HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճարտարապետ. «Կառավարությունն իրեն զոհաբերում է ոչ թե հանուն Սամվել Ալեքսանյանի, այլ հանուն փողի»

Երևանի քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովը օրեր առաջ դիմում էր ներկայացրել Տարոն Մարգարյանին՝ Երևանի կենտրոնական ծածկած շուկայի ճակատագրի հանգուցալուծման վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ որևէ ակնկալիք այսօրվա քաղաքային իշխանությունից և այլ մարմնից չունի, քանի որ «բոլորը գտնվում են շուկայի սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի ոտքի տակ»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, գնելով Մաշտոցի պողոտայում գտնվող ծածկած շուկան, շինարարություն է սկսել և դրանով վնաս է հասցնում պատմամշակութային արժեք հանդիսացող շուկայի շենքին:

Սաշուր Քալաշյանն ասաց, որ նույն խնդրով դիմել են նաև գլխավոր դատախազություն և պատասխան են ստացել, որ սեփականատիրոջ գործողություններում հանցակազմ չկա:

«Եթե դատախազությունը հուշարձանների ոչնչացման գործում հանցակազմ չի տեսնում, էլ չգիտեմ, թե որ ատյանին դիմեմ: Այսօր խորհուրդ տվեցին, որ վերջին ատյանը համարենք Սահմանադրական դատարանը և այնտեղ ուղղենք մեր բողոքը: Կփորձենք այդտեղ էլ դիմել, բայց եթե դատախազությունը հանցակազմ չի գտնում, այդ դեպքում ո՞վ է մեր պաշտպանը»,- ասում է ճարտարապետը:

Սաշուր Քալաշյանի ասելով՝ այստեղ օրենքը պետք է պետությունը պահպաներ, բայց հիմա իրենք են խնդրում պետությանը, որ օրենքը պահպանվի:

«Այդպիսի բան ոչ մի երկրում չկա, որ ժողովուրդը կառավարությանը խնդրի օրենքները պաշտպանել: Հակառակը լինում է, որ կառավարությունն է խնդրում և պահանջում ժողովրդից օրենքները պաշտպանել: Եթե նա օրենքը չի պահում, ումի՞ց պաշտպանություն ակնկալենք»,- ավելացրեց ճարտարապետը:

Սաշուր Քալաշյանի կարծիքով՝ կառավարությունը, նաև իր հեղինակությունը վնասելու գնով, իրեն զոհաբերում է ոչ թե հանուն Սամվել Ալեքսանյանի, այլ հանուն ֆինանսական օգուտի:

«Կառավարությունն իրեն զոհաբերում է հավանաբար այն հատուցումների համար, որ Սամվել Ալեքսանյանը և իր նմանները ծառայություններ են մատուցում վերադաս ղեկավարներին: Ես այդպես եմ ենթադրում, փաստեր չունեմ, բայց ուրիշ հիմք չեմ տեսնում, քանի որ նրանք ոչ իրենց գիտելիքներով, ոչ իրենց հակումներով, ազգասիրությամբ, ոչ մի չափորոշիչներով որևէ հավատ կամ համակրանք չեն առաջացնում ոչ մեկիս մոտ»,- ասում է ճարտարապետը:

Նա վերջին տարբերակ էլ է տեսնում. հայտարարեն, որ կառավարությունը օրինապաշտ չէ, և իրենք, օրինականության պաշտպանությունը վերցնելով իրենց վրա, լոմ ու քլունգը ձեռքներին, մի 1000 հոգով գնան շուկայի տարածք և քանդուքարափ անեն այն, ինչ կատարվել է:

«Ես ուրիշ ձև չեմ տեսնում, բայց թողնենք ու թույլատրենք, գտնում եմ, որ չի կարելի: Եթե կառավարությունը միջամտի, թող մեզ դատի, որ մենք մեկ տարի շարունակ բոլոր ատյաններին դիմել ենք, ու մատը մատին չեն խփել: Հիմա մե՞նք ենք մեղավոր, որ կառավարության ֆունկցիան վերցրել ենք մեզ վրա»,- նշեց Սաշուր Քալաշյանը:

Լուսանկարը՝ Սաշուր Քալաշյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter