Վարչապետը խնդիրներ է կանխատեսում, եթե հիմա սկսվի գյուղմթերքների մթերումը
2011-2012 թթ. տնտեսվարողներին տրամադրվել է 32.2 մլրդ դրամի մատչելի վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքի համար՝ 6 տոկոսը։
2012 թ. սեպտեմբերին կառավարությունը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգել էր տոկոսադրույքի սուբսիդավորմամբ նոր վարկերի տրամադրման ժամկետը։ Այսօր կառավարության որոշմամբ սահմանվել է նոր ժամկետ՝ ս.թ. մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Որոշումն ուղղված է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացներին։
Դիմելով գյուղատնտեսության նախարարին՝ վարչապետն առաջարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ առաջիկայում խրհրդակցություն հրավիրել՝ քննարկելու գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրը։ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի բերքի իրացման խնդիր եղել է։
«Հիմա, երբ սկսվի մթերման շրջանը, մենք էլի խնդիրների առջև ենք կանգնելու, քանի որ գյուղացու ակտիվները, սեփական կապիտալը բավարար չեն, որ վարկային միջոցներ նրանց տրամադրվեն՝ գնումներ իրականացնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքը՝ հասկանալով, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին, և մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու, օգնելու գյուղատնտեսությանը՝ ապրանքի իրացման հարցում։ Ի մի բերեք բոլոր խնդիրները, էկոնոմիկայի նախարարության հետ քննարկեք, թե ինչ նոր մեխանիզմներ կարող ենք առաջարկել»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Մասնավորապես, ՀՀ կառավարությունն ուղղակի կապեր ունի Ռուսաստանի տարբեր մարզերի հետ և ամեն տարի թարմացնում է դրանց հետ իր պայմանագրային հարաբերությունները: Ռուսները ՀՀ կառավարությունից հետաքրքրվում են, թե ինչ գյուղապրանքներ կարող է իրենց առաջարկել։
«Դա պետք է հենց այժմվանից սկսել՝ տեսնել, իրենք շահագրգռվածություն ունե՞ն արդյոք, տեղափոխման ծախսերն ինչպիսի՞ն են»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել