HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը, հիմք ընդունելով իր նախկին որոշումներից մեկով հավանության արժանացած ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությունը, հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին, որով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները։

Դրանցից են ճկունության հնարավորության ընձեռումը, աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակումը, մասնագիտական կողմնորոշման՝ որպես առանձին ծրագրի ամբողջացումը և հստակեցումը, նոր ծրագրերի փորձարկումը և այլն։

Տիգրան Սարգսյանը նախարարին հանձնարարել է օրենքի հայեցակարգը համապարփակ ձևով ներկայացնել հանրությանը։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է, և մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում, որ չկա աշխատատեղ, չկա աշխատանք։ Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել և երկրորդ՝ պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար։ Եթե մարդը լսում է, որ ինչ-որ մի մասնագիտության, օրինակ՝ խառատի թափուր տեղ կա, ինքն ասում է՝ ցավոք սրտի, ես խառատ չեմ, բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, և դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել և այդ աշխատատեղն ստանձնել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Նա անհրաժեշտ է համարել, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հեռուստատեսությամբ այդ տեղեկությունը պարբերաբար ներկայացնի հանրությանը, ինչը, մյուս կողմից, կառաջացնի մասնավոր հատվածի հետաքրքրությունը՝ նախարարության հետ համագործակցելու. մասնավորն էլ կդիմի նախարարություն և թափուր աշխատատեղերի մասին տեղեկություն կտա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter