HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ֆեյսբուքյան բանաստեղծը՝ մրցանակակիր

«Գրիր» գրական մրցույթի կազմակերպիչները, նկատելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Արա Ալոյանի բանաստեղծությունները, նրան առաջարկել են մասնակցել մրցույթի:

Արդյունքում մրցատյանին (ժյուրիին) ներկայացված գործերից ամենաշատ միավորներն ստացել է նրա «Մորեմերկացար, մարմինդ՝ սափոր...» բանաստեղծությունը՝ զբաղեցնելով 1-ին մրցանակային տեղը: Արա Ալոյանին տրվել են անվանական հուշանվեր և պատվոգիր:

Նախկինում այլ մրցանակների էլ է արժանացել՝ տարվա լավագույն պատանի պոետ, լավագույն ուսանող բանաստեղծ, Ռուբեն Սևակի անվան գրական ամենամյա մրցանակ, «Բազե-Պոետ» առաջին մրցանակ: Տպագրել է «Լույս դառնալուց առաջ» գիրքը:

* * *
Ուշաթափվեցիր երակներիս մեջ,
Որպես արյունի խոստովանություն,
Սեր էի խառնել ես քո գինու մեջ,
Դու քո սիրո մեջ գինի, տխրություն:

Ուշաթափվեցիր բառերիս նման,
Բառը ճաք տվեց...շուրթերիդ տաքից,
Ուզում ես գոռա, ուզում ես՝ նվա,
Ես չեմ վախենում էլ...հրեշտակից...

Ուշաթափվեցիր իմ ներսում երեկ,
Բաց արա, խելառ, քո սիրտը կողպված,
Բա՜ց արա...գնամ վիրակապ բերեմ-
Ջրի հետ հոսեց երակդ կտրած...

* * *
Ճերմակել ես քաղաք ու ծերացել,
Եվ քո ձյունն էլ արդեն...ներս չի քանդում,
Երբ մրսում է վաղուց քո սիրածը-
Դառնահամ է հոգում, լեզվին, անդու՜ր...

Անդոզա ես քաղաք ու անմարսուն,
Քեզ մի կողմ եմ հրում, քեզ չեմ...հարբի,
Չեմ նշմարում արդեն ոչ մի ասուպ,
Ա՜խ, ես կույր եմ, գուցե ու անհարկի:

Ճերմակել ես քաղաք, գույնդ գցել՝
Հանց առաջին գիշեր տեսած կույսի,
Իմ քայլելու համար պետք չեն գծեր,
Գիծը ուղի՜ղ...մահ-կայարան կուզի...

* * *
Երանի երեկը չլիներ, երանի՜,
Թե հիվանդ էր լինելու այսօրը,
Թե դառն էր լինելու համը մեր բերանի,
Եվ վաղը՝ այդքան անզոր էր:

Երանի այսօրը չլիներ, ախ, երնե՜կ,
Չլիներ ձյունառատ անգույն օրն այս,
Թող լիներ անցյալում, բայց երեկ,
Մարմնիս մասերը օրհնած:

Երանի վաղը չլիներ, երանի՜...
Ես արդեն երգեր եմ հոտոտում,
Որպես ճաշ, շրթունքներ, գերային,
Անժամկետ ժամանակ ես, օ՜, Դու...

* * *
Ինձ կհիշեք վերջին բաժակը կոնծելիս,
Եվ այնժամ, երբ հանգցնում եք սիգարետը...
վերջին, վերջին պահին, շատ խոցելի,
վերջին, վերջին անգամ, երբ չեմ լինի առհավետ ես..
Ինձ կհիշեք ցանկության պես վերջին,
Նաև հույսի նման, որ վերջինն է մեռնում,
Եվ կհիշեք թեթև, անցավ ու անգերճիգ,
Որպես քնաբեր հաբ, որ հալչում է բերնում...

* * *
Ա՜խ, սիրեցիր իմ անունը,
Լոկ անունս դու սիրեցիր,
Զի ամեն ինչ հիմա նույնն է,
Դրախտ չկա ու ցավն է ցի՜ր...
Դու սիրեցիր իմ համբույրը,
Ոչ թե շուրթս՝ քո շուրթերին,
Անցողիկ է հրապույրն էլ,
Թե հույզ չէ հոգու շերտերի:
Դու սիրեցիր մարմինն արու,
Եվ ոչ հոգիս ու սիրտս մեծ,
Բայց չի լինում հավերժ գարուն,
Թե մարմինը միայն ծաղկեց...
Դու սիրեցիր իմ սերը լոկ,
Եվ սիրուս մեջ...քեզ...միայն քեզ...
Չհոգնեցի՞ր քեզ դերելով,
Իմ լիր սիրո առանձին կես...

Չսիրող ձեռքը
կարող է հասնել կրծքավանդակին, բայց ոչ...սրտին,
չսիրող սիրտը կարող է հասնել ձեռքին,
բայց ոչ...փշաքաղությանը...
Չսիրող ձեռքը չի կարող գրել այս մասին...

* * *
Թող սերը դանդաղ քո սիրտը լցվի,
առաջի՜ն, հալչո՜ղ ձյունհալոցքի պես
ինչ լացելու է՝ թող խաղաղ լացվի-
արցունքին անգամ լացել չստիպես:

Թող սերը դանդաղ մեռնի...մարմնում
ու թող էն աշխարհ...դեպի...սիրտ գնա,
Դրա համար է մոմը մարմրում,
Որ չկուրացնի աչքերդ քնա՜ծ:

Թող սերը դանդաղ բնակվի քո մեջ՝
Հանց տանից քշված անառակ որդի,
Դու մի բռնացիր, լսիր մինչև վերջ,
Բաց թող էդ հիվանդ սիրո կոկորդից...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter