
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանը լինելու է ապրիլից նախագահ»
Այսօր «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Վանաձորի «Արցախ պուրակի» ոչ բազմամարդ հավաքում վանաձորցիներին հրավիրեց Ազատության հրապարակ՝ ապրիլի 9-ին մասնակցելու երդման արարողության:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ օրը Ազատության հրապարակ հրավիրեց նաև նախագահ Սերժ Սարգսյանին՝ մատնանշելով նրա հայրանունը՝ Սերժ Ազատի, ինչը, ըստ նրա, պարտավորեցնում է նախագահին երդվել հանուն ազատ Հայաստանի:
Րաֆֆի Հովհաննիսյանը հետևյալ խոսքերն ասաց վանաձորցիներին. «5 օր այս պահից մեր հաղթական հրապարակից ունենալու ենք նոր Հայաստան, նոր Հայաստանի հռչակում: Կիրովականցիներ, հայաստանցիներ, փետրվար 18-ին մինչև ապրիլի 9 Արցախ պուրակից մինչև շուկա և «Օրրան» և մարզպետարան թե քաղաքապետարան, Վանաձորը տվել է մեր երկրի հաղթանակը: Շնորհավորում եմ, խոնարհվում եմ ...
Պարոն մարզպետ Նալբանդյան, ով 2 ամիս առաջ Վանաձորից արձակուրդ վերցրած գնացել է Ալավերդի քաղաքապետարանի «չորնի վխոդի» մոտ, լավ է, որ արձակուրդ է վերցրել, բայց Ալավերդիում «լևի» մուտքով նա գյուղապետեր է ընդունում կուսակցականներից հրահանգ կատարելու համար, ժողովրդին դեմը գործելու համար, Նժդեհի կենացի դիմաց, Նժդեհին ծաղրելու համար:
Մնայիք Վանաձոր, ժողովրդի հոգսերը, խնդիրները, աշխատավարձը, կենսաթոշակը, աշխատանքը լուծելու փոխարեն գնացել եք Ալավերդի նստել եք «չորնի վխոդի» մոտ, գյուղապետ եք ընդունում, որ ինչ, համար խփե՞ք:
Դարբինյան՝ քաղաքապետ, եկաք Արմենուհու, Մարիամի մեր «Օրրանի» շենքի առջև Նալբանդյանի հետ, տանտիրոջ նման կանգնեցիք, հետո ասեցիք, որ ժողովուրդը անգիտակից է, և հլա մի հատ ներողություն չկա ձեզնից: Նալբանդյան և Դարբինյան, գաք «Օրրանի» նույն այդ սանդուղքների վրա կկանգնեք, Արմենուհու ձեռքը կհամբուրեք Մարիամի հետ մեկտեղ և ներողություն կխնդրեք մեր ժողովրդի առաջ:
...Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանը լինելու է ապրիլից նախագահ: Ով կեղծեց երդումը Սահմանադրության վրա, Սուրբ գրքի վրա, Աստվածամոր ավետարանի վրա իր ձեռքը դրեց և օրհնեց: Մեղավորը ես եմ, սուրբը դուք եք եղել Սերժ Սարգսյան կամ Վեհափառ, մեղավորը ես եմ: Բայց եթե դուք դրեցիք ձեր ձեռքը մեր Սահմանադրության, մեր ժողովրդի օրենքի, իրավունքի, մեր Սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ դուք գնալու եք դժոխք, ինձ հետ մեկտեղ:
Իսկ մեր ժողովրդի համար փետրվար 18-ին իր վստահության քվեով հայ ժողովրդի համար պետք չէ ոչ դժոխք, ոչ դիակ, այլ արև և բարև, և Վանաձոր, և միասնության, խաղաղության հավաք, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարկում երդում է տալու ոչ թե Րաֆֆու համար, ոչ էլ Սերժի դեմ, այլ Հայաստանի Հանրապետության, մեր սուրբ հայրենիքի, մեր հողի, ջրի, մեր երախաների, մեր կիսված ընտանիքների վերադարձի, պետություն չտեսած մեր պապերի:
Ապրիլի 9-ին՝ ժամը 11-ից մինչև 12-ը, ուզում եք հավաքվել համալիրում, ոնց ուզեք արեք, եկեք ավելի լավ է Ազատության հրապարակ, ազգային միասնություն ստեղծեք, միացեք ժողովրդին, վերջին հնարավորությունն է, եկեք միասին երդվենք հանուն ազատ, անկախ, ինքնիշխան սահմանադրական, երջանիկ, մեր երեխաների Հայաստանի համար»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել