HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի պաշտպանությունը սկսվում է Քարվաճառից

1993 թվականի մարտի 27-ին սկսվեց հայոց հինավուրց Քարվաճառի ազատագրումը։ Ազերի հրոսակները Քարվաճառը վերածել էին Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքները ասպատակելու ռազմական հենակետի։ Միմյանց հաջորդող լեռնաշղթաներով բնականից ամրացված այս շրջանը ազատագրելը դժվար գործ էր համարվում։ Սակայն մեր ազատամարտիկները կայծակնային արագությամբ հաղթահարեցին թշնամու դիմադրությունը և արդեն ապրիլի 5-ին հասան ռազմավարական կարևորության Օմարի լեռնանցք։

Բոլշևիկների ձեռքով Արցախը Հայաստանից բաժանելու և անբնական սահմաններով ԼՂԻՄ-ի վերածելու արդյունքում Քարվաճառը դարձել էր մահացու վտանգ ներկայացնող սեպ, որի ազատագրումը ռազմավարական անհրաժեշտություն էր։ Արցախի պատշպանության նախարարության պատրաստած Քարվաճառի ազատագրման մասին պատմող մի հաղորդման մեջ այսպես է հիմնավորվում այդ անհրաժեշտությունը.

1. Ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը՝ փակելով Գանձակ-Օմար-Քարվաճառ ռազմավարական նշանակության ճանապարհը և, այդպիսով, կանխելով Քարվաճառից ադրբեջանական հավելյալ ուժերի մուտքը Քաշաթաղ (նախկին Լաչին)։

2. Չեզոքացնել Մարտակերտի հյուսիսարևմտյան ուղղությամբ թշնամու հարձակումները։

3. Հրթիռահրետանակոծությունից վտանգազերծել ՀՀ-ի Վարդենիսի տարածքը։

4. Բացել Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ ցամաքային ճանապարհը։

5. Կրճատել հակառակորդի հետ ճակատի երկարությունը, որը կթույլատրեր կենտրոնացնել ուժերը Արցախի արևելյան ճակատում։

Սրան անհրաժեշտ է նաև ավելացնել, որ Քարվաճառի բարձր լեռները տրամադրում են հակառակորդի հանդեպ դիրքային զգալի առավելություն, որը կարևորագույն գործոն է զինվորների թվով և զինամթերքով գերազանցող թշնամու հանդեպ ռազմական հավասարակշռություն հաստատելու համար։ Նաև չմոռանանք, որ Քարվաճառը հանդիսանում է Արցախի ջրային պաշարների առնվազն 40%-ի սկզբնաղբյուրը և իր ընդերքում պահում է տնտեսական մեծ արժեք ունեցող հանքանյութեր։ Վերջապես, բոլոր ռազմավարական հիմնավորումներից զատ, Քարվաճառը մեր պատմական հայրենիքն է։ Այս բոլոր հիմնավորումները ինչպես ճշմարիտ էին 1993-ին, այնպես էլ շարունակում են ճշմարիտ մնալ այսօր, որովհետև ոչ տարածաշրջանի աշխարհագրությունն է փոխվել, ոչ էլ հակամարտող կողմերի ռազմավարական շահերը։ Մինչդեռ, այսօր գտնվում են հայ անհատներ, նույնիսկ «պայծառամիտ» քաղաքական գործիչների ու փորձագետների մի ամբողջ բանակ, ովքեր փորձում են արդարացնել մեր հերոսների արյունով ազատագրված Քարվաճառի հանձնումը արյունարբու թշնամուն։ Մեր սիրված հերոսներից Պետրոս Ղևոնդյանը (Պետո) զոհվեց Քարվաճառում ոչ թե հանուն քաղաքական առուծախի մի խաղաքարտի, այլ հանուն հայոց հայրենիքի մի մասնիկի։ Գագիկ Ստեփանյանը՝ Հեթանոս Գագոն, Օմարի լեռնանցքը պաշտպանելիս հրաժարվեց թողնել դիրքը, կռվեց մինչև վերջին փամփուշտը, իսկ վերջում իր

հետ պայթեցրեց իրեն մոտեցած թշնամի զինվորներին ոչ թե պաշտպանելու ոմն «բուֆերային գոտի», այլ անառիկ պահելու Քարվաճառը՝ հայոց միջնաբերդը։

Իսկ նորաբնակ քարվաճառցիները պարտվողական տրամադրություններով տառապողներին իրենց խոսքն արդեն ասել են՝ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրելով այս վահանակը. «ՔԱՐՎԱՃԱՌԸ ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴ Է»։ Հայոց միջնաբերդի դերը Քարվաճառը կատարել է նաև անցյալում, երբ արշավանքների ենթարկված Հայաստանի մյուս գավառներից հայ բնակչությունը գաղթել և պատսպարվել է հին Քարվաճառի հայոց իշխանների տիրույթում։

Այսօր էլ, ազատագրումից 20 տարի անց, այս հայոց պատմական գավառը վերահայացել է։ Վերաբնակեցման տարերային գործընթացի արդյունքում շրջանի բնակչությունը հասել է գրեթե 3000-ի։ Իհարկե, խորհրդային տարիներին տասնյակ հազարավոր բնակչություն ունեցող շրջանի համար 3000-ը չնչին թիվ է, ինչը փաստարկ է վերաբնակեցման լայնածավալ համահայկական ծրագրի անհրաժեշտության օգտին։ Սակայն 3000 քարվաճառցիները մե՛ր 300 սպարտացիներն են, որոնք, չսպասելով համահայկական մոբիլիզացիայի, գնացել են շարունակելու մեր հերոսների գործը՝ վերահայացնելու և պահպանելու նրանց ազատագրած Քարվաճառը։

Մեր պայքարը դեռ չի ավարտվել, այլ փոխվել են միջոցները։ Պարտվելով իր իսկ սանձազերծած պատերազմում՝ թշնամին պայքարը տեղափոխել է տնտեսության, դիվանագիտության ու քարոզչության ոլորտներ։ Պայքարի այս քողարկված, բայց մշտապես ընթացող փուլում վերաբնակ քարվաճառցին անտրտունջ ընդունել է խրամատում մարտնչող առաջամարտիկի իր դերը։ Որպեսզի մեր 3000-ը չարժանանան հույների 300-ի ճակատագրին, ամեն հայ պետք է գիտակցի իր անփոխարինելի դերակատարումը և սատար կանգնի մեր վերաբնակներին։ Խոսքը նյութական աջակցության մասին չէ, որը ինչքան կարևոր է, նույնքան էլ՝ ակնհայտ։ Խոսքը քարոզչության մասին է, հատկապես՝ ներքին քարոզչության։

Մեր պետության վարած թույլ, հաճախ հակասական քարոզչության պայմաններում անփոխարինելի են դառնում հասարակական նախաձեռնությունները։ Ի երջանկություն բոլոր հայրենասերների, հասարակական հետևողական աշխատանքի շնորհիվ հանրային գործածումից վերջապես դուրս մղվեց բռնազավթված (օկուպացված) եզրը, նույնիսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա գործածության պայմաններում։ Ուրախալի է, որ Քարվաճառի «գովազդման» բացը նույնպես լրացվել է հասարակական-կամավոր հիմունքներով։

Քարվաճառի, ՀՀ-ի և Սփյուռքի անհատների կամավոր համագործակցության արդյունքում շրջանի մասին տարածվում է տեղեկություն հոդվածների, ֆիլմերի, հաղորդումների տեսքով, կազմակերպվում են այցելություններ, ճամբարներ, գրքահավաքներ։ Սակայն պայքարը շարունակվում է, և մենք շատ անելիք ունենք, քանի դեռ գեթ մեկ հայ չի ճանաչում իր երկրի ճիշտ քարտեզը, ընդունում է հայրենի հողը թշնամուն հանձնելու անխուսափելիության և հայանպաստ լինելու կեղծ թեզերը, և քանի դեռ հայը չի գիտակցում այս պարզ աքսիոմը. եթե Սպարտայի պաշտպանությունը սկսվում էր Թերմոպիլյան կիրճից, ապա Երևանի պաշտպանությունը սկսվում է Օմարի լեռնանցքից։

Ստեփան Սարգսյան
«Հայրենասեր» կազմակերպություն

Մեկնաբանություններ (5)

Cristina
Aram, yes, Base Metals mining company is partly financing the road construction, because it starts near to one of its working points - Drmbon, in the region of Martakert...
Շնորհակալություն
Շատ ապրի հոդվածագիրը: Մեկ-մեկ էլ հարկավոր են ոգեւորիչ, լավատեսական տրամադրություններ!
aram
If you want to fully appreciate the author's words take the spectacular, and yes , torturous road from Stepanakert to Vardenis that a mining company is(?) financing. Also, if you are heading to Martakert from Stepanakerd take the alternative and most spectacular scenic route (with a 4 wheel drive, please)and return by Aghdam, Askeran etc to Stepanakert. Bon voyage.
Aram
HETQ, by the way where is this monastery?
Hetq
It's Dadivank, just northeast of the town of Karvatchar (Artsakh)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter