HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Ատկատների» գործով մեղադրյալ պաշտոնյան դեռ կալանքի տակ է

«Մեղադրանքը մի մարդու է առաջադրվել, ով ընդհանրապես կապ չունի: Գործով էլի մի քանի հոգի են մեղադրվում: Աբսուրդն այն է, որ իրական մեղավորները դրսում են, էս անմեղը, քանի որ մեջներից երևացող ֆիգուրն է՝ չինովնիկ է, կալանավորված է»,- ասուլիսի ժամանակ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը այսպիսի մեկնաբանություն տվեց՝ Ազգային գրադարանի հիմնանորոգման ընթացքում կատարված ատկատների գործի վերաբերյալ:

Հիշեցնենք, 2012 թ. սեպտեմբերին պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու դեպքերի առթիվ ձերբակալվել էր Սիրունյանի պաշտպանյալը՝ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը: Քրեական գործի քննությունը հանձնարարվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, քննիչ Կամո Սահակյանի քննությամբ:

Փաստաբան Սիրունյանի խոսքով՝ իր պաշտպանյալին անհիմն են այսքան ժամանակ կալանքի տակ պահում, քանի որ ապացույցներ չկան գործում, և այդ պատճառով էլ այն դեռ քննչականում է, դատարան չի գնացել: Ըստ նրա՝ գուցե այդպես են անում, որ Քամալյանը, հոգնելով այդ ձգձգումներից, համաձայնի պայմանական ազատազրկմանը և դուրս գա փաստացի կալանքից:

Սիրունյանի դիտարկմամբ՝ Քամալյանը վատագույն դեպքում կարող էր մեղադրվել անփութության մեջ, բայց ոչ պաշտոնեական դիրքի չարաշահման, քանի որ այդ հոդվածը ենթադրում է դիտավորության ու անձնական շահի առկայություն, որը իր պաշտպանյալը չուներ և չէր կարող ունենալ: Փաստաբանը հայտնեց, որ իրենք դեռ սպասելու են այս գործի վերջին, քանի որ ավելի երկար չեն կարող Քամալյանին պահել կալանքի տակ՝ առանց գործը դատարան տեղափոխելու: Քամալյանի կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով:

Սիրունյանն այս գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Նրա կարծիքով, հնարավոր է՝ դեպքերն այսպիսի զարգացում ստացան այն պատճառով, որ մեղադրյալներից մեկը, ով կարող էր և իրական մեղավորը լինել, մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter