշումներն ընդունելիս ղեկավարվել բացառապես Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքով և շտկել նախկինում թույլ տրված շեղումներն ու սխալ կառուցապատումները, դադարեցնել ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը,

20. Կատարել օրենսդրական փոփոխություններ մասնավորապես վարչական օրինախախտումների, քաղաքաշինական նորմերի և պետական մարմինների միջև լիազորությունների ավելի արդյունավետ բաժանման ոլորտում: Սահմանել առավել խիստ շինարարական նորմեր, ըստ որոնց շինարարության ժամանակ հատուկ պաշտպանություն կապահովվի շինհրապարակում գտնվող ծառերի և կանաչ տարածքի հանդեպ,

21. Առաջնորդվել Երևանում որպես մայրաքաղաք լայնարձակ զբոսայգիներ և մեծածավալ ծառածածկ վերականգնողական ու հանգստի գոտիներ ստեղծելու քաղաքականությամբ և Ալեքսանդր Թամանյանի «Քաղաք-այգի» հայեցակարգ-տեսլականով,

22. Քաղաքացու լիարժեք մասնակցությունը ապահովելու համար` հետևել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի դրույթների պահպանմանը,

23. Վերը նշված մոտեցումներն ու սկզբունքները ամրագրել Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter